Քըրքորյանը կապ ունի՞, թե՞ չունի

26/02/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ նախագահին կից Հանրային խորհուրդը (ՀԽ) փետրվարի 24-ին «Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում» (կամ «Սիս, Մասիս, Նոր Հայաստան») ծրագրի մասին հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշում էր, թե Քըրք Քըրքորյանը համաձայնել է ստանձնել «Սիս, Մասիս, Նոր Հայաստան»-ի կառուցումը:

Այս լուրը հատկապես հետաքրքիր էր այն բանից հետո, երբ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը ՀՀ-ում դադարեցնում է գործունեությունը եւ շուրջ 200 միլիոն դոլար գնահատվող իր բոլոր ակտիվները եւ ընթացքի մեջ գտնվող բարեգործական ծրագրերը փոխանցելու է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին (UCLA):

Ինչեւէ, նույն օրը հետեւեց ՀԽ-ի 2-րդ՝ «Ուղղում» վերնագրով ծանուցագիրը, իսկ հաջորդ օրը ՀԽ-ն տարածեց նույն տեղեկատվության, այսպես ասած՝ «օրիգինալ» տարբերակը: Դժվար է գլուխ հանել, թե ՀԽ-ի այս 3 հաղորդագրությունների այսքան փոփոխություններն ինչի՞ հետեւանք են: Ինչեւէ, նյութը «Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում» ծրագիրն է: Փետրվարի 24-ի նիստում ՀԽ-ի փոքր խորհրդի անդամները համաձայնության են եկել՝ նշյալ ծրագրի շուրջ հանրային լսումների անցկացման շուրջ, որին, ի դեպ, հրավիրվելու են ՀՀ Էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարներն ու մի շարք միջին ու խոշոր գործարարներ: «400 միլիոն ներդրում պահանջող այս ծրագրով նախատեսված է Հայաստանում լճափնյա հանգստավայրեր կազմակերպել՝ Եղվարդի ջրամբարից մինչեւ խաղատուն, զվարճանքի եւ հանգստի, մարզական այլ շինություններ կառուցել: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ծանուցեց, որ ներդրումների համար՝ ոչ, բայց կառավարման համար իր համաձայնությունն է տվել Քըրք Քըրքորյանը (MGM Mirage ընկերություն),- ասվում է ՀԽ-ի 1-ին հաղորդագրության մեջ: Հետո պարզվում է` Վազգեն Մանուկյանը շփոթվել էր, կամ, թերեւս, մի քիչ շտապել էր: «Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում» ծրագրի հեղինակ Արմեն Վարդանյանի փոխանցմամբ՝ ծրագրի համար ներդրողները դեռեւս հայտնի չեն: Ա. Վարդանյանը միանշանակ հերքեց ՀԽ տարածած լուրը, թե ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը ստանձնելու է ծրագրի կառավարումը, կամ դրա հովանավորչությունը: Ըստ Ա. Վարդանյանի՝ Ք. Քըրքորյանը որեւէ առնչություն չունի այս ծրագրի հետ: «Դա ամբողջությամբ սուտ է: Մենք Քըրքորյանին ոչ տեսել ենք, ոչ ճանաչում ենք, ոչ էլ դիմել ենք: Մենք դիմել ենք «MMG Mirage» ընկերությանը, որի սեփականատերերից մեկն է Քըրք Քըրքորյանը»,- ասաց ամերիկահայ գործարար Արմեն Վարդանյանը, որի գործունեությունն ԱՄՆ֊ում հիմնականում անշարժ գույքի ոլորտում է: Վերջինիս փոխանցմամբ՝ ծրագրի կառավարումը ստանձնելու համար իրենք դիմել էին այդ ընկերությանը, որն այդ ժամանակ ֆինանսապես ծանր վիճակում էր գտնվում: Ընկերությունը ծրագրերի կառավարման համար մի բաժանմունք էր հիմնել՝ հավելյալ եկամուտ ստանալու նպատակով: «Մենք իրենց դիմեցինք ավելի շատ իրենց օգնելու համար, որովհետեւ ամեն մի պայմանագիր, որ իրենք ստորագրում են դրսում՝ 10-20 միլիոն եկամուտ է գնում իրենց, դա նաեւ իրենց արժեթղթերի գինը մի քանի ցենտով թանկացնում է: Իսկ դա նրանց համար հսկայական օգուտ է: Մենք ավելի շատ օգնության ձեռք էինք մեկնել, քան օգնություն էինք հայցել: Բացի դրանից, այդ ասպարեզում աշխարհում իրենք ամենամեծն ու հեղինակավորն են, եւ նաեւ այն հանգամանքը, որ Քըրք Քըրքորյանն այդ ընկերությունում մեծ բաժնեմաս ունի` հայերի մեջ մեծ ոգեւորություն կառաջացներ»,- նշեց Ա. Վարդանյանը: Ծրագրով նախատեսվում է Արա լեռան ստորոտին զբոսաշրջային խոշոր հանգստավայրերի կառուցում, ինչպես նաեւ նախատեսվում է դեռեւս Խորհրդային Միության ժամանակներից Եղվարդի ջրամբարի ընդհատված շինարարության ավարտ, դրա ափամերձ գոտում՝ 3-4 աստղանի 4 հյուրանոցների կառուցում, որոնցից «Սիս» հյուրանոցը՝ երեխաների, «Մասիսը»՝ տարեցների, «Նոր Հայաստանը»՝ երիտասարդների, իսկ 4-րդ հյուրանոցը նախատեսված կլինի բոլորի համար: Նախատեսվում է հյուրանոցներում մարզական եւ զվարճանքի այլ կենտրոններ հիմնել, հայոց պատմության թանգարան եւ այլն: Հանգստավայրը նախատեսվում է կառուցել 35 հա մասնավոր հողատարածքի վրա: Կառուցվելիք խաղատները, ըստ հեղինակի, փոխելու են Հայաստանում խաղատնային ավանդույթը. ոչ թե ազարտի, այլ սոցիալական ուղղվածություն կունենան, երբ, «օրինակ, ծեր մարդիկ, շատ փոքր գումարներով հնարավորություն կունենան այնտեղ խաղալ, շփվել իրար հետ, ինչպես Լաս Վեգասում է»,- գրված է ՀԽ հաղորդագրության մեջ:

Ընդ որում՝ Ա. Վարդանյանի հավաստմամբ՝ շինարարության համար որեւէ ծառ չի կտրվելու, քանի որ տարածքն ամբողջությամբ լերկ է, իսկ Եղվարդի ջրամբարի կառուցմամբ՝ տեղումներից կուտակվող ջրերն Արարատյան դաշտով չեն հոսի ուղիղ Նախիջեւանի ջրամբար, այլ հնարավոր կլինի կուտակել եւ գյուղատնտեսական նպատակներով օգտագործել: Ջրամբարի շինարարության համար անհրաժեշտ է մոտ 60 միլիոն դոլար: «Մենք բազմաթիվ ներդրողների ենք դիմել, որոնց անուններն այս պահին չեմ ուզում նշել: Մենք պետք է հասնենք այն բանին, որ 50 ներդրող դեռեւս առանց փող ծախսելու նախեւառաջ ցանկություն հայտնեն հանդիպելու, եւ այդ ժամանակ կներկայացնենք ծրագրի կանոնադրությունը, աշխատակարգը: Բոլորի համաձայնության դեպքում միայն կներդրվեն գումարները»,- մեզ հետ զրույցում ասաց ծրագրի ղեկավար Ա. Վարդանյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը համահայկական հնչեղություն պետք է ունենա: Վերջինիս տվյալներով՝ ծրագրի իրականացման դեպքում 1000-2000 նոր աշխատատեղ կբացվի, ՀՀ-ում ՀՆԱ-ն կավելանա 100 միլիոն դոլարով, կզարգանա նաեւ զբոսաշրջությունը: Հարցին, թե Հայաստանի սոցիալական այսչափ վատ վիճակը տեսնելով՝ միգուցե հերթական հանգստավայրի փոխարեն գործարա՞ն բացեին, Ա. Վարդանյանը պատասխանեց. «Շատ լավ հարց է: Ցանկացած գործում, երբ ներդրում է կատարվում, պետք է հասկանաս այդ գործի հաջողության տոկոսային հնարավորությունը: Եթե մենք խոսում ենք գործարանի մասին, ապա պետք է հասկանանք, թե ի՞նչ ենք արտադրելու: Եթե խոսում ենք արդյունաբերության մասին, ապա պետք է հիշենք, որ մրցակցության մեջ ենք Չինաստանի եւ Թայվանի պես հզոր երկրների հետ: Իհարկե, դա չի նշանակում, թե ես ասում եմ՝ գործարաններ չբացենք: Զբոսաշրջությունն ի՞նչ է՝ երբ չես արտադրում, բայց փող է ներմուծվում երկիր»:

Հանգստավայրի բացումը նախատեսում են 2015թ.: