Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները GZT.RU կայքին տված հարցազրույցում ասել է, որ «Առաջին» ալիքով հեռարձակվող իր հեղինակային ծրագրում գոյություն ունի առանձին «ստոպ-ցուցակ» (այն գործիչների ցանկը, որոնց չի կարելի եթեր հրավիրել), որը չի համընկնում ալիքի ընդհանուր «ստոպ-ցուցակի հետ»: Ըստ Պոզների, իր ցուցակում 7 անուն կա, որոնք նա հրաժարվել է հրապարակել: Ցուցակը նա կազմել է «Առաջին» ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստի հետ: Պոզներն ասել է, որ իր ցուցակի կազմում ընդգրկված չեն ընդդիմադիր գործիչներ Բորիս Նեմցովը, Էդուարդ Լիմոնովը, Գարրի Կասպարովը եւ Վալերիա Նովոդվորսկայան: Նեմցովին նա խոստացել է հրավիրել իր մարտյան թողարկումներից մեկին: «Փետրվարին Բորիս Եֆիմիչին հրավիրել չհաջողվեց: Ես արդեն նախատեսած մարդիկ ունեի»,- ասել է Պոզները` ավելացնելով, որ Նեմցովին որպես ընդդիմության ներկայացուցիչ՝ հրավիրելու է այն պատճառով, որ նրան համարում է շատ հետաքրքիր եւ վառ ընդդիմադիր գործիչ: Ինչ վերաբերում է Լիմոնովին, ապա Պոզներն ասել է, որ նրան հրավիրելու ցանկություն չունի, քանի որ երդվել է ֆաշիստներին եթեր չտրամադրել: