Բողոքի հավաք

26/02/2011

Երեկ Երեւանի քաղաքապետարանի առջեւ կրկին հավաքվել էին բացօթյա առեւտրով զբաղվողները, սակայն այս անգամ նրանց նպատակը բողոքի ակցիա անցկացնելը չէր: Նրանք հավաքվել էին իրենց համախոհներին ներկայացնելու ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի` կառավարություն եւ Երեւանի քաղաքապետարան ուղարկած նամակը: Առեւտրականները նշել են, որ իրենք վաղուց էին դիմել ՀՅԴ-ին, եւ վերջապես արձագանք են ստացել, ինչի համար ուրախ են: Ա. Մինասյանի նամակում նշվում է, որ ՀՀ-ում առկա սոցիալ-տնտեսական պայմաններում բացօթյա առեւտուրն արգելելու մասին օրինագծի նման արձագանքը սպասելի էր: Մինասյանը գրել է, որ առեւտրականների պահանջը բխում է Սահմանադրության 34-րդ հոդվածից, ըստ որի` յուրաքանչյուր ոք ունի իր ու իր ընտանիքի բավարար կենսամակարդակի, ինչպես նաեւ կենսապայմանների բարելավման իրավունք: Փետրվարի 22-ին ուղարկված իր նամակում նա նշել է, որ ակնկալում է կառավարությունից եւ քաղաքապետարանից ստանալ մի քանի հարցերի պատասխաններ, որոնք են` հաշվարկվա՞ծ է արդյոք գյուղատնտեսական ապրանքների վրա բացօթյա առեւտրի արգելման պատճառած գնային ազդեցությունը, հաշվարկվե՞լ է արդյոք տվյալ գործունեությամբ զբաղվող ընտանիքների նյութական վնասը, եւ կլինի՞ արդյոք փոխհատուցում, ի՞նչ լուծումներ են մտածվում տվյալ մարդկանց խնդիրները լուծելու համար, եւ մշակվո՞ւմ են օրենսդրական փոփոխություններ խնդրի լուծման համար, թե՞ ոչ: Նշենք, որ քաղաքապետարանի մոտ հավաքված քաղաքացիներին է միացել նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Բացօթյա առեւտրով զբաղվողները տեղեկացրել են, որ իրենց հաջորդ հավաքը տեղի կունենա երկուշաբթի օրը, ժամը 12-ին, կրկին քաղաքապետարանի շենքի առջեւ: