Հրաժեշտ Դավիթ Բեջանյանին

24/02/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նկարիչների միության տան մոտ դրված նկարից խորիմաստ հայացքով իր ընկերներին եւ հարազատներին էր նայում քանդակագործ, երաժիշտ եւ, պարզապես, լուսավոր մարդ Դավիթ Բեջանյանը: Երեկ Նկարիչների տանը հրաժեշտ էին տալիս մաքրամաքուր երեւանցուն` Դոդոյին, ինչպես կոչում էին Դավիթ Բեջանյանին իր ընկերները: Սիրելի ամուսնուն եւ հորը կորցրած Նադեժդա Սարգսյանն ու երգչուհի Էմմին ընդունում էին ընտանիքի ընկերների, հարազատների եւ պարզապես այն բոլոր անծանոթների ցավակցությունները, ովքեր ցանկացել էին գոնե իրենց ներկայությամբ` մեծ կորուստ կրած ընտանիքի անդամներին մենակ չթողնել: Դ. Բեջանյանի ընկերները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ քաղաքը կորցրեց եւս մեկ իսկական երեւանցու: «Այսօր ականատես ենք, թե ինչպես է ամեն մի, այսպես կոչված, արվեստագետ իրեն կոտորում եւ առաջ գնում: Սակայն Դավիթը, լինելով չափազանց համեստ անձնավորություն, երբեք չէր բարձրաձայնում իր ստեղծածի մասին: Այնինչ, Դավիթի աշխատանքները շատ մեծ արժեք են ներկայացնում: Դավիթ Բեջանյանը, ով այս քաղաքն այսքան գեղեցկացրել է, նույնիսկ վաստակավորի կոչման չարժանացավ»,- ցավով նշեց Կամերային թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը:

«Բացառիկ համեստ, ստեղծագործական ծրագրերով լի ընկեր եմ կորցրել: Իմ հարազատ ընկերը` Դավիթը, վերջին ամիսներին նախատեսում էր ճարտարապետ Մոմիկի արձանը կառուցել: Ցավում եմ, որ այսպես ընդհատվեց: Մենք անպայման կիրականացնենք այդ նախագիծը` Դավիթի կատարած էսքիզներով: Առնո Բաբաջանյանի արձանի տեղադրումից հետո շատ սուր քննադատություններ եւ հարձակումներ եղան Դավիթի հասցեին. դա նրան շատ կոտրեց: Նա շատ փխրուն մարդ էր»,- նշեց ՀՀ Քաղաքաշինության փոխնախարար, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: «Եվս մեկ երեւանցի հեռացավ մեզանից: Ամեն անգամ, երբ եւս մի արժանի մարդ հեռանում է կյանքից, ակամայից մեղքի զգացում ես ունենում: Եկեք ամեն ինչ անենք, որ այդ մեղքի զգացողությունը չունենանք: Ապրում ենք իրար կողքի` իրար անտեսելով եւ չգնահատելով»,- ասաց դերասան Միքայել Պողոսյանը: «Ես շատ հարազատ մարդ եմ կորցրել: Եթե կարելի է` ես կլռեմ»,- ասաց ջազմեն Լեւոն Մալխասյանը, ով նրա ամենամտերիմ ընկերներից մեկն էր: