72-ամյա տիկին Ամալյան ու սպասումն արդեն 20 տարի ապրում են մեկմեկու մխիթարելով: Ծեր կինն արդեն նողկանք է զգում սպասումից: Ժամանակ առ ժամանակ իր մեջ սպանում է այդ «սպասումը», բայց հետո կրկին զգում է, որ առանց դրա` կորցնում է ապրելու ցանկությունը: «Քեզ դիմելուց կարծում էի՝ բոլորի պես դու էլ կասես` սպասի: Հոգնել եմ սպասելուց, հասկանո՞ւմ ես: Պետությունն ասում է` սպասի… Էլ ինչքա՞ն, էլ ինչի՞ն, ո՞ւմ սպասեմ: 72 տարեկան եմ»,- ասում է` կաշկանդվելով այն բանից, որ սենյակի ցրտից սկսում եմ դողալ: Էրեբունի համայնքի Վարդաշեն փողոցի 68 ա շենքում բնակվող այս կինն արդեն 20 տարի դիմանում է այն պայմաններին, որտեղ ես՝ մեկ ժամ լինելով, ցրտից փայտացած վիճակում, ուզում եմ վայրկյան առաջ հեռանալ: Փոքրիկ էլեկտրական սալիկի ջերմությունը մարմնիդ վրա փոքր-ինչ զգալու համար առնվազն պետք է ողջ մարմնով կռանաս սալիկի վրա: 25.000 դրամ թոշակ ստացող տիկին Ամալյայի սառնարանը չգործածվելուց վերածվել է պահարանի: Մի կտոր չոր հաց, թառամած մեկ հատիկ ծիծակ ու դատարկությունից փայլող երկաթե թասեր: Ամաչելով ասում է, որ էլեկտրական սալիկն էլ միացրել է միայն հյուր ընդունելու պատրվակով. հակառակ դեպքում նախընտրում է ցրտին դիմանալու գնով էլեկտրականության պարտքեր չկուտակել: 1988թ. կորցրել է ամուսնուն, իսկ 1 տարի անց ստիպված է եղել որդիների հետ Բաքվից տեղափոխվել Հայաստան: «Ոմանք փախչելով` փրկվեցին ջարդերից: Ես եկել եմ, հետո էլ` երեխաներս են փախել եկել: Էնտեղ ամուսնուս կորցրեցի, իսկ երբ տեղափոխվեցինք Հայաստան` մահացավ 14 տարեկան տղաս»,- պատմում է տիկին Ամալյան` խնդրելով որդիների մասին հարցեր չտալ, որովհետեւ շատ ծանր է այդ մասին խոսելը: Միայն ասում է, որ այն դժվար տարիներին վառարանը վառելու ժամանակ 14-ամյա որդին բռնկված հրդեհից այրվել է, չեն կարողացել կյանքը փրկել: Տիկին Ամալյան դեռ չէր հասցրել երիտասարդ որդու կորստի հետ հաշտվել, երբ մահացել է նաեւ նրա երկրորդ` 30-ամյա որդին: «Պետությունից հույսներս կտրած` որդիս որոշեց մեկնել Ռուսաստան` աշխատելու, որպեսզի կարողանանք բնակարան գնել: Որոշ ժամանակ անց լուրը եկավ, որ սպանել են ու դիակն են տեղափոխում: Գործը մնաց չբացահայտված, էդպես էլ չիմացանք` ռուսնե՞րը, թուրքե՞րը, թե՞ ազերիները սպանեցին: Եկեք էդ մասին չխոսենք, ես հիվանդ եմ, վատ եմ զգում, ու էդ հարցերով տանջում եք ինձ, ճնշումս կբարձրանա, կվատանամ: Սիրտս սեւ ա, շատ բան չեմ կարող խոսել»,- ասում է տիկին Ամալյան, ով, քիչ է, Բաքվում կորցրել է ամուսնուն, բնակարանը, ունեցվածքն ու ամեն ինչ` Հայաստան տեղափոխվելուց հետո էլ սկսել է տղաներին հերթով ճանապարհել այն աշխարհ: Հանրակացարանի սենյակն անտանելի է, իսկ հիգիենա պահպանելը ծեր կնոջից մեծ եռանդ է պահանջում: Ջուրը, զուգարանը, կոմունալ հարմարությունն ընդհանուր է, ու հիվանդ կինը միայն դեղորայքով է կարողանում ուժ գտնել իր մեջ՝ կենցաղային հարցերը լուծելու համար: «Ես միշտ էլ կոկիկ ու մաքրություն սիրող եմ եղել: Հիմա շատ եմ նեղվում էս պայմաններից: Ամեն ինչն ընդհանուր է, ու դու չես կարող առանձին տնտեսություն վարել: Առաջ գոնե առողջություն ունեի, ուսումնարանում հավաքարարություն էի անում, մի երկու կոպեկ աշխատում էի: Հիմա թոշակի հույսին եմ: Նպաստ էլ չէի ստանում: Ճիշտն ասած` չէի էլ դիմել, ես չեմ սիրում ուրիշներին շատ անհանգստացնել իմ հարցերով: Վերջերս դիմեցի նախարարություն, խնդրեցի, որ գոնե նպաստ տան, ու տեսնելով վիճակս` գրանցեցին, արդեն 3 ամիս ա` 13.000 դրամ նպաստ եմ ստանում: Հարսս, թոռներս էլ այս սենյակների վրա են գրանցված, բայց ես մենակ եմ հիմա, լրիվ մենակ…»,- ասում է տիկին Ամալյան` վստահեցնելով, որ պետությունն ամրագրել է իր` փախստականի կարգավիճակն ու ասել` սպասի: Ամալյա Թադեւոսյանն ասում է, որ թեեւ դժվարություններով եւ սոցիալապես ծանր վիճակում է ապրում, այդուհանդերձ, մեզ է դիմել, որովհետեւ պետության տված սպասելու դեղատոմսն այլեւս կորցնում է իր հանդեպ հավատը: Հարցնում եմ` «Իսկ ի՞նչ են ասում, մինչեւ ե՞րբ սպասել»: «Չգիտեմ, ամեն անգամ էդ պատասխանն են տալիս, բայց թե մինչեւ երբ` Աստված գիտի: Ուրիշ պատասխան չենք լսել»: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիայի պետական ծառայությունը փախստականի կարգավիճակի հետ տվել է նաեւ երբեւէ տուն ունենալու հույսը: Արդեն 20 տարի է՝ հույսը մաշվում է, բայց բնակարան ունենալու խոստումը պետությունը թողել է մարդկանց կամքի ուժի վրա, որին ապավինելով` փախստականները երազում են, որ մի օր կունենան սեփական անկյունը: «Միգրացիայի պետական ծառայության ներկայացուցիչները փաստաթղթերս ստուգել են, եկել, ուսումնասիրել, գնացել են, ու էսքան տարի սպասում եմ նորության»,- ասում է ծեր կինը: Հարցնում եմ` «Իսկ վերջին անգամ ե՞րբ եք եղել այդ ծառայությունում, ի՞նչ են ասել, բնակարան ունենալու ձեր հերթը ե՞րբ է»: «Նախանցյալ տարի եմ եղել, միայն ասել են` սպասի, ուրիշ ոչինչ»,- ասում է տիկին Ամալյան, իսկ իմ հարցին, թե ինչո՞ւ պարբերաբար չի գնում Միգրացիայի ծառայություն, փորձում հետաքրքրվել, պատասխանում է` «Գնամ, որ ի՞նչ: Իրենք ասել են` սպասի, ես էլ սպասում եմ: Եթե գնամ, նորից նույն բանն են ասելու, դրանից իմ ապագան կանխորոշվելո՞ւ է: Էս սենյակները մեզ սեփականության իրավունքով չի պատկանում, հազար ու մի խնդիրներ են առաջանում, ոնց որ օդում ապրես: Հանրակացարանի վերջին` 5-րդ հարկում եմ ապրում: Ջրերը լցվում են, ամբողջ պատերը խոնավ, ճաքած: Սեփականությունս չի, ոչ կարող եմ ես մի հարց լուծեմ, ոչ էլ` էս շրջանի ղեկավարությունն ա անում: Տանիքի համար դիմել եմ թաղապետարան, էնտեղից էլ ասել են` սպասի»: Հարցնում եմ` «Մեր երկրում շատ կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են փախստականներով, նրանց աջակցում, օգնում են, Ձեզ չե՞ն օգնում որեւէ բանով»: Պատասխանում է` «Առաջ կտրոններ էին տալիս, որով բրինձ, ձեթ-մեթ էին տալիս, իսկ հիմա՝ ոչ մի բան, ոչ մի կազմակերպություն ինձ չի գրանցել կամ օգնել: Մինչեւ հիմա ոնց որ ջրի երեսի ծաղիկ՝ ապրում ենք»: «Տիկին Ամալյա, հիմա որոշ կազմակերպություններ քարոզչություն են անում Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդներին հաշտեցնելու, հանդուրժողական վերաբերմունք դրսեւորելու համար: Դուք էնտեղ եք ապրել, ի՞նչ եք կարծում, կարո՞ղ ենք այդ թշնամու կերպարից ձերբազատվել»,- հարցնում եմ, որին տիկին Ամալյան կտրուկ պատասխանում է` «Օձը մնում ա օձ, ու էսքան կատարվածից հետո պետք չի մարդկանց ստիպել սիրել էդ ազգին: Մենք շատ բան ենք տեսել, հավատա»:
Նույն հանրակացարանի բնակիչ, փախստական Գալյա Արզումանյանն ապրում է այն սենյակում, որը նախկինում եղել է հանրակացարանի ընդհանուր զուգարանը: Երեք երեխաների մայր Գալյան վստահեցնում է, որ հանրակացարան տեղափոխվելուց առաջ այդ սենյակում անգամ դուռ ու լուսամուտ չի եղել. «Եկանք, մաքրեցինք, էստեղ ահավոր էր, 3 բեռնատար մեքենա մենակ աղբ ենք տեղափոխել»: Բաքվից Հայաստան տեղափոխվել է ծնողների հետ եւ Հայաստանում ամուսնացել, ընտանիք է կազմել: Արդեն երեք երեխաների մայր Գալյան նույնպես ապրում է Միգրացիայի պետական ծառայության բնակարան տրամադրելու վերաբերյալ նույն պատասխանով. «Եկան, պայմանները նկարեցին, համոզվեցին, որ նախկին զուգարանում ենք ապրում, ու գնացին: 2008թ.-ին էս շենքի փախստականներից շատերին բնակարանով ապահովեցին, մեզ էլ խոստացել էին, որպես ցուցակի լրացուցիչ գրանցվածներ՝ ապահովել, բայց… հիմա էլ դիմում եմ, ասում են` սպասեք: Ինչքա՞ն սպասենք, հասկանո՞ւմ եք, երեխաներս մեծ են, քնելու տեղ չկա, ահավոր ա»: Գալյայի հարեւանուհին` 72-ամյա փախստական տիկին Ռոզան, միայն մի բան է ասում` «Պետությունը սպասում է, որ մեռնեմ, ու էդ բեռից ազատվի»: