Հարավային Կովկասի երեք երկրներ, ինչպես նաեւ՝ Ալբանիա եւ Բոսնիա կատարելիք այցի շրջանակներում երեկ Երեւան է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը` Եվրոպայի ու Եվրասիայի գծով պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի ուղեկցությամբ: Երեկ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետին երեկոյան ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հանդիպմանը մասնակցել է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության խնդիրների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Ջեյմս Սթայնբերգը անցած տարվա ընթացքում արդեն իսկ երկու անգամ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված հանդիպել է Հայաստանի իշխանությունների հետ: Այսօր ամերիկացի դիվանագետները մեկնելու են Թբիլիսի, այնուհետեւ` Բաքու: