Պատրաստ են հաշտության

26/02/2011

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Քոչարյանների ընտանիքի հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործի քննությունը: Այս անգամ դատարանում պատասխանող կողմի շահերը ներկայացրել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստերին պատասխանող կողմի փաստաբանը Զարուհի Փոստանջյանն էր: Երեկ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Քոչարյանների ներկայացուցչին առաջարկել է հերքման տեքստ պատրաստել` հաշտության գալու համար, եթե Քոչարյանների պաշտպանական կողմի նպատակը լրատվամիջոցին նյութական վնաս հասցնելը չէ: Հերքումը նախապատրաստելու համար դատարանը օրաթերթին 12 օր ժամանակ է տվել: Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթում անցած տարվա սեպտեմբերին տեղ գտած երեք հրապարակումների կապակցությամբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել թերթի դեմ, որով պնդում է, որ այդ հրապարակումները արատավորել են Քոչարյանի որդու եւ կնոջ պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը: Հրապարակումներից մեկի համաձայն` Սեդրակ Քոչարյանը ադամանդի հանք է տնօրինում Հնդկաստանում: «Ժամանակը» արդեն մեկ անգամ տպագրել է հերքում, որոնցում կրկին վերաշարադրել է հրապարակման բովանդակությունը: Այս հանգամանքը Քոչարյան ընտանիքը համարում է իր բարի համբավին հասցված կրկնակի վնաս, եւ հենց դրա համար է դիմել դատարան` պահանջելով հերքում տպագրել, ինչպես նաեւ 6 միլիոն դրամ` իբրեւ վնասի փոխհատուցում: «Ժամանակի» փաստաբան Ն. Բաղդասարյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, որ պատրաստ են հրապարակել հերքման ցանկացած տեքստ, եթե այն «ողջամիտ» լինի: «Եթե դրանով չվիրավորվի երրորդ անձանց իրավունքները, իհարկե, պատրաստ ենք տպել»,- ասել է նա: Սակայն «Ժամանակի» ներկայացուցիչը եւ նրա պաշտպանյալը կարծում են, որ հերքման տեքստ չի լինի: «Ներկայացված հայցադիմումի բովանդակությունից երեւում է, որ տեքստ չի լինելու երբեւիցե: Այսինքն, այստեղ հերքելու նպատակ չկա, մենք սրանով եւս մի անգամ ուզում ենք ապացուցել, որ իրենք ոչ մի բան էլ չեն ուզում հերքել կամ հակառակը` ասեն, որ իրենց զրպարտել են: Մենք սպասում ենք այդ տեքստին, համոզված չենք, որ կլինի»,- նշել է Բաղդասարյանը: Հարցին, եթե համաձայնություն չստանան Քոչարյանների կողմից, որո՞նք են լինելու «Ժամանակի» քայլերը, փաստաբանը պատասխանել է. «Նախ, ինձ` որպես իրավաբանի, ակնհայտ է, որ իրենք խախտել են դատարան դիմելու դատավարական ժամկետները: Այդ ժամկետը սահմանված է մեկ ամիս` իրենց մասին վիրավորական տեղեկություն հրապարակելուց հետո: Ակնհայտ է` իրենք որ պահին են իմացել, քանի որ գրավոր դիմել են թերթին, եւ ակնհայտ է` որ պահին են նրանք դիմել դատարան` այդ ժամկետը հայցադիմումից է երեւում: Այսինքն` միանշանակ մեկամսյա ժամկետը իրենք խախտել են, այստեղ դատարանը այլընտրանք չունի, քան մերժել նրանց հայցը»: Դիտարկմանը, թե այդ դեպքում ո՞րն է «Ժամանակի» խնդիրը, որ ուզում է համաձայնության գալ Քոչարյանների հետ, եթե դատարանը նրանց հայցը մերժելու այլընտրանք չունի, Բաղդասարյանը պատասխանել է. «Խնդիրը նրա մեջ է, որ խախտումը թույլ է տվել փաստաբանը: Բովանդակային առումով, եթե թերթը պատրաստակամություն է հայտնում, որ, եթե կան խնդիրներ, որոնցով վիրավորվել է իրենց պատիվն ու արժանապատվությունը, պատրաստ է վերականգնել: Ցանկացած մարդ, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի դրանց վերականգնման ամենաարդյունավետ միջոցի, եւ այդ արդյունավետ միջոցը մենք իրենց առաջարկում ենք»: Ռ. Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ Քոչարյանները քննարկում են հաշտություն կնքելու մասին առաջարկը, սակայն որոշումը դեռ կայացված չէ: