Թատերական ներկայացում՝ աշխատանքի շուկայում

29/10/2005 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Գյուտ արած չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը գործազրկությունն է։ Այն ունի թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական եւ թե՛ հոգեբանական բացասական հետեւանքներ։ Իմ նպատակը դրանց պարզաբանումը չէ, այլ ուրիշ, սակայն, միեւնույն ժամանակ, գործազրկության հետ սերտորեն կապված մի խնդիր։ Շատ մարդիկ աշխատանք գտնելու համար ստիպված են կառչել ամեն մի հնարավորությունից, եւ որոշ մարդիկ, կամ, այսպես կոչված, «ընկերություններ», դրանից փորձում են օգուտ քաղել։

Խայծը

Եվ այսպես, գործազուրկը սկսում է աշխատանք փնտրել, իսկ դրա ձեւերից մեկը թերթերում տպագրվող հայտարարություններին հետեւելն է։ Կարդում ենք, օրինակ, «Գինդ»։ Չափից դուրս շատ կրկնվելու պատճառով, մեր ուշադրությունը գրավում է առաջին հայացքից շատ հարմար եւ ձեռնտու հայտարարություն՝ մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ. «Ընկերությունը (որոշ դեպքերում նշվում է «արտասահմանյան» կամ «միջազգային».- Բ. Թ.) հրավիրում է աշխատանքի (կամ համագործակցության.- Բ. Թ.) բանիմաց, խելացի մարդկանց (որոշ դեպքերում կարող եք հանդիպել ներկայացվող այնպիսի պահանջների, ինչպես օրինակ՝ կիրթ, աչալուրջ, առաջադեմ, գրագետ, գիտակից եւ այլն.- Բ. Թ.)»։ Իրեն հարգող յուրաքանչյուր մարդու կարծիքով, ինքն ունի նշված բոլոր հատկությունները, այնպես որ, պահանջներին համապատասխանում է։ Կան նաեւ մի երկու ոչ կարեւոր պահանջներ. «Ռուսերենի իմացությունը եւ բարձրագույն կրթությունը ցանկալի են»։ Դե ինչ, կարելի է հետաքրքրվել, մանավանդ որ, ինչպես կարդում ենք հայտարարության շարունակության մեջ՝ աշխատանքն «… ազատ աշխատագրաֆիկով է եւ բարձր եկամուտով»։ Սրանից էլ հարմար բա՞ն։ Ի՞նչ է մնում անել՝ ճիշտ է, վերցնել լսափողն ու զանգահարել նշված հեռախոսահամարով…

Զարգացում – մաս 1

Ինչ-որ մեկը վերցնում է հեռախոսը, եւ մեր այն հարցին, թե` դո՞ւք եք թերթում աշխատանքի հայտարարություն տեղադրել, որպես կանոն, պատասխանում է հարցով՝ «Այո, իսկ ո՞ւմ եք ուզում»։ Միգուցե անհեթեթ է հնչում, սակայն բանն այն է, որ միեւնույն թերթում կարող եք հանդիպել նույն ընկերությանը վերաբերող մի քանի հայտարարությունների, այն տարբերությամբ, որ համարների դիմաց նշված են տարբեր անուններ։ Իսկ այդ անունը նշելը, պարզվում է, շա՜տ կարեւոր է։ Ընթացքում գլխի կընկնեք, թե ինչու։ Բնակականաբար, հարցնում ենք, թե ինչ գործ է՝ գոնե մոտավորապես։ Մեզ կպատասխանեն հնչեղ մի անվանմամբ, մոտավորապես այսպես՝ «տեղեկատվական բիզնես», կամ, եթե ավելի անկեղծ լինեն՝ «ցանցային մարքետինգ»։ Գայթակղիչ է հնչում, սակայն անհասկանալի, ուզում ենք իմանալ դրա բովանդակությունը, ինչպես նաեւ որոշ ինֆորմացիա ստանալ վարձատրության մասին։ Պարզվում է՝ այստեղ հեռախոսային խոսակցության թույլատրելի սահմանը վերջանում է՝ «Եթե ցանկանում եք ավելի մանրամասն իմանալ, անցեք գրասենյակ»։ Մտածում ես, գուցե չարժե գնալ, սակայն անորոշ վիճակից խուսափելու համար, այնուամենայնիվ, գնում ես…

Զարգացում – մաս 2

Մտնում ես «գրասենյակ», որն իրենից ներկայացնում է ոչ մեծ մի սենյակ, մի քանի գրասեղան եւ այդ գրասեղանների հետեւում նստած մի քանի հոգի։ Այդ մի քանի հոգին ակտիվորեն ինչ-որ բան են բացատրում իրենց դիմաց նստած քեզ պես մարդկանց։ Քեզ անպայման ուղարկում են նրա մոտ, ում անունը նշել ես հեռախոսով։ Բարեւից հետո գալիս է այն պահը, որից հետո սկսում ես աստիճանաբար փոշմանել, որ տանից դուրս ես եկել։ Քեզ ներկայացնում են ինչ-որ արտասահմանյան ընկերության պատմություն, նրա հաջողությունները, ղեկավարների «փառահեղ» կենսագրությունը (հնամաշ, մի հազար անգամ օգտագործված կատալոգների միջոցով) եւ արտադրանքը։ Դրանք սովորաբար լինում են կոսմետիկ միջոցներ կամ դեղորայք։ Ի դեպ, դեղորայք բառը նախընտրում են չօգտագործել, քանի որ դրան վերաբերող պահանջները մեր երկրում խիստ են։ Հիմնականում նշվում է, որ էկոլոգիապես մաքուր են եւ մեծ մասամբ պատրաստված են խոտաբույսերից։ Ու սկսվում է գովքը… թե ինչ լավն է, ինչ տեղերում է աճում (ասենք՝ Տիբեթի բարձունքներին), ինչ մատչելի է, ամեն ինչին օգուտ է… մի խոսքով, անմահական ջուր։ Թեեւ գիտես, որ անմահական ջուրը հանդիպում է միայն հեքիաթներում, սակայն թաքցնում ես կասկածներդ ու հարցնում, թե այնուամենայնիվ, ո՞րն է լինելու քո աշխատանքը։ Այստեղ նորից սկսվում է գովքը, այս անգամ գովում են իրենք իրենց։ Այսինքն, ապացուցում են, թե իրենք ինչքան բարի են, ինչքան են մտածում մարդկանց մասին, մտահոգվում նրանց առողջությամբ եւ աշխատում են նրա համար, որպեսզի «օգնեն նրանց հասկանալ, թե ինչն է նրանց օգուտ» (հիմա հասկացա՞ք «տեղեկատվական բիզնես» բառերի իմաստը։ Ու սահուն կերպով հասկացնում են, որ քո աշխատանքը լինելու է հենց այն, ինչն իրենք անում են՝ իրենց ասելով՝ «տեղեկացնել մարդկանց», իսկ մեր կարծիքով՝ «արդուկել» մարդկանց գլուխներն ու վաճառել իրենց արտադրանքը։ Այսինքն, պարզ ասած, պետք է դառնաս վաճառող, գովերգես չգիտես ում արտադրած «անմահական ջուրն» ու, միեւնույն ժամանակ, ներգրավես նոր մարդկանց, ինչպես նրանք փորձում են ներգրավել (ավելի շատ սազում է՝ հավաքագրել) քեզ։ Իսկ վարձատրությունը կատարվում է հետեւյալ կերպ. ընկերությունն իր արտադրանքը քեզ տալիս է զեղչով (ընդ որում շատ մեծ՝ 30-40%-ի սահմաններում) եւ ինչքան շատ վաճառես, այնքան շատ փող կստանաս։ Իսկ եթե քեզ հաջողվի հավաքագրել եւս մի քանի հոգու, որոնք էլ, իրենց հերթին, մի քանի հոգու, ապա… ավելի լավ է մեջբերեմ հենց իրենց արտահայտությունը, որն ավելի շատ կսազեր աղանդավորական քարոզներին. «նՑՏ Ջպ ջՊՏՐՏՉՏ, ֆՑՏ Ջպ ՉՏրւՌՑՌՑպսՖվՏ – ՉպՊՖ Չօ ՎՏՋպՑպ րՑՈՑՖ ՎՌսսՌՏվպՐՏՎ!»։ Հիմա երեւի պարզ է, թե ինչու են հարցնում՝ ո՞ւմ եք ուզում։ Ճիշտ է, որ իմանան, թե ձեզ ով է հավաքագրել։ Այսքանից հետո, իրենց գործն ավարտած համարելով, հարցական հայացքով նայում են ձեր դեմքին…

Կուլմինացիա

Իսկ դո՞ւք։ Իհարկե, սա այն չէ, ինչ սպասում էիք։ Ինքներդ ձեզ մեղադրում եք, որ ժամանակ եք կորցրել այստեղ հասնելու համար, սակայն քաղաքավարությունից ելնելով` պատասխանում եք, որ կմտածեք, միայն թե հնարավորինս շուտ դուրս գաք։ Սա, իհարկե, փոքր-ինչ հիասթափեցնում է ձեր «կուրատորին», որը կես ժամ պաթոսով խոսում էր՝ հնարավորություն չտալով դրսեւորել ձեր բանիմացությունն ու առաջադիմությունը։ Հույս փայփայելով, որ դեռ առիթ կունենա ձեզ տեսնել, նա գրանցում է ձեր տվյալները, հեռախոսահամարը, իսկ «ցտեսություն» ասելուց առաջ, հենց այնպես, «ձեռքի հետ» տեղեկացնում, որ եթե որոշեք համաձայնել, ապա մյուս անգամ կբերեք անձնագիրը, քանի որ պետք է պայմանագիր ստորագրվի։ Եվ այստեղ հայտնաբերում եք ամենահետաքրքիրը՝ … Պայմանագրի անկյունաքարն այն է, որ սկզբում պետք է վճարեք որոշակի գումար (տարբեր ընկերություններում գումարի չափը տատանվում է 50-ից 350 դոլարի սահմաններում), ինքներդ ձեռք բերեք ֆիրմայի արտադրանքը, որից հետո միայն կհամարվեք աշխատող… Երբեւէ լսե՞լ եք, որ մարդ աշխատանքի ընդունվի եւ աշխատավարձ ստանալու փոխարեն` դեռ մի բան էլ ինքը վճարի։ Եթե մինչ այդ անգամ մի փոքր տատանվում էիք՝ համաձայնե՞ք, թե՞ ոչ, ապա այս վերջին «հայտնագործությունն» ամբողջությամբ վերացնում է անորոշ վիճակը. հեռանում եք` ձեզ մխիթարելով միայն այն փաստով, որ գոնե արդեն ծանոթ եք նման «աշխատատեղերին» եւ այլեւս չեք սխալվի։ Չկա չարիք, առանց բարիքի։

Վերջաբան

Հիմա ավելի լուրջ։ Նախ, ինչո՞վ է խնդիրը կարեւոր։ Նախեւառաջ նրանով, որ նման ընկերությունները սնկի պես աճել են, բավական է նշել, որ թերթում տպագրված 180 հայտարարություններից 65-ն այս բնույթի են, եւ խայծը կուլ տվող մարդկանց թիվը բավականին մեծ է։ Կարեւոր է նաեւ այն, որ սրանք մեծ մասամբ որեւէ կերպ գրանցված չեն։ Երկու օր շարունակ փորձում էինք ճշտել ընկերություններից մեկի տնօրենի անունը կամ խոսել նրա հետ, բայց աշխատակիցները, պարտիզանի գաղտնապահություն ցուցաբերելով, այդպես էլ նման հնարավորություն չընձեռեցին։ Չի բացառվում, որ իրենք էլ չգիտեն, կամ ընդհանրապես տնօրեն չկա։ Միայն իմացանք, որ դրանցից մեկը չինական ընկերություն է, ավելի ճիշտ` չինական ընկերության մոսկովյան մասնաճյուղի երեւանյան մասնաճյուղ։ Հետեւանքների մասին խոսելիս, առաջին հերթին հարկ է նշել առողջապահական ասպեկտը։ Չեմ ցանկանում նշել այն ընկերության անունը, որի օրինակով ձեզ ներկայացրինք այս ամենը՝ ընկերության «հեղինակությունը» չխաթարելու համար։ Պարզապես ասեմ, որ նրանք իրենց արտադրանքը վաճառում են ոչ թե դեղատներում, այլ որտեղ պատահի։ Եվ այդ արտադրանքն էլ, որի անվանումն էլ չենք նշի, գրանցված չէ ՀՀ Դեղերի գործակալությունում։ Ինչպես նշեց այս գործակալության տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանը, մեր օրենսդրական դաշտն այս առումով թերի է։ Այդ ընկերություններն իրենց արտադրանքն իրացնում են որպես կենսաբանական ակտիվ հավելում, որի համար գրանցումը պարտադիր չէ։ Վաճառքի համար պարզապես պետք է Առողջապահության նախարարությունից ստանալ «հիգիենիկ սերտիֆիկատ»։

Այն, որ արտադրանքը չի վաճառվում դեղատներում, «ընկերության» աշխատակիցները հիմնավորում են հետեւյալ կերպ՝ կկեղծեն։ Սրանով բարձրացնում են իրենց հեղինակությունը, չէ՞ որ կեղծում են միայն ընդունված, վստահություն եւ պահանջարկ վայելող արտադրանքը։ Իսկ այս դեպքում մենք չգիտենք, այդ խոտաբույսը Տիբեթի բարձունքների վրա՞ է աճում, թե՞ ինչ-որ մեկի տնամերձ հողամասում։ Թեեւ, եթե անգամ «տիբեթյան» է, դա չի նշանակում, որ պիտի կուրորեն հավատաս. բացասական հետեւանքների օրինակները շատ են (մանավանդ, նիհարեցնող միջոցների դեպքում)։ Իսկ դեղատներից խուսափելը կարելի է բացատրել նրանով, որ ստուգման ժամանակ ի հայտ կգան ապօրինի վաճառվող իրենց արտադրատեսակները։

Այնպես որ, մարդկանց խորհուրդ կտանք, ցանկացած այդպիսի պրեպարատ օգտագործելուց առաջ հետաքրքրվել, արդյոք այն գրանցվա՞ծ է Դեղերի գործակալությունում եւ ունի՞ հիգիենիկ սերտիֆիկատ։