Թուրքիայի հետ հարաբերությունները դարձան Բրյուսելում Քոչարյանի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարրոզոյի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Խոսեփ Բորրելի, Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յափ դե Հոփ Շեֆֆերի եւ Բելգիայի Սենատի նախագահ Աննե-Մարի Լիզենի հետ երկկողմ հանդիպումների թեմաներից մեկը:
Քոչարյանը գոհ մնաց, որ «Հայերի ցեղասպանության» ճանաչումը Թուրքիայի անդամակցության համար պայման է դարձել եւ, որ Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում իրեն հաջողվեց ստանալ Եվրամիության «աջակցությունը»: Նախօրեին Եվրոպայի հայերի ֆեդերացիան (ԵՀՖ) հանդես եկավ հայտարարությամբ, ողջունելով Հայաստանի նկատմամբ Եվրամիության դիրքորոշման հստակեցումը: ԵՀՖ-ն հաղորդում է, որ Սոլանան եւ Քոչարյանը քննարկել են Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նախագիծը, որը Հայաստանի հանդիմանությանն է արժանանում, եւ Սոլանան իր համերաշխությունն է հայտնել Հայաստանի դիրքորոշմանը: Սոլանան նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը պետք է բացվի հնարավորինս շուտ, որից հետո նախագծի անհրաժեշտությունն ինքն իրեն կանհետանա. ասվում է ԵՀՖ-ի հայտարարության մեջ: Եվրամիության որոշ աղբյուրներ «Զամանին» հաղորդեցին, որ Սոլանայի հայկական դիրքորոշումը սատարելու արտահայտությունները, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու նախագծի վերաբերյալ, ուժեղ փաստարկ են հանդիսանում. «Սոլանան ծայրաստիճան պրագմատիկ մոտեցավ հարցին: Նա ասաց, որ եթե երկու երկրների միջեւ խնդիրները լուծվեն, ապա այդ երկաթուղու անհրաժեշտությունը կանհետանա, եւ նրա գոյությունը շռայլություն կդառնա»: Նույն աղբյուրն ընդգծեց, որ Սոլանան լիովին հասկանում է, թե որքան նուրբ հարց է սա Թուրքիայի համար, եւ հասկանում է վերջինիս անհանգստությունը: Իսկ ԱՄՆ-ում հայկական լոբբին կոնկրետ քայլեր է ձեռնարկել նախագծի խոչընդոտման համար. հայկական լոբբիին մոտ կանգնած կոնգրեսականներ Ջոզեֆ Քնոլլենբերգը, Ֆրենկ Փալլոնեն եւ Ջորջ Ռադանովիչը Ներկայացուցիչների պալատին համապատասխան առաջարկություններ են արել:
Եվրախորհրդարանի նախագահ Բորրելը Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ հաստատեց, որ Թուրքիայի կողմից հայերի «Ցեղասպանության» ճանաչումը եւ Հայաստանի «շրջափակման» դադարեցումը Եվրամիությանն անդամակցելու համար պայման են հանդիսանում, եւ նկատեց, որ Եվրախորհրդարանն այդ հարցում պետք է պնդի իր դիրքորոշումը: Բորրելը նաեւ հանդես եկավ Ադրբեջանին քննադատելով, քանի որ հարեւանության Եվրոպական քաղաքականության իրականացումը կանգ է առել Ադրբեջանի Կիպրոս կատարվող ուղիղ չվերթերի պատճառով: Բորրելը խոստացավ, որ Եվրախորհրդարանը հնարավոր ամեն ինչ կանի Հայաստանում հարեւանության քաղաքականության ծրագիրը հնարավորինս շուտ սկսելու համար: Իր հերթին, Եվրահանձնաժողովի նախագահ Բարրոզոն Քոչարյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ հանդիպմանը քննարկվել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բացակայությունը, ավելացնելով, որ հարեւանների հետ Թուրքիայի բարիդրացիական հարաբերությունները մեծ նշանակություն ունեն Եվրամիությանն անդամակցելու համատեքստում: Դրանից հետո Քոչարյանը Բելգիայի Սենատի նախագահ Աննե-Մարի Լիզենի հետ միասին, որն ակտիվորեն աջակցում է «ցեղասպանություն» գործելու մեղադրանքներին, այցելեց «ցեղասպանության» զոհերի հուշարձան: Սենատը, որին չհաջողվեց ընդունել «հայերի ցեղասպանությունը» մերժելու փորձ անող ցանկացած անձի պատժելու մասին օրենքը, ներկայումս այդ թեմայով նոր օրենքի նախագիծ է պատրաստում: Ենթադրվում է, որ օրենսդրական նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կմտցվի Սենատի Արտաքին գործերի հանձնաժողովի օրակարգ: