Երեկ ռուսական Rusrep.ru կայքը հրապարակել է «Wikileaks»-ի նյութերի հերթական չափաբաժինը` այս անգամ Ադրբեջանի իշխող վարչակարգում տիրող տրամադրությունների վերաբերյալ: Նյութերն ընդգրկում են 2006-2009թթ. Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսիի` ԱՄՆ Պետքարտուղարության հետ ունեցած գրագրություններից: «Աջակցելով Իլհամին: Ինչպես համոզել Ադրբեջանին դադարեցնել վնասել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը» (Bringing Ilham along: How to convince Azerbaijan to stop undermining the Turkey-Armenia Process) հեռագրում անդրադառնալով Ղարաբաղը պատերազմով վերադարձնելու Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, դեսպանը գրում է. «Շատ քիչ հավանական է, որ Ադրբեջանը, նույնիսկ մեծ ուշադրություն դարձնելով իր ռազմական ներուժի հզորացմանը, մոտ ապագայում կարողանա զարգացնել այնքան մեծ եւ սպառազինված ուժ, որը կկարողանա հաղթահարել տեղանքի այն առավելությունները, որն ունեն Լեռնային Ղարաբաղի պաշտպանական եւ Հայաստանի բանակները»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ Բաքվի կողմից դրա հակազդեցությանը` Էնն Դերսին նշել է. «Բաքուն խիստ վախեցած է հայերի վրա իր կարեւորագույն լծակը` Թուրքիայի հետ փակ սահմանը, կորցնելուց, եւ կարծում է, որ Սարգսյանն ավելի պակաս շահագրգիռ կլինի Բաքվի հետ բանակցելու հարցում, եթե բաց լինի հայ-թուրքական սահմանը: Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացումը, առանց Լեռնային Ղարաբաղի խնդրում որեւէ բան կորզելու, Բաքվում դիտվում է որպես դավաճանություն»: Ամերիկյան դիվանագետի հեռագրում անդրադարձ կա նաեւ Իլհամ Ալիեւի վարած քաղաքականությանը: «Ալիեւն արեւմտամետ արտաքին քաղաքականությունը (դրա պրագմատիզմով եւ զսպվածությամբ) համատեղում է ավտորիտար ներքին քաղաքականության, այլ քաղաքական հայացքների նկատմամբ անհանդուրժողականության հետ»,- գրել է Դերսին՝ համեմատություն անցկացնելով հայտնի «Կնքահայրը» ֆիլմի հետ: Ըստ դեսպանի, Ալիեւի մեջ արտահայտված են երկու Կոռլեոնեների հատկանիշները` արտաքին քաղաքականության բնագավառում` Մայքլ Կոռլեոնեի, իսկ ներքին քաղաքականության մեջ` Սոնի Կոռլեոնեի որակները: Դեսպանը շեշտում է, որ Ալիեւը խիստ հիվանդագին է արձագանքում իր իշխանությանն ուղղված ցանկացած մարտահրավերի եւ ձգտում է բացարձակ իշխանության: Դերսին գրում է նաեւ 2009 թ. Ալիեւի հետ ունեցած իր հանդիպման մասին: Հանդիպման ժամանակ Ալիեւը կշտամբել էր ԱՄՆ-ին` ասելով, թե Սպիտակ տունը արհամարհում է Ադրբեջանի շահերը եւ հաշվի չի առնում, որ ԱՄՆ-ին հետաքրքրող հարցերում Բաքուն միշտ Վաշինգտոնի կողքին է եղել: Ալիեւը մասնավորապես դժգոհել էր, որ Ղարաբաղյան հարցը դուրս է մղվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Դեսպանը գրել է նաեւ ադրբեջանական վերնախավի մասին: «Բաքվի հայտնի ընտանիքների սերունդները կրթություն են ստացել ռուսական համալսարաններում: Ադրբեջանական էլիտան հսկայական ֆինանսական հետաքրքրություններ ունի Մոսկվայում: Ռուսաստանում 800 հազ. ժամանակավոր աշխատող ադրբեջանցի կա, ովքեր գումարներ են փոխանցում իրենց ընտանիքներին աղքատ, նավթից հեռու գտնվող շրջաններ: Եթե Ռուսաստանը արտաքսի նրանց կամ բարդացնի գումարի փոխանցման գործընթացը, Ադրբեջանին սարսափելի տնտեսական հարված կհասցվի, որը կհանգեցնի սոցիալական լարվածության»։