«Մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ ընդդիմության ակտիվիստների դեմ Ոստիկանության գործողությունների շարքը վկայում է այն մասին, որ իշխանությունները վախեցած են հասարակության նորանոր շերտերի քաղաքական ակտիվացումից»,- երեկ հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով նախօրեին թռուցիկներ բաժանող ՀԱԿ ակտիվիստներին Ոստիկանության բաժին տանելու փաստին:
«Մեր բոլոր ակտիվիստներին տարբեր շրջաններում կանչել են Ոստիկանություն` զրույցներ են անցկացնում: Զգացվում է, որ իշխանությունները լավ սարսափել են»,- ասել է նա` ավելացնելով, որ ՀԱԿ-ի ` մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը լինելու է «հանգրվանային»: «Սկսել ենք հանրահավաքային մի շարք, որի նպատակն է պարտադրել այս բռնապետությանը արտահերթ ընտրություններ եւ կատարել շարժման այլ պահանջները: Ես կարծում եմ, որ մարտը եւ ապրիլի սկիզբը լինելու են այս առումով իշխանությունների համար վերջին շանսը»,- ասել է նա` չմանրամասնելով սակայն, ինչ է անելու ՀԱԿ-ը, եթե իշխանությունները չընդառաջեն իրենց պահանջին: