Անցյալ շաբաթվա վերջին վրացահայերը բողոքի ակցիա էին կազմակերպել Ռուսաստանում Վրաստանի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանության առջեւ, որը միջնորդական առաքելություն է իրականացնում դիվանագիտական հարաբերությունները խզած Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ: Հիմնական պահանջների թվում էին Վրաստանի Հայոց թեմի Հայ Առաքելական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակի շնորհումը, հայկական եկեղեցիների վերադարձը եւ այլն: Թեեւ ցուրտ եղանակի պատճառով բողոքի ակցիան սակավամարդ էր եւ երկար չտեւեց, այդուհանդերձ, ուշադրություն գրավեց: Այս թեմայի շուրջ է մեր հարցազրույցը Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանում բնակվող հայերի իրավունքները պաշտպանող կազմակերպությունների Կոորդինացիոն խորհրդի ներկայացուցիչ Աղասի Արաբյանի հետ:
– Կոնկրետ ի՞նչ պահանջներ էին առաջ քաշվել բողոքի ակցիայի ընթացքում: Որեւէ մեկը դրանց արձագանքե՞լ է: Կա՞ն արդյոք երաշխիքներ, որ ձեր կազմակերպության պահանջները կհասնեն հասցեատիրոջը` Վրաստանի իշխանություններին:
– Մի ճշտում` ես որեւէ կազմակերպություն չունեմ, ինձ հրավիրել էին բողոքի ակցիայի կազմակերպիչները, եւ ես նույնպիսի շարքային մասնակից էի, ինչպես մնացած 30 մասնակիցները: Այդ պիկետը կազմակերպել էին «ՆՈՒՌ» Երիտասարդական միության անդամները եւ մոսկվայաբնակ ջավախահայերը: Ջավախահայերի մեջ կային տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եւ նրանք եկել էին իրենց խորհրդանիշներով: Ի դեպ, միջոցառման մասնակիցների փոքրաթիվ լինելու եւ ակցիայի կարճ տեւելու պատճառը ցուրտ եղանակը չէր: Բողոքի ակցիային մասնակցել ցանկացողների թիվը շատ մեծ էր, սակայն համաձայն Դաշնային օրենքի («Հավաքների, ցույցերի, երթերի եւ պիկետների մասին»)` մասնակիցների թիվը սահմանափակվել էր մինչեւ 30 հոգի: Պիկետի կազմակերպիչների կողմից տարածվել էին մամլո հաղորդագրություններ, նաեւ երկու լեզուներով գրված նամակի պատճեն, որը ակցիայի մասնակիցները ցանկանում էին հանձնել Շվեյցարիայի դեսպանատանը: Պահանջները հետեւյալն էին.
– լուծել Վրաստանի Հայոց թեմի Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի հարցը,
– վերադարձնել բռնակցված հայկական եկեղեցիները, սրբավայրերն ու պատմական հուշարձանները,
– անհապաղ ընդունել կրոնի եւ Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների մասին օրենքը,
– Վրաստանում գրանցված բոլոր կրոնական կազմակերպությունների համար ապահովել հավասար իրավունքներ, պայմաններ եւ ազատություն,
– պահպանել եւ կատարել Վրաստանի Սահմանադրության 19-րդ հոդվածը, որը երաշխավորում է խղճի եւ դավանանքի ազատություն:
Ցավոք, Ռուսաստանում Վրաստանի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանությունից ոչ ոք դուրս չեկավ պիկետի մասնակիցների առաջ, հետեւաբար, ոչ ոք տեղում չպատասխանեց այդ պահանջներին: Ես դժվարանում եմ ասել` կհասնե՞ն արդյոք մեր պահանջները հասցեատիրոջը, սակայն, ինչպես ակցիայի մյուս մասնակիցները, հուսով եմ, որ լիազոր ներկայացուցիչները հարգանք կցուցաբերեն եւ մոտ ժամանակներս հրապարակայնորեն կպատասխանեն առաջադրված բոլոր հարցերին:
– Որքանո՞վ էր նպատակահարմար ակցիա անցկացնել` պահանջելով հայ համայնքին վերադարձնել հայկական եկեղեցիները եւ իրավաբանական կարգավիճակ տալ Վրաստանի Հայոց թեմի Հայ Առաքելական եկեղեցուն հենց այն ժամանակ, երբ այդ հարցերն ուսումնասիրվում են Վրաստանի իշխանությունների կողմից:
– Այդ պիկետը, ինչպես բողոքի ցանկացած այլ ակցիա, իր նպատակն ուներ: Իհարկե, մեր հայրենակիցների մեջ, հատկապես նրանց, ովքեր ներկայումս բնակվում են Վրաստանում, կարծիք կա, թե ավելի լավ է լռել եւ չսրել իրավիճակը, սակայն, վկա է Աստված, ես եւ իմ ընկերները բացարձակապես նպատակ չունենք ազգամիջյան թշնամանք սերմանելու: Իմ խոսքերը հաստատելու համար նկատեմ, որ կարգախոսներից մեկը, որ վանկարկում էին պիկետի մասնակիցները, հետեւյալն էր. «Հայոսն ու Քարթլոսը եղբայրներ են»:
Այդ միջոցառումը նախօրոք պլանավորված էր, իսկ դրա անցկացման համար խթան հանդիսացավ նաեւ Վրաստանի Ուղղափառ եկեղեցու կողմից մեր սիրելի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հովվապետական այցի հերթական հետաձգումը Վրաստան, այդ թվում՝ եւ Սամցխե-Ջավախեթի: Մեր ակտիվացման վրա ազդեցին նաեւ Վրաստանի իշխանությունների կողմից անցկացվող ինտենսիվ բանակցությունները Թուրքիայի տարածքում մի քանի քրիստոնեական եկեղեցիների եւ Վրաստանի տարածքում, հատկապես Սամցխե-Ջավախեթիում, մի քանի մզկիթների վերականգնման ուղղությամբ: Ստացվում է, որ մենք` հայերս, որ վրաց ժողովրդի դարավոր բարեկամն ենք, եւ ավելի քան քսան տարի սպասում ենք Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների ու սրբավայրերի վերականգնման եւ մեզ վերադարձնելու խնդրանքների ու սպասումների պատասխանին, երկրորդ պլան ենք մղվել. այդ հարցերը վրացական կողմը արհեստականորեն բարդացնում է եւ դրանց որոշումը անընդհատ ձգձգում: Փոխարենը՝ թուրքական իշխանություններն իրենց հարցերը, փաստորեն, հեշտությամբ լուծում են:
– Ի՞նչ նպատակներ են ընդհանրապես հետապնդում պիկետին մասնակցած կազմակերպությունները:
– Որքան ինձ հայտնի է, Ռուսաստանում չկա ոչ մի գրանցված հասարակական կազմակերպություն, որը զբաղվի միմիայն ջավախահայության խնդիրներով: Եթե անգամ կան էլ այդպիսի կազմակերպություններ, ապա դրանք Ռուսաստանում պաշտոնապես գրանցված չեն, եւ նրանցից ամեն մեկը զբաղվում է որոշակի գործունեությամբ` հիմնականում բարեգործությամբ, մեկենասությամբ եւ մշակութային-լուսավորչական գործունեությամբ: Ինչ վերաբերում է իմ հասարակական գործունեությանը, ապա ես Սամցխե-Ջավախեթիում բնակվող հայերի իրավունքների պաշտպանության կազմակերպությունների Կոորդինացիոն խորհրդի ներկայացուցիչն եմ ՌԴ-ում: Այդ խորհուրդը ստեղծվել է մի քանի տարի առաջ, եւ նրա կազմի մեջ մտնում են տարբեր հասարակական եւ հասարակական-քաղաքական կազմակերպություններ:
– Որքանո՞վ է ճիշտ՝ Ջավախքի հարցերով զբաղվել Ռուսաստանում, որը, ամենայն հավանականությամբ, Վրաստանի ռազմավարական անվտանգության հայեցակարգում թշնամի կհայտարարվի:
– Իհարկե, Սամցխե-Ջավախեթիից դուրս, առավել եւս՝ Ռուսաստանում, այդ շրջանի խնդիրներով զբաղվելը կարող է ոչ այնքան կոռեկտ եւ տեղին թվալ: Սակայն շրջանի բնակիչներն այսօր փաստորեն ապրում են արտաքին ֆինանսական տրանսֆերների հաշվին, իսկ շրջանի, այսպես կոչված, սոցիալական եւ քաղաքական իրավիճակը անխզելիորեն եւ փոխադարձաբար կապված են իրար հետ: Պարզ ասած` սփյուռքում բնակվող ջավախահայերը երբեք չեն կարող գոհ մնալ` իրենց հայրենակիցներին միայն ֆինանսական օժանդակություն ցույց տալով, քանի որ, այսպես թե այնպես, ուզում են թե չեն ուզում, միշտ հարցեր են ծագելու` կապված իրենց հայրենակիցների իրավունքների եւ ազատության պաշտպանության հետ: Եվ հավատացնում եմ, որ Ռուսաստանն այստեղ կապ չունի: Ինքներդ դատեք, Ռուսաստանի ինչի՞ն է պետք ապակայունացնել իրավիճակը Ջավախքում, երբ մի քանի տարի առաջ այնտեղ ռազմաբազա ուներ, եւ Ռուսաստանը կարող էր այն դուրս չբերել` հաշվի չառնելով ոչ մի հորդոր եւ մեղադրանք: Ռուսաստանն առավել քան շահագրգռված է, որպեսզի Սամցխե-Ջավախեթիում, ինչպես նաեւ՝ ողջ Հարավային Կովկասում, խաղաղություն եւ հանդարտություն տիրի: Առավել եւս, որ առջեւում Սոչի-2014 Ձմեռային օլիմպիական խաղերն են, եւ այս պահին նոր թեժ կետ Մեծ Կովկասի տարածքում Ռուսաստանին պարզապես պետք չէ:
– Ձեր գործունեությունը դժվար թե դուր գա Վրաստանի իշխանություններին: Մտավախություն չունե՞ք արդյոք Դուք եւ Ձեր համախոհները Ջավախքում բնակվող ձեր հարազատների անվտանգության եւ ճակատագրի հանդեպ:
– Ես մեծացել եմ Ախալցխայում, եւ մեր բակը «իտալական բակի» էր նման, այսինքն` մենք` հայերս, վրացիները, հրեաները, հույները, ռուսները եւ տարբեր այլ ազգեր, միասին էինք ապրում, եւ ազգային խնդիրներ չէինք ունենում: Մեր ավանդույթներն այնքան էին միաձուլված, որ երբեմն անգամ դժվար էր տարբերել, թե որ ազգի ընտանիքում ես գտնվում: Պարծենկոտություն չհամարեք, բայց մի անգամ ես մի քանի հայ առաջնորդների հետ ամեն ջանք գործադրեցի եւ թույլ չտվեցի, որ հայ-վրացական կոնֆլիկտ ծագի: Այն ժամանակ մեր ժողովուրդները կանգնած էին արյունահեղության շեմին: Դա 1990թ. էր, եւ այն ժամանակ դրված էր նաեւ Ախալցխայի Սուրբ Նշան հայկական եկեղեցին տեղի հայ բնակչությանը վերադարձնելու հարցը: Արդյունքում՝ իմ ջանքերը պատճառ դարձան, որ այն ժամանակվա իշխանությունները իմ նկատմամբ հալածանքներ սկսեցին, եւ ես ստիպված եղա հեռանալ Վրաստանից: Ես սա ասում եմ ոչ թե նեղացած, այլ բավարարվածության զգացումով, որ թեկուզ ինչ-որ բանով կարողացել եմ օգտակար լինել մեր երկու եղբայրական ժողովուրդներին:
Ինքներդ դատեք, երբ վրաց քաղաքական գործիչները կամ հասարակ քաղաքացիները ամեն կերպ աշխատում են իրենց սերն արտահայտել իրենց երկրի նկատմամբ, ապա դա գովեստի է արժանանում: Այդ դեպքում ինչո՞ւ ես` որպես հայ, չեմ կարող սիրել իմ հայ ժողովրդին: Ես բազմիցս ասել եմ եւ նորից կկրկնեմ. սիրել քո ժողովրդին, քո հավատքը` չի նշանակում՝ ատել մյուսներին: Ես երբեք, ոչ սրանից առաջ, ոչ էլ հիմա, ոչ մի վատ բան չեմ ասել ո՛չ Վրաստանի եւ ո՛չ էլ վրաց ժողովրդի մասին, եւ հիմա էլ այդպիսի մտադրություն չունեմ: Ավելին, եթե կարիք լինի` իմ հնարավորությունների սահմանում ես պատրաստ եմ ակտիվ մասնակցություն ունենալ վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ դրանով աշխատել օգուտ բերել դեռ վերջերս եղբայրական այս երկու ժողովուրդներին:
Համոզված եմ, որ Վրաստանի իշխանությունների ողջախոհությունը վեր կկանգնի անհիմն ու վնասակար զգացմունքներից: Այսօր Սամցխե-Ջավախեթիում խնդիրներ կան, եւ դրանք պետք է լուծել, այդ պատճառով հարկավոր է փնտրել առողջ, օգտակար փոխհամաձայնություն: Պետք է կարողանալ լսել եւ հասկանալ քո ժողովրդին, ոչ թե ահաբեկելու եւ ճնշելու պատճառներ փնտրել:
– Խոսեցիք ռուս-վրացական հաշտության մասին: Կարծում եք՝ դա այսօր հնարավո՞ր է:
– Ինչքան շատ մարդիկ դա ուզենան, այնքան արագ այդ ցանկությունը կիրականանա: Ես մեկն եմ նրանցից, ովքեր ուզում են դա: Ես իրավասություններ եւ իշխանական լծակներ չունեմ նման բարդ եւ ցավոտ հարցեր լուծելու համար: Սակայն իմ շուրջ կան բարի, ազնիվ եւ կիրթ մարդիկ, որոնք որոշակի վարչական ներուժ ունեն, եւ նրանք հաճույքով կմիանան այդ հարցի լուծման գործընթացին, եթե դրա համար լինի իշխանությունների համապատասխան կամքը:
– Վրաստանի իշխանությունն ակտիվորեն գովազդում է իր հաջողությունները: Մասնավորապես, Ջավախքի մասին խոսելիս: Խորհրդային տարիներից սոցիալ-տնտեսական դժվարություններ ունեցող այս շրջանում իշխանությունները իբրեւ իրենց ձեռքբերում՝ նշում են վերանորոգված ճանապարհները, դպրոցները, հիվանդանոցները, նոր ավտոմայրուղին, որով մինչեւ Թբիլիսի կարելի է հասնել մոտ երկու ժամում. այն հանդիսավոր պայմաններում բացեց ինքը` Միխայիլ Սահակաշվիլին: Մի խոսքով` տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունները վերջապես լրջորեն սկսել են զբաղվել այս տարածաշրջանով: Դա արդյո՞ք այդպես է:
– Բոլորն էլ լավ են հասկանում, որ ճանապարհները կառուցվել են արտասահմանյան ծրագրերի, դրամաշնորհների եւ Արեւմուտքի ֆինանսական աջակցության շնորհիվ: Անարդարացի կլիներ թերագնահատել Վրաստանի իշխանությունների վաստակն այս գործում, եւ պետք է նրան արժանին մատուցել: Սակայն գերագնահատելու կարիք նույնպես չկա: Սամցխե-Ջավախեթիում երբեք էլ նորմալ ճանապարհներ չեն եղել, եւ, իհարկե, մարդիկ շատ ուրախ էին: Շինությունների ճակատային մասերի վերանորոգումը տեղի բնակչության աչքը շոյում է, սակայն, ինչպես ասում են, հիվանդությունը պետք է բուժել, ոչ թե ժամանակավորապես թեթեւացնել հիվանդի վիճակը:
– Ջավախքում դեռ ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան:
– Խնդիրները շատ են, բայց ամենակարեւորները, իմ կարծիքով, կապված են մեր ազգային լեզվի` հայերենի ուսուցման եւ պահպանման հետ: Միանգամայն ժողովրդավարական եւ ուղղակի հումանիստական քայլ կլիներ, եթե Ջավախքում, վրացերենից բացի, թույլ տային նաեւ հայերենն օգտագործել որպես այս շրջանի համար պաշտոնական լեզու: Չէ՞ որ գործավարությունը բավականին լայն հասկացություն է` սկսած դպրոցական մատյանները լրացնելուց, մինչեւ հասարակ դիմում գրելը: Ջավախքում ոչ ոք դեմ չէ վրացերենի ուսուցմանն ու կիրառմանը: Ժամանակ է պետք. այս հարցում պարտադրանքի մեթոդներ կիրառելն անթույլատրելի է: Շատ կարեւոր խնդիր է նաեւ գործազրկության դեմ պայքարը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը: Շրջանը գյուղատնտեսական շրջան է: Սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել, այսինքն` շրջանն ապահովել գյուղտեխնիկայով, համապատասխան լոգիստիկ եւ վերամշակող ենթակառույցներով: Անպայման պետք է նաեւ, որ սրան միանան ՀՀ-ն ու սփյուռքը:
– Որքանո՞վ է հիմնավոր պաշտոնական Թբիլիսիի մտահոգությունը` Ջավախքում հնարավոր անջատողականության առնչությամբ:
– Սամցխե-Ջավախեթիում անջատողականություն չկա. սա ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել: Հեռուն չգնանք. բավական է հիշել ոչ այնքան վաղուց տեղի ունեցած իրադարձությունները: Դա կարելի էր հասկանալ 2008թ. օգոստոսի Վրաց-հարավօսական պատերազմի ժամանակ: Եթե ինչ-որ մեկը անջատողականություն ասելով՝ հասկանում է որոշ ջավախեցի ակտիվիստների` շրջանին ինքնավարություն տալու պահանջը, ապա սա ընդամենը քաղաքացիական հասարակության մեջ ինքնավարության ձեւերից մեկն է, սա երկրի իշխանության ապակենտրոնացման մի ձեւ է: Այս ցանկությունը միանգամայն ժողովրդավարական է, եւ դրա հետեւում ոչ մի անջատողականություն չկա, թեեւ Վրաստանում վերջերս տեղի ունեցող իրադարձություններից հետո կարելի է հասկանալ վրաց ժողովրդի եւ Վրաստանի իշխանությունների մտավախությունը: Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանի հայ համայնքը վրաց ժողովրդի մի մասնիկն է: Վրաստանի իշխանությունները, ինչպես ցանկացած այլ երկրի իշխանություն, պարտավոր է ծառայելու իր ժողովրդին եւ ամեն ինչ անելու, որ ժողովուրդն ապրի արժանավայել եւ իրեն երջանիկ զգա: Երբ իշխանությունները դադարում են կատարել իրենց պարտականությունները, այդ ժամանակ ժողովրդի մեջ սկսում են իշխանափոխության կամ էլ երկրի կազմից դուրս գալու մասին մտքեր առաջանալ: Օրինակները շատ են, երբ ժողովուրդը անելանելիությունից սկսում է տարբեր հրապարակային ակցիաների եւ գործողությունների դիմել: Այդ պատճառով մենք բոլորս պետք է հարգենք միմյանց ու միասին լուծենք կուտակված խնդիրները: