Հասավ Իրաք

26/02/2011

Երեկ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում եւ այլ քաղաքներում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` մասնակցելու «ցասման օրվա» ակցիաներին: Ցուցարարները կառավարությունից պահանջել են տնտեսական բարեփոխումներ իրականացնել, բարելավել սոցիալական ծառայությունները, աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություններ ապահովել եւ վերջ տալ կոռուպցիային: Բաղդադում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել, երբ հարյուրավոր ցուցարարներ շարժվել են դեպի քաղաքի Թահիր հրապարակ: Երկրի հյուսիսային Քիրքուք, Մոսուլ եւ Հավիջա քաղաքներում ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Ավելի վաղ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին իրաքցիներին կոչ է արել չմասնակցել այսօր կազմակերպվելիք «ցասման օրվա» ակցիային: Իր հեռուստաելույթում ալ-Մալիքին ասել է, որ ցույցերի կազմակերպիչները երկրի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի եւ «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչներն են, ովքեր ցանկանում են ի շահ իրենց օգտագործել բողոքի ակցիաները: