Մոսկվայով` Երեւան

24/02/2011

Լիբիայից տարհանված Հայաստանի Հանրապետության չորս քաղաքացիները բարեհաջող հասել են Մոսկվա: Այդ մասին երեկ ասել է Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

Տարհանումն իրականացվել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդանավերով, որոնք վայրէջք են կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Այնտեղ ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը: Նրա վկայությամբ` Հայաստանի այս քաղաքացիների հետ կապ հաստատելուց ի վեր Լիբիայում այս անձանց անվտանգությունն ապահովված է եղել: Քանի որ Հայաստանը Լիբիայում դիվանագիտական ներկայացուցչություն չունի, Հայաստանի արտգործնախարարությունը խնդրել է Լիբիայում Ռուսաստանի դեսպանությանը՝ Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանի դեսպանատանն ապաստան տալ, որտեղ էլ նրանք մնացել են մինչ երեկվա թռիչքը:

ԱԳՆ-ի խոսնակը փոխանցել է նաեւ տարհանված հայերի անուն-ազգանունները` Գեւորգ Աստվածատրյան, Արտակ Մնացականյան, Կարապետ Բաբաջանյան եւ Անի Ղազարյան: Այս չորս անձանցից բացի, Լիբիայում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող մի քանի հայեր եւս եղել են: Նրանք եւս Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդանավերով տեղափոխվում են Մոսկվա: