Վեց ժամով

26/02/2011

Երեկ կարճատեւ` ընդամենը 6-ժամանոց այցով Անկարա է ժամանել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Թուրքիա վերջին 20 տարիների ընթացքում: Մինչ այդ Ֆրանսիայի նախագահներից Ֆրանսուա Միտերանն է Թուրքիա մեկնել` 1992թ., ապա 2 երկրների հարաբերությունները շարունակաբար լարվել են, հատկապես ԵՄ-ին անդամակցելու` Թուրքիայի նկրտումների պատճառով: Սարկոզիի վարչակազմը հրապարակայնորեն դեմ է արտահայտվում ավելի քան 70 միլիոնանոց մահմեդական երկրի անդամակցությանը ԵՄ-ին: Ավելին` նրանք ակնարկում են, որ այդ դիրքորոշումը չի փոխվելու նաեւ Սարկոզիի այցից հետո. վերջինս Անկարա է մեկնում ոչ թե որպես Ֆրանսիայի նախագահ, այլ որպես Մեծ քսանյակում ներկայումս նախագահող երկրի ղեկավար` կառույցի առաջիկա գագաթաժողովի օրակարգը քննարկելու համար: Թուրքիան չի թաքցնում, որ հիասթափված է: Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, թե թուրք դիվանագետները լուրջ աշխատանք են տարել Սարկոզիի այցի նախապատրաստման ժամանակ եւ փորձել են երկարաձգել նրա հյուրընկալության ժամկետները, սակայն հաջողության չեն հասել: «Այս կարճատեւ այցը չի արտացոլում Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունների մակարդակը»,- նախօրեին ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը՝ ընդգծելով, թե Անկարան արժանի է առավել լավ վերաբերմունքի։ «Ուզում եմ անկեղծ լինել` մենք կուզենայինք հյուրընկալել Ն.Սարկոզիին` որպես Ֆրանսիայի նախագահ, սակայն ուրբաթ նա ժամանում է որպես Մեծ քսանյակում ներկայումս նախագահող երկրի ղեկավար: Կարծում եմ` Թուրքիան, ինչպես նաեւ թուրք-ֆրանսիական հարաբերություններն ավելիին են արժանի»,- ասել է նա` հիշեցնելով, որ Սարկոզին նախագահության 4 տարիների ընթացքում այդպես էլ ոչ մի անգամ ժամանակ չի գտել Թուրքիա այցելելու համար, այն դեպքում, երբ Ֆրանսիայում եղել է թե՛ ինքը, թե՛ նախագահ Աբդուլլահ Գյուլը: