«Անկեղծ խոսքն ընդունվում է որպես չարություն»,- ասում է Շուշան Պետրոսյանը

26/02/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երգչուհի Շուշան Պետրոսյանը հետաքրքիր կերպար, ոճ ունի. մատանիներ, թեւնոցներ, վզնոցներ, շարֆեր, եւ այդ ամենը նա կրում է միաժամանակ: Շուշանին նայելիս, թվում է, թե նա համադրել է անհամատեղելին: Երգչուհին արդեն իսկ ունի երկու ձայներիզի նյութ, որոնցից մեկն ամբողջությամբ զուգերգեր են, իսկ երկրորդը` հայրենասիրական ոգով է լցված:

– Ինչո՞վ եք բացատրում ձեր սերը դեպի աքսեսուարները:

– Գուցե նրանից է, որ նկարչուհի՞ եմ, որ մեղեդիների մեջ գույնե՞ր եմ տեսնում: Պարզապես սիրում եմ կյանքն՝ իր բոլոր գույներով, եւ գույների մեջ կյանք եմ տեսնում: Բացի այդ, աքսեսուարները միշտ էլ տրամադրություն են բարձրացնում: Թվում է, թե մանրուք է: Բայց արի ու տես, որ` ոչ:

– Ձեր տղաների միջեւ տարիքային տարբերությունն 9 տարի է: Բացի այդ, նրանք տարբեր հայրեր ունեն: Սակայն Ձեր տղաների` 12-ամյա Գրիգորի եւ 3-ամյա Գագիկի լուսանկարներից այնպիսի ջերմություն է փոխանցվում, որ շատ մայրեր կերազեին միեւնույն հայրիկից ծնված իրենց փոքրիկներին այդքան համերաշխ տեսնել:

– Երբ Գագիկս ծնվեց, Գ րիգորս 9 տարեկան էր: Յուրաքանչյուր մայր գիտի, որ առաջնեկի դեպքում բալիկիդ հանդեպ սիրուց գժվում ես, երկրորդի դեպքում` կրկնակի ես գժվում: Առաջնեկի հետ սովորում ես, իր հետ հասունանում` կին ես դառնում: Երկրորդ երեխան ուրիշ խորհուրդ ունի իր մեջ: Նայելով որդիներիս, hասկացա, որ պետք է չափազանց ուշադիր լինեմ: Եվ ես կենտրոնացա ավագ որդուս` Գրիգորիկիս վրա: Բոլոր պարտադիր մայրական «արարողությունները» փոքրիկիս հետ կատարելուց հետո, պարտադիր ժամանակ էի հատկացնում Գրիգորիկիս հետ մուլտ նայելու, թատրոն, պատկերասրահ, այգի գնալու, դասերն անելու: Որպեսզի նա իրեն ոչ մի վայրկյան երկրորդ պլանում չզգա, այլ հասկանա, որ իմ առաջին բալիկն է: Պարզապես այժմ կա մի հրաշք եւս, որ լույս աշխարհ է եկել` իր եղբայրը լինելու համար: Եվ ես հասա այն արդյունքին, որ այսօր մենք բոլորս` ես, ամուսինս, Գրիգորս, տատիկների եւ պապիկների հետ միասին, հիանում ենք մեր` աշխարհ եկած հրաշքով` Գագիկով: Նրանք միասին ոչ միայն խաղում են, այլեւ խանութ են գնում, տատիկին են այցելում, Գագիկս Գրիգորին դպրոց է ճանապարհում: Ասեմ նաեւ, որ Գագիկս շատ կոկիկ տղա է. սիրում է, որ ամեն ինչ իր տեղում լինի: Երբ Գրիգորս առավոտյան գնում է դպրոց եւ չի հասցնում հավաքել իր հագուստը, Գագիկս ամեն ինչ իր տեղն է դնում, սակայն քթի տակ փնթփնթալով. «Վայ, վայ, Գլիքոլիկ, վայ»: Իմ տղաները պաշտում են իրար: Մեծագույն հաճույք է մոր համար ավագ որդուց կրտսեր եղբոր մասին լսելը. «Մամ, էս հրաշքը որտեղի՞ց եկավ»:

– Որդիների դաստիարակման հարցում շատ մեծ դեր ունի հայրը: Գագիկը դեռ փոքր է, իսկ ինչպիսի՞ն է Ձեր ամուսնու` Արմանի, եւ ավագ որդու՝ Գրիգորի հարաբերությունները:

– Ես ինձ երջանիկ կին եմ համարում, քանի որ ամուսինս, որը հայրը չէ իմ ավագ որդու, շատ մտերիմ է Գրիգորիս հետ: Նրանք ընկերներ են: Հարցեր կան, որ տղաները կարող են քննարկել միայն տղամարդու հետ: Ամուսինս կարողացել է այնպիսի հարաբերություններ ստեղծել իր եւ որդուս միջեւ, որ տղաս շատ ազատ դիմում է նրան ցանկացած հարցով: Հայրը պետք է կոնֆլիկտ չունենա որդու հետ, որովհետեւ այդ կերպ ավելի հեշտ է խորհուրդներ տալը: Գրիգորս շատ է կապված իր հոր հետ, եւ նրանք անչափ սիրում են իրար: Սակայն դա չի խանգարում, որ Գրիգորս եւ ամուսինս ընկերներ լինեն:

– Շուշան, բազմաթիվ տղամարդիկ դեպի կնոջ սիրտը տանող ճանապարհը հարթում են` գերելով կնոջ երեխայի հոգին: Սակայն, երբ այդ հարաբերությունները շինծու են լինում` կեղծիքը շուտով ջրի երես է դուրս գալիս:

– Արմանը եւ Գրիգորը միանգամից ընկերացան: Եթե այդ հարաբերությունները իրապես արհեստական լինեին` պարզապես ինձ գերելու համար, ապա վաղուց սպառված կլինեին: Սուտը ես զգում եմ շատ հեռվից: Այդ իսկ պատճառով երեխաներիս սովորեցնում եմ` երբեք չխաբել: Բացատրում եմ, թե որքան հեշտ է ապրել առանց ստի: Տղայիս ասել եմ. «Եթե դու անկեղծ ասես քո ամենավատ քայլի մասին անգամ, ես միգուցե շատ բարկանամ, սակայն չեմ գազազի` հասկանալով, որ տղաս չի ստում մորը»: Եվ որդիս գիտի, որ երբեւէ չպիտի ստի:

– Ձեր գործունեության բերումով, հաճախակի եք մեկնում հյուրախաղերի եւ, անգամ քաղաքում լինելով, շատ անգամ բացակայում եք տանից. համերգներ, հարցազրույցներ, նկարահանումներ: Իսկ որդիները մեծանում են: Չե՞ք վախենում, որ մի օր կմեղադրեք ձեզ՝ ասելով. «Աչքաթող արեցի»:

– Այնքան ուրախ եմ, որ իմ կյանքում կա մի հրաշք կին` Անահիտ անունով, ում մոտ ես հանգիստ սրտով թողնում եմ որդիներիս, երբ բացակայում եմ տանից: Իմ որդիների Անյա բաբուլյան, ինչպես տղաներս են Անահիտին դիմում, կողքիս է եղել իմ կյանքի ամենադժվարին պահերին: Անյա մորաքույրն իմ հաջողություններով ուրախացողն ու իմ տխրությունը կիսողն է: Ես անվերջ շնորհակալ եմ նրան: Ես վստահ եմ, որ իմ որդիներն ապահով ձեռքերում են:

– Ձեր եւ Արմանի միջեւ տարիքային տարբերությունը չի՞ խանգարում ընտանեկան կյանքում: Եվ ո՞վ է Ձեր ընտանիքում դոմինանտը:

– Հարցեր կան, որ նա է, հարցեր կան, որ ես եմ: Բնական է, որ տան տղամարդը պետք է լինի տան եւ ընտանիքի տերը: Տանել չեմ կարող ֆեմինիստներին: Դա կռիվ է Աստծո դեմ: Ինչպե՞ս կարելի է հերքել երկրագնդի բնականոն պտույտի ընթացքը:

– Դուք միշտ անկեղծ հայտնել եք Ձեր կարծիքը ցանկացած անորակության, կեղծիքի եւ սուտ իդեալներ քարոզողների դեմ: Ի՞նչ եք կարծում, մարդն ունա՞կ է ընդունել անկեղծ, սրտացավ կարծիքը:

– Եթե այդ սխալ քայլն աներ ոմն Պողոսը կամ Պետրոսը, ես իմ կարծիքը բնավ չէի հայտնի: Սակայն, երբ խոսքը վերաբերում է իմ ընկերոջը, հարազատին, ես պարտավոր եմ հայտնել նրան իմ անկեղծ վերաբերմունքը, որ նա ուշքի գա եւ հասկանա իր սխալը: Սակայն, ցավոք, անկեղծ խոսքն ընդունվում է որպես չարություն: Ծիծաղելի է, սակայն՝ ակնհայտ, որ ես պարզապես բարձրաձայնում եմ այն, ինչի մասին նմանապես մտածում եւ «ցածրաձայնում» են շատերը: Ի տարբերություն ինձ` նրանք լռում են: Դա ազնվություն կոչել չի կարելի:

Եթե առաջ բոլորին փորձում էի բացատրել, որ գիտեք, դուք ինձ սխալ եք ընկալել եւ այլնգ, ապա այսօր հասկացել եմ, որ դա պարզապես անիմաստ գլխացավ է: Թող մարդիկ իրենց վրա աշխատեն եւ հասկանան, թե ես ի՞նչ նկատի ունեի: Եթե մարդն ունակ չէ կարծիքներ եւ քննադատություններ լսելու, ապա նա դատապարտված է լճացման եւ եսապաշտության: