Քրմերը` քաղաքական մեկնաբաններ, իսկ դիվանագետները` սուրհանդակներ երկնքի եւ երկրի միջեւ
Հելլադայի միջազգային կարեւոր ինստիտուտներից մեկը հեթանոսական միություններն էին, որոնք կազմավորվում էին սրբավայրերի եւ տաճարների շուրջը եւ կոչվում էին ամփիկտիոններ: Դրանցից ամենահայտնին Կենտրոնական Հելլադայում` Դելֆիքում գործող Ապոլոնի տաճարն էր, որը կառուցվել էր IX դարում: Ըստ ավանդապատումի՝ տաճարն այդ տեղում հիմնվեց այն պատճառով, որ հովիվն ու նրա այծերը պատահաբար հայտնվեցին անդունդի եզրին եւ շնչելով նրա հատակից բարձրացող արբեցնող գոլորշիները՝ խելքները թռցրին:
Այնժամ հովիվը դիմեց քուրմերի խորհրդին: Նրանք ասացին, որ այդտեղ ժամանակին Ապոլոնը սպանել է վիշապ Պիթոնին, ինչը բարու եւ լույսի հաղթանակն է չարի ու խավարի դեմ: Այնպես որ, տեղում հարկ է կառուցել տաճար եւ պատգամատուն: Տաճարը կանգնեցվեց եւ խիստ հարստացավ, հատկապես՝ գաղութարարության շրջանում, դարձավ միջազգային կրոնական ուխտատեղի: Նրա խորհրդավոր մասում` պատգամատանը, գիշեր-ցերեկ հերթապահում էր քրմուհին` պիթիան: Այս պիթիան մի կում ջուր էր խմում Կասոտիսի սրբազան վտակից, ծամում էր դափնու սրբազան տերեւը, հետո նստում էր անդունդի եզրին դրված եռոտանու վրա եւ շնչելով այնտեղից բարձրացող թունավոր գոլորշիները՝ ընկնում էր էքստազի մեջ ու բարձրաձայն խոսում: Նրա արտասանած բառերը կողքին կանգնած քրմերը մեկնաբանում էին որպես Ապոլոնի կամք: Դելֆիքում չորս տարին մեկ տեղի էին ունենում Պիթիական խաղերը, բանաստեղծների եւ երաժիշտների մրցություն: Տաճարի եւ նրա քրմերի ազդեցությունը տարածված էր Հունաստանի սահմաններից դուրս: Դելֆյան պատգամախոսը եւ տաճարի քրմերը անառարկելի հեղինակություն էին վայելում Հին Հունաստանի քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական կյանքում: Նրանց դիմում էին պետական ինստիտուտները, կառավարական մարդիկ, անվանի գիտնականները, փիլիսոփաները, գրողներն ու արվեստագետները: Դելֆյան պատգամատան քրմերը, կենտրոնացնելով իրենց ձեռքում ֆինանսական եւ նյութական հսկայական միջոցներ, փաստորեն ուղղորդում էին երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Առանց Դելֆյան պատգամատան խորհրդի՝ չէին վճռում պատերազմի եւ զինադադարի հարցերը, չէին ստորագրում միջազգային պայմանագրեր, չէին նվաճում նոր հողեր: Այդուհանդերձ, քրմերի խոսքը լինում էր երկիմաստ եւ ոչ հստակ, որի պատճառով էլ այն տարբեր կերպ էր մեկնաբանվում: Սա շատ կարեւոր հանգամանք է, որն արժանի է հատուկ ուշադրության:
…Լյուդիայի թագավոր Կրեսոսը որոշել էր հարձակվել Պարսկաստանի վրա: Դելֆին գուշակեց, որ եթե նա անցնի Գալիս գետը՝ խոշոր կայսրությունը կկործանվի: Ինչպես հայտնի է՝ կործանվեց Լյուդիան: Եվ երբ Կրեսոսը գանգատվեց, թե Ապոլոնը խաբեց իրեն, պատասխանը եղավ. «Երբ դու անցար Գալիս գետը՝ կործանվե՞ց խոշոր կայսրություն: Կործանվեց: Բայց դա ոչ թե պարսկական կայսրությունն էր, այլ քո»: Գուշակներն ավելացրին, որ նա պետք է դեռ գոհ լինի, որ Ապոլոնը երեք տարի ուշացրեց Լյուդիայի կործանումը: Այնպես որ, անկախ նրանից` Ապոլոնի խորհուրդը իրականանո՞ւմ էր, թե՞ ոչ, նա միշտ ճիշտ էր: Աստվածն անսխալական է: Իսկ որ հույները խիստ տարված էին ապագան, անգամ անցյալն ու ներկան գուշակելու ցանկությամբ, ապացուցված է գիտնականների կողմից: Պլատոնն անգամ տեսության պես մի բան է մշակել, գուշակությունը բաժանելով երկու խմբի. ինտուիտիվ կամ բնական, ինդուկտիվ կամ արհեստական: Այդուհանդերձ, քաղաքական կանխատեսումն անշնորհակալ գործ է: Փորձառու քաղաքագետները լավ գիտեն դա եւ հնարավորինս խուսափում են դրանից: Այս առիթով կարելի է հիշել Ուինստոն Չերչիլին:
Սկզբնական շրջանում հանդիսանալով զոհաբերությունների եւ տոնակատարությունների կենտրոններ՝ ամփիկտիոններն աստիճանաբար վերածվեցին միջազգային բնույթի կրոնական-քաղաքական ինստիտուտների, որոնք վճռական դեր էին խաղում Հունաստանի կյանքում: Սրանով է բացատրվում այն սուր պայքարը, որը մղում էին հունական պետությունները կարեւորագույն ամփիկտիոններում` ղեկավար դիրքեր գրավելու համար: Նրանց ձեռքում կենտրոնացված էր ինֆորմացիայի հսկայական աղբյուր, որն օգտագործվում էր իշխանությունների կողմից: Ամփիկտիոնները յուրատեսակ հետախուզական եւ հակահետախուզական կենտրոններ էին, որտեղ ծնվում եւ իրագործվում էին զանազան ռազմական ու դիվանագիտական կոմբինացիաներ, կազմվում էին լրտեսական ցանցեր, հավաքագրվում էին տեղական եւ օտարերկրյա գործակալներ:
Հեթանոսական կրոնի դերն անտիկ հասարակության կյանքում լավ պատկերացնելու համար հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ այն ֆունդամենտալ կերպով տարբերվում է քրիստոնեությունից եւ մյուս կրոններից: Այդ տարբերության մեջ առաջին հերթին առանձնանում է հեթանոսության «բազմաստվածությունը»: Հույների համար աշխարհը լիքն էր աստվածներով: Հելլադայի պանթեոնում գրանցված են հիմնականում տասներկու աստվածները: Չհաշված՝ ավելի փոքր տրամաչափի աստվածները: Սակայն մեր թեմայի համար դա այնքան էլ էական չէ: Վերջին հաշվով, բոլոր հին ժողովուրդներն իրենց շրջապատել են հսկայական քանակությամբ աստվածներով, աստվածուհիներով եւ կիսաստվածներով, որոնց կամքով նրանք ծնվել են, ապրել կողք կողքի եւ նրանց կամքով էլ հեռացել են կյանքից: Բնությունը, բնական երեւույթները, ֆիզիկական առարկաները, անգամ վերացական հասկացողությունները նրանք ընկալել են աստվածների միջոցով, դիտել նրանց աչքերով, մեկնաբանել նրանց օգնությամբ: Առանց աստվածների ոչինչ չի կատարվել ոչ բնության մեջ, ոչ պետական գործերում, առավել եւս` անձնական կյանքում: Հին հույների կրոնական հավատալիքների մեջ հատուկ նշանակություն էր ստացել բնության տարբեր երեւույթների եւ նշանների հիման վրա գուշակելու արվեստը: Այդ մասին առաջին անգամ գրել է Հոմերոսը: Հաճախ գուշակում էին հավքերի թռիչքների եւ կռինչի, զոհաբերված անասունների փորոտիքի վրա: Մեծ տեղ էր հատկացվում երազահանությանը եւ հորոսկոպին: Երկու լուսատուներն` Արեւն ու Լուսինը, աթենացիների կողմից ընկալվում էին որպես Աստծո աչքեր: Եվ երբ այդ աչքերից մեկը փակվեց, նրանց բանակը Պելոպոնեսյան պատերազմում մեկ ամիս պաուզա տվեց Սիրակուզայի մատույցներում, որի հետեւանքով ծանր պարտություն կրեց:
Իսկ ի՞նչ գործ ունեն դիվանագետներն աստվածների հետ: Պարզվում է, որ ղեկավարությունը նրանց վրա է դրել նաեւ սրբավայրերի եւ պատվիրատուների միջեւ դիվանագիտական սուրհանդակի պարտականությունը: Այսինքն` խելոք մարդիկ եք, գնացեք եւ տեղեկացեք այս կամ այն միջոցառման կամ երեւույթի վերաբերյալ վերեւներում նստածների հեղինակավոր կարծիքի մասին եւ դրանք հաղորդեք ուր որ անկ է: Այսպիսով, քրմերից եւ բազմապրոֆիլ գուշակներից ստանալով համապատասխան հանձնարարական, դեսպանը դրանք փոխանցում էր «պատվիրատուներին», որոնք կարող էին լինել` սկսած թագավորներից, վերջացրած տարբեր տրամաչափի քաղաքական եւ ռազմական գործիչներով: Անտիկ աշխարհում հենց այդպես էլ դեսպաններին անվանում էին. «Հրեշտակներ»:
Ըստ երեւույթին, սա շատ է դուր եկել միջնադարյան վենետիկյան հոգեւորականներին, եւ երբ դիվանագիտությունը սկսել է ձեւավորվել որպես մասնագիտություն՝ նրանք փորձել են ապացուցել, թե առաջին դիվանագետները եղել են հրեշտակները, որոնք որպես դեսպաններ՝ ապահովել են կապն Աստծո եւ հասարակ մահկանացուների միջեւ: Այդ պոստուլատը քննադատության ենթարկվեց Իտալացի երեւելի դեմքերի` Դանթեի, Պետրարկայի, Բոկաչիոյի, իսկ ավելի ուշ` Մաքիավելիի եւ Գվիչարդինիի կողմից, ովքեր այս կամ այն չափով առնչվել են դիվանագիտության հետ:
Զի անթիվ են մեղքերն աստվածների
Հունական աստվածները միանգամայն մոտ էին մարդկանց, խառնվում էին նրանց գործերին, չէին տարբերվում նրանցից, չհաշված, որ գործում էին հրաշքներ, եւ մեկ էլ անմահ էին: Այսպիսով, աստվածները նման էին մարդկանց, ունեին իրենց թերությունները, նկատվում էին սիրային արկածախնդրություններում, գործում էին ամուսնական դավաճանություն: Նրանք բացարձակապես սրբակենցաղ չեն եղել: Աստվածները թույլ էին տալիս այնպիսի արարքներ, որ մենք՝ քսանմեկերորդ մեղսավոր դարի վաստակաշատ մեղավորներս, նրանց փոխարեն կարող ենք կարմրել եւ գետնի տակն անցնել: Քսենոֆոնը գրում է. «Հոմերոսը եւ Հեսիոդոսը աստվածներին վերագրել են մարդկային ամենաանպատվաբեր, ամենաստոր արատները. գողություն, խաբեբայություն, այլասեռություն»: Եթե աստվածներն այդ արատներն իրենց պահեին` Աստված նրանց հետ: Սակայն նրանք հաճախ անբարոյականություն էին քարոզում, այն էլ՝ հենց սրբավայրերում:
…Սիրո եւ գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեն դարեր շարունակ հիացրել է մարդկանց, գերել նրանց երեւակայությունն ու զգացմունքները: Այնինչ` նա հեռու է բարեպաշտության կանոններից, այնքան՝ որքան երկինքն` իրեն ծնած ծովի ալիքներից: Աֆրոդիտեն պատգամել է, որ յուրաքանչյուր կին կյանքում գոնե մեկ անգամ պետք է նստի Բաբելոնի` իր անունը կրող սրբավայրում եւ տրվի բոլորովին անծանոթ մարդու, որին դուր կգա: Անծանոթն արծաթե դրամը գցում է նրա փեշի մեջ, փողի քանակը նշանակություն չունի, եւ դուրս տանելով սրբավայրից՝ նրա հետ անում այն` ինչ ցուցանել էր Աֆրոդիտեն: Դեռ լավ է, որ կատարվածին մշտական բնույթ չէր հաղորդվում: Աստվածուհու որոշումն այսպիսին էր. կատարեցիր պարտքդ, գնա ամուսնուդ մոտ եւ հերթը փոխանցիր հաջորդին: Սա վերաբերում էր գեղեցիկ եւ բարեկազմ կանանց, որոնց պահանջարկը մեծ էր: Իսկ տգեղներին, որոնք երկար` նույնիսկ երեք կամ չորս տարի սպասում էին հրավերի, Աֆրոդիտեն բաց չէր թողնում, թե` պարտականություններդ կատարեք` հետո: Կարճ ասած, Աֆրոդիտեն կանգնած է Հելլադայում եւ հարեւան երկրներում լայնորեն տարածված սրբազնացրած (կրոնական) պոռնկության ակունքներում: Ընդհանրապես, սիրո եւ գեղեցկության աստվածուհին խիստ ազատամիտ էր իր գործողությունների եւ փնթի կապերի մեջ: Նա մեկ անգամ չէ, որ դավաճանել է ամուսնուն` Հեփեստոսին՝ աստվածների եւ մահկանացուների հետ: Ամուսինը, որից Աֆրոդիտեն հինգ երեխա ուներ, նրան բռնել է պատերազմի աստված Արեսի հետ «դեպքի վայրում»: Մի երեխա էլ նա ուներ Հերմեսից` դիվանագետների աստծուց, որին մենք դեռ կանդրադառնանք: Եթե Աֆրոդիտեի արարքները սահմանափակվեին նրա սիրային արկածներով` կասեինք, թե դա իր անձնական գործն է: Սիրուն, երես առած կին է, անում է, ինչ ուզում է: Բայց նրա մատը խառն է նաեւ Անտիկ աշխարհի ամենաարյունահեղ պատերազմներից մեկի ծագմանը: Ահա թե ինչպես:
…Աքիլեսի ծնողների՝ Թեսալիայի Պելեւս թագավորի եւ ծովի աստվածուհի Թետիսի հարսանիքին հրավիրված էին բոլոր աստվածներն ու աստվածուհիները, բացի ծիածանի աստվածուհուց, որի անունն էր Իրիս: Նա` վիրավորված, որոշում է վրեժխնդիր լինել: Կանանց վրեժը միշտ էլ եղել է նենգ, անտիկ ժամանակներում՝ առավել եւս: Իրիսը դահլիճ նետեց ոսկե խնձոր, վրան գրած. «Ամենագեղեցիկին»: Իսկ հարսանյաց խնջույքին ներկա էին երեք հզորագույն կանայք` իմաստության աստվածուհի Աթենաս Պալլասը, աստվածների թագուհի Հերան` գերագույն աստված Զեւսի կինը, եւ Աֆրոդիտեն: Նրանք քիչ էր մնում իրար մազ փետեին մի խնձորի համար: Այնժամ Զեւսը որոշում կայացրեց, որ դիվանագետների աստվածը` նույն ինքը՝ Հերմեսը սրանց ուղեկցի Տրոյայի թագավոր Պրիամոսի որդի Պարիսի մոտ, որպեսզի նա վեճը կարգավորի: Գայլին (Հերմեսին) կարգում են գառների պահապան: Աֆրոդիտեն ու Հերմեսը ժամանակ չեն կորցնում: Այստեղ էլ աստվածուհին հղիանում է: Գալով Պարիսի մոտ՝ աստվածուհիները գործի են դնում կաշառքի միջոցը` խնձորը ձեռք գցելու համար: Հերան խոստանում է նրան կարգել երկրների իշխան, Աթենասը` պարգեւել իմաստություն եւ երջանկություն: Իսկ Աֆրոդիտեն՝ նրանցից ամենախարդախամիտը, Պարիսին խոստանում է աշխարհի ամենագեղեցիկ կնոջը` Հեղինեին: Պարիսին գայթակղում է վերջին առաջարկը, եւ Աֆրոդիտեին հայտարարելով հաղթող՝ նվիրում է ոսկե խնձորը: Հետո Աֆրոդիտեն Պարիսի ձեռքը բռնած հյուր է գալիս Սպարտայի թագավոր Մենելայոսի մոտ, որի կինն էլ հենց խոստացված Հեղինեն էր: Թագավորը փառք ու պատվով ընդունում է հյուրերին, իսկ երբ մի օր բացակայում է քաղաքից, Պարիսն Աֆրոդիտեի օգնությամբ ստորաբար փախցնում է Հեղինեին: Մենելայոսը գալով տուն եւ չգտնելով գեղեցկուհի կնոջը, դիմում է Հելլադայի բոլոր թագավորներին եւ մեծ զորք կազմած արշավում Տրոյայի վրա: Տասնամյա պատերազմն անթիվ-անհամար կյանքեր է խլում: Մյուս կողմից, եթե չլիներ Աֆրոդիտեի այդ նենգ կավատությունը, ո՞վ գիտե, թերեւս Հոմերոսը չստեղծեր իր հանճարեղ «Իլիականը» եւ «Ոդիսականը», եւ մարդկությունը զրկված կլիներ Տրոյայի հափշտակիչ պատմությունից:
Իսկ որ գեղեցկության մրցություններում տեղ են գտնում կաշառքը եւ կեղծիքը, ոչ ոքի համար գաղտնիք չէ, ինչպես նաեւ այն, որ միայն արտաքին տվյալները չէ, որ որոշում են, թե ում գլուխը պետք է զարդարի փառքի պսակ-դիադեմը: Այդպես եղել է եւ՛ հնում, եւ՛ այսօր: 1999 թ. Բեյրութում անցկացվում էր Միսս Եվրոպա գեղեցկության առաջնությունը: Ընդհանուրի կարծիքով, իր բոլոր տվյալներով, հաղթող պետք է հանդիսանար մեր հայրենակցուհի Գոհար Հարությունյանը` Երեւանից: Սակայն նա գրավեց հինգերորդ տեղը: «Միսսի» տիտղոսին արժանացավ Կեմերովոյից եկած հավակնորդուհին, ով ոչ միայն զիջում էր մասնակիցներից շատերին, այլեւ ուներ, ճիշտ է, հազիվ նկատելի, աչքի շլություն: Թե ինչպես էր նա հասել մրցության վերջին փուլին` հանելուկ էր: Հանելուկ մնաց նաեւ նրա բեյրության հաղթանակը: Գաղտնիք չէր միայն այն, որ նրա հովանավորը Կեմերովոյի օլիգարխներից մեկն էր…
Սակայն վերադառնանք հին աստվածներին, որոնցից շատերն ամոթալի եւ անպատվաբեր համբավ են թողել պատմության էջերում:
Ծովերի աստված Պոսեյդոնը ժամանակի դոն-ժուաններից էր, հայտնի լովելաս: Աստվածների հայր Քրոնոսը ոչ միայն գնաց արյունապղծության (ինցեստ), ամուսնանալով հարազատ քրոջ հետ, այլեւ կուլ տվեց հարազատ որդիներին: Հապա Ապոլո՞նը: Ողջ երկիրը, տարածաշրջանն էլ հետը երդվում էին նրա անունով, իսկ նա բռնեց ու նետահարեց Թեբեի Նիոբե թագուհու բոլոր վեց որդիներին: Եվ ինչի՞ համար:
Նրա համար, որ խեղճ կինը ծիծաղել էր Ապոլոնի մոր` Լետոյի վրա, թե ընդամենը երկու երեխա ես բերել` Ապոլոնին եւ Արտեմիսին: Այս վերջինն էլ՝ իր հերթին, սպանեց Նիոբեի վեց աղջիկներին: Որ մեկն ասենք, որ մեկը խոստովանենք: Իսկ պատերազմի աստված Արեսը, բացի այն, որ մարդկանց կռվեցնում էր իրար հետ, հետո էլ իր պատվին բազմաթիվ զոհեր էր պահանջում: Դիվանագիտության աստված Հերմեսի մասին կխոսենք առանձին։
…Սկյութիայի բոլոր նահանգներում գործում էր պատերազմի աստված Արեսի սրբավայրը, ուր մարդկային զոհեր էին մատուցվում նրա պատվին: Դա արվում էր հետեւյալ կերպ: Քաղաքային հրապարակում դիզում էին մեծ քանակությամբ խռիվ: Գագաթին սարքում էին հարթակ եւ վրան տնկում Արեսի կուռքը` սկյութական կարճ սուրը, որը կոչվում է ակինակ: Զոհվելիք մարդկանց գլուխները, որոնք գերի ընկած թշնամիներ էին, ցողում էին գինով, հետո նրանց մորթում էին մի մեծ անոթի վրա, արյունը տանում էին վեր եւ լցնում էին ակինակի վրա, իսկ ներքեւում կտրում էին զոհերի աջ ուսը՝ ձեռքի հետ, շպրտում օդ: Հետո մարմիններն այրում էին խարույկի վրա, հետն էլ հարգանքի տուրք մատուցում Արեսին:
Նման զոհաբերություններից բացի, աստվածները հանդես էին գալիս որպես մարդկանց կյանքի ամենաինտիմ ոլորտների խորհրդատուներ:
… Եգիպտական փարավոններից մեկին, որը տասը տարի առաջ կուրացել էր, հասնում է Դելֆյան պատգամախոսի գուշակությունը, որ եթե աչքերդ լվաս կնոջ մեզով, ով կյանքում կենակցել է միայն իր ամուսնու հետ` կտեսնես: Դե, պարզ է, որ նա էլ առաջինը փորձում է սեփական կնոջ մեզը, չկասկածելով դրա մաքրության վրա: Արդյունքը` զրո: Հերթով փորձում է արքունիքի, հետո՝ քաղաքի բոլոր կանանց մեզերը: Անօգուտ: Վերջապես հայտնվում է կորած-մոլորած մի կին, որի մեզը բուժում է փարավոնին: Այնժամ նա հավաքում է բոլոր փորձարկվածներին Կարմիր հող կոչվող քաղաքում, եւ այրում` կնոջն էլ հետը: Հետո ամուսնանում է այդ` ամենազուլալ մեզ ունեցող կնոջ հետ: Արդյոք գիտնականները չե՞ն մտածել մեզը ստի դեդեկտորում օգտագործելու ուղղությամբ:
Շարունակելի