Ոչ ոք չի կարող ժխտել, որ անգամ 23 տարի անց դժվար է առանց սարսափի զգացողության դիտել Բաքվի եւ Սումգայիթի ջարդերի տեսագրությունները, լսել ականատեսների պատմությունները: Եվ արդեն 23 տարի, նախանձելի հետեւողականությամբ, Բաքվի եւ Սումգայիթի ջարդերի օրերին, պաշտոնական քարոզչությունն իր վրա է վերցրել տարօրինակ մենաշնորհ: «ՀՀ նախագահի աշխատակազմ» պիտակով տեսանյութերը ամենայն մանրամասնությամբ հասարակությանը փորձում են հիշեցնել` ինչ կատարվեց ադրբեջանական այդ քաղաքներում բնակվող մեր հայրենակիցների հետ: Ականատեսները, ադրբեջանցիներից մի կերպ փրկված հայերը, արտասուքն աչքերին, պատմում են ադրբեջանցիների վայրագությունները` հայերին խոշտանգում էին, պատուհաններից ցած նետում, այրում…
Այդպես էլ նույն հետեւողականությամբ յուրաքանչյուր ապրիլի 24-ի ցուցադրվում են կադրեր` ինչպես են թուրքերը շարք կանգնեցնում հայ տղամարդկանց եւ կրակում. ընկնում է առաջին շարքը, հետո ընկնում է երկրորդը: Թուրքերը խմբերով մտնում են հայերի տները, քաշքշում, փախցնում կանանց ու աղջիկներին: Գաղթի ճամփան բռնած քաղցած ու հյուծված մանուկներն ու նրանց մայրերն ուժահատ ընկնում են: Հետո դեռ երկար հնարավոր չի լինում մտքիցդ հեռացնել հոգեւորականների կտրված գլուխների, խաչի վրա մահացող փոքրիկ աղջնակի հայացքի տպավորությունը… Սահմռկեցուցիչ տեսարաններ են…
Գրագետ (տվյալ դեպքում` նաեւ կիրթ) իշխանությունները վաղուց կհասկանային, որ նման տեսագրություններն արդեն հայերիս համար չեն: Վերապրել նույն էմոցիաները, ավելի ստույգ` ստիպել մարդկանց` վերապրել այն զգացողությունները, ինչ ապրել են թուրքի յաթաղանից կամ ադրբեջանցի հրոսակի վայրագություններից զոհված մեր հայրենակիցները, մազոխիզմ է: Իշխանությունների տրամաբանությունը, թերեւս, հետեւյալն է` այսպիսով «վրեժի կրակն անմար է մնում»: Բայց յուրաքանչյուր հայ կարող է վկայել, որ անկախ «շոկային նման թերապիայից»` բոլորս գիտակցորեն կամ ենթագիտակցորեն կրում ենք այդ հիշողությունները, եւ մենք` հայերս, խնդիր չունենք մոռանալու սարսափելի այդ իրադարձությունները: Որքան էլ դառն է հնչում, պիտի հասկանալի լինի` հայերս կարիք եւ ցանկություն չունենք վերապրելու հարյուր կամ 23 տարի առաջ կատարված իրադարձությունները եւ տառապել: Այդ տեսարաններն այժմ Հայաստան պետության համար են, որպեսզի պրոֆեսիոնալները` դիվանագետներ, պատմաբաններ, իրավաբաններ` կարողանան հասնել նրան, որ միջազգային համապատասխան կառույցներում այդ իրադարձություններին իրավական ճիշտ գնահատական տրվի: Սակայն, հասկանալի է, պետական քարոզչությունը չի կարող անտեսել հնարավորությունը` ներկայացնել հարեւան Ադրբեջանում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները: Եվ այդ ամենը մի պարզ եզրակացության է բերում` ադրբեջանական միջավայրում հայերը, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղն, անելիք չունի, որ ադրբեջանցիների միջավայրում հայերի ֆիզիկական գոյությունը լրջորեն վտանգված է: Բայց ո՞ւմ է ուղղված այդ ուղերձը, որի վրա, համոզված ենք, հսկայական գումարներ են մսխվում: Եթե ՀՀ քաղաքացիներիս, ապա այդ մասին մենք գիտենք:
Եվ այդպես էլ բաց է մնում` ո՞վ է այս թեմայի պատվիրատուն` իշխանություննե՞րը, թե՞ հասարակությունը: Հայերի դեմ կատարվող բռնությունների մանրամասն ցուցադրություններով բոլորիս մեջ զոհի բարդույթն ամրապնդելու փոխարեն` ավելի գրագետ կլիներ օրենքով ամրագրել, որ Բաքվում, Սումգայիթում տեղի ունեցածը եւս հայերի ցեղասպանություն է, ինչպես 1915-ի իրադարձությունները: Երկար տարիներ այդ մասին պնդում են «Ժառանգության» պատգամավորները: Հատկապես, որ` դրա համար կան բոլոր իրավական հիմքերը, կան ականատեսների վկայությունները, տեսագրություններ: Թեեւ անարդար չլինենք` Բաքվի եւ Սումգայիթի դեպքերից 23 տարի անց ՀՀ ԱԺ-ն որոշել է քննարկել այս խնդիրը: Նախանձելի օպերատիվություն է, ոչինչ չես ասի:
Թեեւ մեր հայրենակիցների ողբերգության հաշվին մաքսիմալ աղմուկ բարձրացնելուց առաջ ավելի բարոյական կլիներ պատասխանել հետեւյալ հարցերին` ինչպե՞ս են իրենց զգում Ադրբեջանից մայր Հայաստան փախած մեր հայրենակիցները, ինչպե՞ս Հայաստանի Հանրապետությունն ընդունեց նրանց:
Ամեն դեպքում, Սումգայիթի ջարդերից հրաշքով ողջ մնացած եւ այսօր ՀՀ-ում բնակվող Ռայա Թովմասյանն օրերս հրապարակավ դժգոհեց հայ հասարակության վերաբերմունքից. «Մենք ապրում ենք հայերի կողքին, սակայն այս օրերին են միայն հիշում, որ նման ընտանիքներ կան Հայաստանում: Ոչ ոք չի հետաքրքրվում»: Տիկին Թովմասյանն ակնարկեց նաեւ իր համար ցավոտ խնդրի մասին. իր ամուսինը, նաեւ բազմաթիվ հայեր, Բաքվում եւ Սումգայիթում կյանքի գնով պաշտպանում էին իրենց հայրենակիցներին, իրենց ընտանիքները: Բայց այսօր նրանց մասին ոչ ոք չի հիշում: Փոխարենն՝ ադրբեջանցիները հայերին սպանած հանցագործներին, Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած մարդասպանին հայրենիքի հերոսի կոչում են տալիս: Ըստ պաշտոնական տվյալների` 1988-90 թվականների էթնիկ զտումների հետեւանքով Ադրբեջանից հեռացել է մոտ կես միլիոն հայ: Նրանց կեսը որպես բնակության վայր ընտրեց ամենեւին ոչ Հայաստանը: Ավելի ստույգ` կարճ ժամանակ ապրելով հայրենիքում եւ չինտեգրվելով, հեռացավ` հասնելով ընդհուպ Ավստրալիա, Կանադա:
Մյուսները շարունակում են մինչ օրս մնալ հայրենիքում: Սակայն նրանցից քչերն են պատրաստ ստանալ ՀՀ քաղաքացու կարգավիճակ: Իրականությունն այն է, որ այդ կարգավիճակն ավելի անշուք է եւ պակաս պատվաբեր, քան փախստականի կարգավիճակը:
Արդեն 23 տարի է` մեր հասարակության մեջ կան մահվան ճիրաններից փրկված այդ մարդիկ, եւ 23 տարի է` նրանք ունեն նույն այն խնդիրները, ինչ փախուստի առաջին օրերին: Մինչ օրս նրանք ինտեգրման խնդիր ունեն: Պաշտոնական վիճակագրությամբ` այսօր մոտ 3300 փախստական օթեւանի խնդիր ունի:
Սակայն այդ մասին առավել հանգամանորեն` հաջորդ տարի` նույն այս օրը:
Հ.Գ. Ի դեպ, որպես ասվածի եւս մեկ ապացույց՝ կարդացեք նաեւ էջ 6-ի հրապարակումը` Բաքվից Հայաստան տեղափոխված փախստականների կենսակերպի մասին: