Պատանի դաշնակահարի կյանքը վտանգի տակ է

24/02/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դեռեւս մի քանի ամիս առաջ 16-ամյա Կարենի համար մասնագետները փայլուն ապագա եւ լավագույն բեմերում ելույթներ էին կանխատեսում: Նույնքան լավատեսությամբ ու հպարտությամբ էլ Կարենի ծնողներն էին ամեն ինչ անում` նրա երաժշտական տաղանդը զարգացնելու հարցում ոչինչ չխնայելով:

Տղայի ծնողները ցույց են տալիս պատանի դաշնակահարի երաժշտական տարբեր մրցույթների ժամանակ ստացած մրցանակներն ու պատվոգրերը, այն ելույթների մասին պատմող լուսանկարները, որոնցով շատերն են հիացել: Մարտ ամսին «Նոր անուններ» հիմնադրամի մասնակիցների կազմում ընդգրկվել է նաեւ Կարենը, ով համերգներով ելույթ է ունեցել Ֆրանսիայում, Իտալիայում եւ Մոնակոյում: «Կարենի մոտ բարձր ջերմություն էր սկսվել, սակայն, չնայած դրան` նույնիսկ այդ վիճակում նա 11 համերգներում ելույթ է ունեցել»,- պատմում էին Կարենի ծնողները` Անժելան ու Էդուարդը: Հայաստան տեղափոխվելուն պես ծնողները Կարենին տարել են Երեւանի հիվանդանոցներից մեկում հետազոտման, որի ընթացքում մասնագետները ասել են` «մրսածություն է, կանցնի»: Մինչդեռ, տղայի վիճակը գնալով վատացել է, իսկ ջերմությունը մշտապես շատ բարձր է եղել: «Մենք շատ անհանգիստ էինք, մշտապես բարձր ջերմություն ուներ: Շատ արագ որոշում կայացրեցինք՝ նրան տեղափոխել Լենինգրադ»,- ասում է տղայի մայրը` Անժելան, ում քույրը Սանկտ Պետերբուրգում է ապրում, եւ նրա մոտ տեղափոխվելուց հետո Կարենին անմիջապես մասնագետի մոտ են տարել: Երկարատեւ հետազոտություններից հետո նրա մոտ հայտնաբերվել է լեյկեմիա հիվանդությունը: Անժելայի եւ Էդուարդի երեք երեխաներից փոքրը` Կարենն, այժմ ծանր վիճակում է գտնվում: Արդեն քանի օր է` նա Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում արհեստական շնչառական ապարատով է ապրում: «Լենինգրադի N 1 քաղաքային հիվանդանոցում քիմիաթերապիա ստացավ: Սակայն առողջանալու համար անհրաժեշտ էր մասնագետների տերմիններով ասած` հոմեոպատիկ ցողունային բջիջների փոխպատվաստում: Տեղափոխեցինք Իսրայել, որտեղ Թել Ավիվի «Թել ա Շոմեր» բժշկական կենտրոնում էլ կատարվեց փոխպատվաստումը»,- պատմում է Անժելան, ով ի վիճակի չէ նույնիսկ նկարագրել փոխպատվաստումից հետո Կարենի տառապանքները: Հետփոխպատվաստման ընթացքը այնքան ծանր է եղել, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Կարենին որոշ ժամանակ անց ստիպված են եղել կրկին տեղափոխել հիվանդանոց: «Բժիշկներն ասացին, որ հայտնաբերվել է, այսպես կոչված, «DVHD», որն անվանում են` պայքար ռեցիդենտ-դոնոր: Այսինքն` փոխպատվաստումն իրենց սպասածից վատ է եղել: Դոնորը եղել է ամուսինս, եւ այնպես է ստացվել, որ արյունը քիչ են ներարկել եւ ոսկրածուծին չի հասել: Սկսեցին կիրառել ամենաժամանակակից եւ թանկ դեղամիջոցները, որի արդյունքում վնասվեց տղայիս լյարդը, որի բուժման արդյունքներն առայժմ մտահոգիչ են, եւ արդյունքներ չեն արձանագրվում»,- պատմում է Կարենի մայրը: Այժմ բժիշկ-մասնագետները Կարենի կյանքը փրկելու հարցում միակ միջոց են տեսնում միջփոխպատվաստումը, որպեսզի արդեն ստիպողաբար աշխատի ոսկրածուծը: Առայժմ միջփոխպատվաստումը հետաձգվում է գումարի բացակայության պատճառով: Կարենի ընտանիքը նրա բուժման համար թեեւ վճարել է 225.000 դոլար, այդուհանդերձ, 120.000 դոլարից ավելի կուտակած պարտքի պատճառով այլեւս չի կարողանում անհրաժեշտ գումարը հայթայթել: Ծնողները վստահեցնում են, որ բուժման համար Կարենին մեծ աջակցություն են ցուցաբերել տարբեր կազմակերպություններ, հիմնադրամներ, անհատներ եւ անգամ նրա ընկերները, ովքեր համերգ կազմակերպելով կարողացել են որոշակի գումար հավաքել: «Անչափ շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ձեռք մեկնեցին: Ամբողջ գումարով կարողացանք բուժման հարցերը լուծել, բայց, փաստորեն, հիմա նրա կյանքը կախված է այդ միջփոխպատվաստումից, որը բավական թանկ է: Մենք` Կարենի հարազատներս, խնդրում ենք օգնություն ցուցաբերել նրա կյանքը փրկելու համար: Այլեւս գումար վճարելու հնարավորություն չունենք: Նրա կյանքը հիմա կախված է այդ անհրաժեշտ գումարը ձեռք բերելուց եւ միջփոխպատվաստումն իրականացնելուց»,- ասում են ծնողներն, ովքեր դիմել են մեր թերթին` ընթերցողներին խնդրելով աջակցել իրենց եւ հնարավորության դեպքում փոխանցում կատարել ներքոնշյալ հաշվեհամարին:

Կարենն, արդեն քանի օր է, ծանր վիճակում գտնվում է Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Ասում են` մի ցանկություն է հայտնել. խնդրել է, որ եղբայրը Հայաստանից մեկնի իր մոտ: Շատ է կարոտել… Երեկ նրա եղբայրը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ: Սակայն Կարենն արդեն արհեստական շնչառության ապարատով է շնչում: Ծնողներն առայժմ ամեն ժամ, ամեն րոպե սպասում են հրաշքի, որի միջոցով հնարավոր կլինի միջփոխպատվաստումը: «Մենք` Կարենի հարազատներս, խնդրում ենք Ձեզ, պատանի դաշնակահարի եւս մեկ ընկեր դառնալ եւ ձեր ուժերի չափով օգնություն ցուցաբերել նրա բուժման համար»,- խնդրում են նրա հարազատները:

Կարեն Սաֆարյանին օգնել ցանկացողները կարող են փոխանցում կատարել «Զարգացման հայկական բանկում» բացված հետեւյալ հաշվեհամարին` 1810003508660100: