Կյանքիդ մեռնեմ

24/02/2011

Երեկ պաշտոնապես հրապարակվեց, որ ՀՀԿ առաջարկությամբ իշխող կոալիցիան որոշում է կայացրել փետրվարի 11-ից թափուր մնացած Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Կարեն Անդրեասյանի թեկնածությունը, որը կքննարկվի եւ բնականաբար կընդունվի ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում: Ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա: Իշխանությունը, ինչպես եւ կարելի էր սպասել, բոլոր հնարավոր տարբերակներից ընտրեց ամենավատթարագույնը: Խնդիրն այստեղ ամենեւին Կարեն Անդրեասյանի անձը չէ: Տվյալ դեպքում նա այն տիպաբանական խորհրդանիշն է, որը բնորոշ է Հայաստանի քաղաքական, առավել եւս՝ իշխանական համակարգին: Նա այն տեսակն է, որին, մեղմ ասած, արհամարհում են ազատ մտածող երիտասարդները, եւ որին ձգտում են իշխանական կուսակցությունների երիտթեւերի սլացիկ անդամները: Իրականում Կ. Անդրեասյանի ընտրությամբ իշխանությունը հերթական անգամ ցույց է տալիս այն նշաձողը, արժեհամակարգի այն ներքին շեմը, որին պետք է բավարարել Հայաստանում հաջողության հասնելու, կարիերա անելու համար: Ինչո՞վ է աչքի ընկել Կ. Անդրեասյանը, որ իշխանությունը հատկապես նրան է վստահելու իրականում չափազանց ծանրակշիռ եւ հեղինակավոր այդ ինստիտուտը ղեկավարելու գործը: Մարդը, չլինելով անգամ որեւէ կուսակցության անդամ, իրեն դրսեւորել է՝ իշխանահաճո դիրքորոշումներ եւ նախաձեռնություններ արտահայտելով: Մասնավորապես Կ. Անդրեասյանը հայտնի է վիրավորանքը եւ զրպարտությունը ապաքրեականացնող օրինագծի (կամ դրա գաղափարի) ոչ ֆորմալ հեղինակմամբ, որի շնորհիվ ընդամենը մի քանի օր առաջ դատարանը «Հայկական Ժամանակից» եւս մի քանի միլիոն դրամ տուգանք գանձելու որոշում կայացրեց: Այս երիտասարդին ամբողջությամբ վերահսկվող հեռուստաեթերում նաեւ քաղաքական հաղորդում վարելու իրավունք էր տրվել, եւ ավելի շատ զվարճապատում հիշեցնող իր հարցազրույցներում նա իշխանությանը քծնում էր այնքան, որքան կարողանում էր: Իսկ որպեսզի ավելի պատկերավոր դառնա սույն երիտասարդի տեսակը, բավական է նրա հետեւյալ ինքնագնահատականը, որ նա տվել է երեկ մեր թղթակցի հետ զրույցում: «Եթե որեւէ մեկը հետաքրքրվի, թե ես ինչո՞վ եմ զբաղվել, կտեսնի, որ ամբողջ կյանքում բացառապես զբաղվել եմ լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների պաշտպանությամբ ու նրանց վերաբերյալ օրենքներ գրելով»,- ոչ ավել, ոչ պակաս՝ ասել է նա: Ի՞նչ կարող ենք ասել: Կյանքիդ մեռնեմ: