Հայաստանի ներքաղաքական կյանքն ընտրությունից ընտրություն պտտվում է իշխանությունների լեգիտիմության խնդրի շուրջ: Ընդդիմությունը խոստանում է հեղափոխություն անել, որովհետեւ իշխանությունները լեգիտիմ չեն, սահմանադրական բարեփոխումներին անհրաժեշտ է ոչ ասել, քանզի ոչ լեգիտիմ իշխանություններն իրավունք չունեն սահմանադրության մեջ փոփոխություններ անել, կամ կառավարող շրջանակները սահմանադրական փոփոխությունների միջոցով փորձում են լեգիտիմացնել իշխանությունը:
Մեզանում լեգիտիմությունն ընկալվում է հետեւյալ կերպ. եթե ընտրվել ես զգալի օրինախախտումներով, ուրեմն լեգիտիմ չես: Այդ դեպքում ինչո՞ւ ընդդիմության խոստացած քաղաքական պայթյունը չի պատահում: Վստահ եմ` մեզանից շատերը համոզված են, որ անվերահսկելի ցնցումներ չեն լինի նաեւ նոյեմբերի 27-ին եւ դրանից հետո: Ի՞նչ է լեգիտիմությունը:
Գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերն առանձնացնում է լեգիտիմ իշխանության երեք տեսակ` կախված նրանից, թե ինչ շարժառիթներ են ընկած այդ իշխանությունն ընդունելու հիմքում (ԾՏՑՌՉ ցրՑցտփՌՉՏրՑՌ):
Առաջին տիպը լեգալ իշխանությունն է, որի դեպքում ենթարկվելու շարժառիթը ելնում է սեփական շահերի գիտակցումից: Այս պետություններում ենթարկվում են ոչ թե անձանց, այլ օրենքի պահանջներին, ընդ որում` թե իշխողները, թե ենթարկվողները:
Երկրորդ տիպն ավանդական իշխանությունն է, որը պայմանավորված է որոշակի վարքագծի սովորույթային ուժով: Իր խառնվածքով այն հիշեցնում է ընտանիքը, ինչը լեգիտիմության այս տիպին լրացուցիչ կայունություն է հաղորդում: Հարաբերությունների բնույթը խիստ անձնավորված է, իսկ առաջխաղացումը պայմանավորված է իշխողների հանդեպ անձնական նվիրվածությամբ:
Երրորդ տիպը խարիզմատիկ իշխանությունն է (խարիզմա – աստվածային շնորհ): Խարիզմատիկ առաջնորդը պետք է հոգա իր խարիզմայի պահպանման համար եւ անընդհատ ապացուցի դրա առկայությունը:
Հետաքրքիրն այն է, որ ըստ Մաքս Վեբերի` լեգալ իշխանությունը (առաջին տիպ) ավելի թույլ լեգիտիմություն ունի, քան մյուս երկուսը, քանզի վերջիններս ամրապնդված են ավանդույթներով եւ խարիզմայով:
Համաձայն Վեբերի համակարգի, Հայաստանի իշխանությունները կարելի է բնութագրել առավելապես լեգիտիմության երկրորդ տիպով` ավանդական իշխանություն, որն, ըստ սոցիոլոգի, հիմնված լինելով անձնական նվիրվածության եւ սովորույթների վրա (մենթալիտետ), առավել մեծ լեգիտիմություն ունի, քան օրենքի վրա հիմնված իշխանությունները:
Փաստորեն այն, ինչ հայրենական ընդդիմությունը համարում է իշխանությունների ամենախոցելի տեղը` լեգիտիմության պակասը, այնքան էլ այդպես չի եւ, ըստ Վեբերի` ճիշտ հակառակը:
Հետեւությունները թողնում ենք ընդդիմադիրներին, երբ նրանք կվերադառնան Վարդենիսից կամ Մարտունիից` հերթական մորթված գառն ըմբոշխնելուց հետո: