Helianthus annuus – արեւածաղիկ։ Բույսի հայկական անվանումը համահունչ է լատիներեն անվանմանը։ Այն բարդածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է, որի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Եվրոպացիները մշակել են այն՝ որպես դեկորատիվ բույս։ Արեւածաղիկը 1698 թվականին Ռուսաստան է բերել Պետրոս Մեծը. այն զարդարել է ռուս կայսրի ծաղկանոցները։ Սրատերեւ արեւածաղիկը մինչ օրս օգտագործվում է որպես դեկորատիվ բույս։
Արեւածաղկի գրեթե բոլոր մասերն օգտագործվում են տնտեսության մեջ։ Կանաչ մասերով կերակրում են անասուններին, ցողունը կիրառվում է նաեւ թղթի արտադրության մեջ։ Մշակաբույսը զբաղեցնում է 60 մլն հա ցանքատարածք մեր մոլորակի վրա։ Ակադեմիկոս Վ.Ս. Պուստովոյտովի ջանքերով ստացվել է 60%-անոց յուղատվություն ունեցող տեսակ։ Արեւածաղկի արեւամետ բնույթը բնորոշում է աուկսին ֆիտոհորմոնը, որը կարգավորում է բույսի աճման ընթացքը։ Ֆիտոհորմոնը կուտակվելով բույսի ստվերոտ մասում, ուղղում է բույսի զամբյուղաթափքը եւ տերեւները՝ դեպի արեւը։ Արեւածաղկի բոլոր մասերը հարուստ են օգտակար նյութերով։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են արմատը, ցողունը, տերեւները, զամբյուղաթափքը ողջ պարունակությամբ։ Զամբյուղաթափքի արտաքին լեզվակավոր ծաղկաթերթերն օգտակար են շնչառական ուղիների բորբոքումների, մալարիայի, դեղնախտի, ռեւմատիզմի, սրտացավի դեպքում։ Արմատներով պատրաստված եփուկը լուծում եւ օրգանիզմից հանում է կուտակված ալկալիական աղերը։ Գ.Ն. Ուժեգովն իր «Ծերության հանրագիտարան» գրքում առաջարկում է հետեւյալ մեթոդը. «Աշնանը հավաքել արեւածաղկի արմատի խոշոր մասերը, լվանալ, մանրացնել, չորացնել։ Արծնապատ կաթսայի մեջ եռացնել 3 լ ջուր, ավելացնել մեկ բաժակ (50 գ) արմատներ, պահել 5 րոպե։ Ցանկալի է խմել մեկ քառորդ կիտրոնի հետ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։ Նույն արմատներով պատրաստել եփուկի երկրորդ չափաբաժինը, եռացնել 10 րոպե։ Խմել նույն ձեւով։ Նույն արմատները եփել երրորդ անգամ՝ եռացնելով 15 րոպե։ Օգտագործման ձեւը նույնն է։ Հետո վերցնել արմատների չոր չափաբաժին եւ շարունակել 1-2 ամիս՝ մինչեւ մեզի գույնը բացվի։ Բուժման ընթացքում հակացուցված է կծու, թթու, աղի սնունդը։ Արմատները եւ եփուկը անհրաժեշտ է պահել սառնարանի մեջ։ Օգտակար է ռադիկուլիտ, օստեոխոնդրոզ հիվանդությունների դեպքում, որոշ դեպքերում քայքայում է երիկամների միզաքարերը»։
Արեւածաղկի տերեւները պարունակում են կարոտին, խեժանյութ, ֆլավոնոիդներ, սապոնիններ, օրգանական թթուներ, քոլին։ Ծաղիկները պարունակում են անտոցիան, քոլին, բետաին, դառնանյութ եւ այլն։ Արեւածաղկի սերմի միջուկը պարունակում է մեծ քանակությամբ յուղ, մինչեւ 19 % սպիտակուց, 26,5% ածխաջրեր, 2 % ֆիտին, 1,5 % դաբաղանյութ։ Վիտամիններ՝ A, B1, B2, B3, B6, E, ֆիլիխինոն (K), կալցեֆերոլ (D), օրգանական թթուներ, բջջանյութ, մագնիում, երկաթ, ցինկ, սելեն, յոդ։ Սերմի միջուկում պարունակվող ճարպաթթուներն ամրացնում են բջիջների թաղանթը, նյարդաթելերը եւ կանխարգելում «վատ» խոլեստերինի կուտակումը, կանխում աթերոսկլերոզը եւ սրտամկանի ինֆարկտը։
Վիտամին B1-ի պարունակությամբ (1,95 մգ՝ 100 գրամի մեջ) արեւածաղիկը չի զիջում որեւէ բույսի։ 70 գրամ արեւածաղկի սերմը կբավարարի օրգանիզմի մեկ օրվա պահանջը (1-1,5 մգ)։ Արեւածաղկի սերմերի մեջ պարունակվում է նաեւ վիտամին B2։ Այս վիտամինի ավելցուկը կարող է բերել օրգանիզմի թունավորման, նույնիսկ կատարակտի զարգացման։ Այս տեսակետից B2-ը բացառություն է։ B2 վիտամինի օրաբաժինը 1,2-1,4 մգ է եւ ավելանում է սթրեսային վիճակների դեպքում։
Ամերիկացի փորձագետները հայտնաբերել են, որ հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների կեսից ավելին պետք է ընդունեն B6 վիտամին։ B2 վիտամինի անբավարարության դեպքում՝ B6 վիտամինի ակտիվությունը մի քանի անգամ նվազում է։
Արեւածաղկի սերմերը լայնորեն կիրառվում են գերմանական ժողովրդական բժշկության մեջ՝ դողէրոցքի, մալարիայի, եղնջատենդի բուժման նպատակով։
Արեւածաղկի յուղը լայնորեն կիրառվում է տնտեսության եւ ժողովրդական բժշկության մեջ։ Այն պարունակում է վիտամիններ A, D, E եւ լեցիտին։ Վերջինի պակասը օրգանիզմում լրացվում է միմիայն սննդի միջոցով։ Լեցիտինի քանակն ավելի շատ է չզտված յուղում (արեւածաղկի սերմերում)։ Վիտամին E-ի պարունակությունը 1 ճաշի գդալ արեւածաղկի յուղում (12 գրամ) հասնում է 8 մգ-ի, որը 1 օրվա չափաբաժինն է, իսկ կալորիականությունը հասնում է 108 կկալ-ի։
Վիտամին E-ն պաշտպանում է բջիջները ազատ ռադիկալների ազդեցությունից, խոչընդոտում ծերացման ընթացքը, բարձրացնում սեռական ակտիվությունը։
Արեւածաղկի յուղը կանխարգելում է թունավորումը, այն ծածկում է ստամոքսի պատերը, կանխարգելում է թույնի ներծծումը արյան մեջ։
– Առավոտյան 5-10 րոպե արեւածաղկի յուղը պահեք բերանի մեջ, այնուհետեւ թափեք եւ ողողեք բերանը գոլ ջրով։ Այս գործողությունը կմաքրի արյունը թույնից։
– Արեւածաղկի յուղը ունի լեղամուղ հատկություն, այն օգտակար է խոլեցիստիտի եւ լեղաքարային հիվանդության դեպքում։ Պետք է առավոտյան խմել 50 մլ յուղ։
– Աթերոսկլերոզի դեպքում առավոտյան սնունդ ընդունելուց առաջ խմեք մեկ ճ/գ արեւածաղկի յուղ։
***
Էնդարտերիիտի հետեւանքով առաջացած կաղություն. Ապակե տարայի մեջ լցրեք թարմ սրոհունդի ծաղիկներ, ավելացրեք չզտված արեւածաղկի յուղ մինչեւ հումքը ծածկի, դրեք արեւոտ տեղ, հաճախակի թափահարեք։ Թրմեք 14 օր, քամեք։ Քսեք հիվանդ վերջույթին։
Հակաբորբոքային քսուք. 20-30 գրամ փրփրուկի (լաբազնիկ) արմատների ալյուրատիպ դարձած փոշին խառնեք 150 մլ տաքացրած արեւածաղկի յուղի հետ։ Հովանալուց հետո թեթեւակի թափահարեք եւ քսեք ցավոտ հոդերին։
Սննդախանգար (տրոֆիկ) խոց. Խառնեք հավասար քանակությամբ մեղր, չզտված արեւածաղկի յուղ, ակնամոմի 20 % ոգեթուրմ։
Արթրոզ. Խառնեք հավասար քանակի մեղր, չզտված արեւածաղկի յուղ եւ կերոսին։ 100 մլ լուծույթին ավելացրեք 1-2 մանրացրած կծու կարմիր բիբար։ Քսեք ցավոտ հատվածին։
Հոդացավ. Խառնեք հավասար քանակի արեւածաղկի յուղ եւ մանանեխ, տաքացրեք ջրային բաղնիքի վրա մինչեւ եռալը։ Գոլ վիճակում ավելացրեք զանգվածի կեսի չափով մեղր, լավ խառնեք։ Ցանկալի է պատրաստել օգտագործելուց առաջ։
Հիպովիտամինոզ. 1 բաժակ նախապես լավ լվացված չոր ծիրանաչրի վրա ավելացրեք արեւածաղկի յուղ, յոթ օր թրմեք մութ եւ հով տեղում։ Քամեք, խմեք սնունդ ընդունելուց առաջ, օրը երկու անգամ, 1 ճաշի գդալ։
Հոդային եւ մկանային ցավեր. 30 հատ դափնետերեւին ավելացրեք 200 մլ արեւածաղկի յուղ, 10 օր թրմեք հով եւ տաք տեղում։ Քամեք, երեկոյան քսեք ցավոտ տեղին եւ քնեք։
Արեւածաղկի սերմը ոչ միայն օգտակար սննդամթերք է եւ ժամանցի միջոց, այն կարելի է դիտարկել որպես դիետիկ մթերք հեպատիտի, աթերոսկլերոզի, սրտի իշեմիկ հիվանդության, հիպերտոնիայի, խպիպի, օստեոխոնդրոզի, ռադիկուլիտի եւ այլ հիվանդությունների դեպքում։ Այն նույնիսկ կարող է նպաստել նիհարելուն։ Կարեւոր է իմանալ, որ սերմը չափից ավելի օգտագործելու դեպքում հնարավոր են ոչ ցանկալի հետեւանքներ։
– Սերմը պարունակում է կադմիում եւ կապար, այդ նյութերը բարձրացնում են ճնշումը, բացասական են ազդում երիկամների եւ մտավոր զարգացման վրա։
– Սերմը վնասում է ատամի էմալը։
– Օրգանիզմը չի կարող մեկ օրում յուրացնել 100 գ ավելի սերմ։
– Գեր մարդիկ պետք է հաշվի առնեն, որ 100 գ սերմը պարունակում է նույն քանակի կալորիա ( 560 կկալ), որքան մաքուր շոկոլադը, եւ ավելի սննդարար է, քան ապխտած խոզի միսը (450), սպիտակ հացը (250), գարին, սպիտակ բրինձը, եգիպտացորենը, հնդկացորենը (բոլորը՝ 360-ական կկալ)։
Դեղատոմսեր արեւածաղկի սերմով
Հազ. 1 ճ/գ հում սերմը (կեղեւով) 5 րոպե եռացրեք 300 մլ ջրի մեջ, թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք մեկական ճաշի գդալ, օրը 3 անգամ։
Բրոնխիալ ասթմա.
– Օգտակար է ուտել օրը 20-30 գ արեւածաղկի սերմ՝ նուշի հետ։
– Վերցրեք 250 չհասունացած արեւածաղկի սերմ, լավ մանրացրեք, խառնեք 150 գրամ մեղրի եւ 250 մլ օղու հետ, պահեք մեկ շաբաթ մութ, հով տեղում։ Խմեք մեկական ճաշի գդալ, օրը երեք անգամ, սնունդ ընդունելուց առաջ։
Ստամոքսի այրոցի դեպքում, սնունդ ընդունելուց հետո կերեք մի փոքր սերմ։
Հիպերտոնիա.
– Օգտակար է լվացված, նոր հասունացող (կեղեւով) սերմի եփուկ՝ 1։10 ծավալային հարաբերությամբ։ Կես ժամ եփեք թույլ կրակով ջրային բաղնիքի վրա։ Թրմեք մեկ ժամ, քամեք, խմեք օրը 3 բաժակ։ Ժամկետը՝ մեկ ամիս։ Ազդեցիկ միջոց է, վերահսկեք ճնշման մակարդակը։
– Խառնեք մաքրած սերմը եւ մեղրը հավասար քաշային հարաբերությամբ, կերեք սնունդ ընդունելուց 30 րոպե հետո մեկական ճ/գ։ Օգտակար է նաեւ լյարդին։
– Նախօրոք սպիրտի մեջ պահված կանաչ ընկույզը մաքրեք, կտրատեք, խառնեք հավասար քանակի արեւածաղկի մեղրի հետ։ Կերեք օրվա ընթացքում մինչեւ 100 գրամ։
Հեպատիտ. 2 ճ/գ մանրացրած սերմը խառնեք 1թ/գ գարեջրի խմորիչի (դրոժ) հետ, խմեք մեկական թ/գ նախքան սնունդ ընդունելը։ Այս միջոցը հեշտացնում է ածխաջրերի եւ ճարպերի յուրացումը, ակտիվացնում է B6 վիտամինի ազդեցությունը, պայծառացնում տեսողությունը։
Ռադիկուլիտ. Մսաղացով աղացեք նոր հասունացող մեկ արեւածաղկի զամբյուղաթափքը՝ ողջ պարունակությամբ։ Քերեք մեկ տնտեսական օճառ, լուծեք 500 մլ օղու մեջ։ Խառնեք ստացված խյուսը եւ լուծույթը, պահեք 10 օր ապակե տարայի մեջ, տաք տեղում։ Օգտագործելուց առաջ խառնեք։ Գոլ վիճակում քսեք ցավոտ մասին (տաք պահեք)։
Հոդացավ. Կես լիտրանոց տարան լցրեք ծաղկաթերթերով, ավելացրեք 400 մլ օղի, թրմեք 20 օր։ Խմեք հնգական կաթիլ՝ 100 մլ կաթի հետ, օրը երկու անգամ։
Արեւածաղկի հալվա
Հալվայի պատրաստման եղանակը հայտնի է եղել Պարսկաստանում դեռեւս 5-րդ դարում (մ.թ.), որտեղից տարածվել է դեպի Բալկանյան թերակղզի։ Այն պատրաստվել է քունջութի սերմերից։ 20-րդ դարի սկզբին ռուս վաճառական Սվիրիդովը հիմնել է հալվայի արտադրություն, որտեղ քունջութը փոխարինվել է արեւածաղկով։
Հալվան շատ երկրներում համարվում է անուշեղեն։ Եգիպտոսում հալվան օգտագործում են նախաճաշին՝ քսելով հացին։
Առանց խառնուրդների արեւածաղկի հալվան կարգավորում է զարկերակային ճնշումը։
Օրվա ընթացքում կերեք 100 գ հալվա, բաժանելով այն 3-4 մասի։ Բուժման ժամկետը՝ մեկ ամիս։
Անուշաբույր գեղարարություն
– 50 մլ արեւածաղկի յուղին ավելացրեք 3-ական կաթիլ կիտրոնի, նարդոսի (լավանդա) եւ թեյենու որակյալ եթերային յուղեր։ Հարթեցնում է կնճիռները եւ լավացնում է դեմքի արյան շրջանառությունը։
– 50 մլ արեւածաղկի յուղին ավելացրեք 3-ական կաթիլ խնձորի, նարդոսի եւ բերգամոտի եթերային յուղեր։ Հարթեցնում է դեմքի կնճիռները, վերականգնում գեղեցկությունը։
Խորհուրդ։ Եթերային յուղերն օգտագործելուց հետո տնից կարելի է դուրս գալ 1-1,5 ժամ հետո, քանի որ կարող են պիգմենտային բծեր առաջանալ։ Բացի այդ, եթերային յուղերը չի կարելի երկարատեւ օգտագործել։
Եղունգներն ու մազերն ամրացնող եւ դեմքը թարմացնող արեւածաղիկը
Եղունգներն ամրացնելու համար. Խառնեք 3 կաթիլ յոդ, 6 կաթիլ կիտրոնի հյութ, 1 թ/գ թեթեւակի տաքացրած արեւածաղկի յուղ։ Տրորելով ներմերսեք եղունգների մեջ։ Կրկնեք շաբաթը մեկ անգամ։
Ցրտից պաշտպանող դիմակ. Բամբակե խծուծով մաքրեք դեմքը թեթեւակի տաքացրած արեւածաղկի ձեթով, ներմերսեք այն մաշկի մեջ, պահեք 15-20 րոպե, մաքրեք անձեռոցիկով ավելորդ յուղային շերտից, մինչեւ մաշկը դառնա մաքուր։
Դիմակ թառամող մաշկի համար. Միջին մեծության խնձորը մաքրեք միջուկից, անցկացրեք քերիչի մանր հատվածով, ավելացրեք 1թ/գ մեղր եւ կես թ/գ արեւածաղկի ձեթ։ Քսեք դեմքին, 15-20 րոպե հետո լվացեք տաք ջրով։ Ունի մաշկը թարմացնող, կնճիռները հարթեցնող ազդեցություն։
Սնուցող դիմակ նորմալ մաշկի համար. 1թ/գ հեղուկ մեղրը խառնեք 1ճ/գ սերուցքի (սլիվկի) հետ, ավելացրեք մի քանի կաթիլ արեւածաղկի ձեթ, խառնեք։ Քսեք դեմքին, պահեք 20 րոպե։ Դիմակը հանեք տաք ջրով, ցայեք սառով։
Վիտամինային դիմակ. 1ճ/գ վարսակի ալյուրին ավելացրեք 3-ական ճաշի գդալ կաթ, ջուր եւ 10-20 կաթիլ արեւածաղկի յուղ։ Խառնեք եւ քսեք դեմքին։ Պահեք 15-20 րոպե եւ լվացեք տաք ջրով։
Դեմքը մաքրող եւ սնուցող դիմակ. Արեւածաղկի սերմերը մանրացրեք սրճաղացով, ալյուրատիպ դարձած 1 թ. գդալին ավելացրեք 1թ/գ թթվասեր եւ ձվի դեղնուց։ Լավ խառնեք, քսեք դեմքին։ Պահեք 20 րոպե, լվացեք գոլ ջրով։
Մազերն ամրացնելու համար. Լվացած, մանր կտրատած ջղախոտին (եզան լեզու) ավելացրեք չզտված արեւածաղկի յուղ (1։1)։ Թրմեք հով եւ մութ տեղում 2 շաբաթ։ Այնուհետեւ դրեք այդ խառնուրդը ջրային բաղնիքի վրա, տաքացրեք 30 րոպե։ Հովանալուց հետո քամեք, դրեք սառնարանի մեջ։ Շաբաթը 1-2 անգամ քսեք մաքուր մազերին, օղակաձեւ պտտեցնելով, ներմերսեք մաշկի մեջ։ Պահեք 15-20 րոպե, լվացեք տաք ջրով։
Բալասան կոտրատվող մազերի համար. Փրփրեցրած դեղնուցի վրա ավելացրեք մեկական թ/գ արեւածաղկի յուղ, մեղր, հինայի փոշի եւ կոնյակ։ Խառնեք, ներմերսեք խառնուրդը գլխամաշկի մեջ, վրայից փաթաթեք պոլիէթիլենային թաղանթով, պահեք 30 րոպե եւ լվացեք գլուխը փափուկ օճառահեղուկով։
Մազերը թեփից ազատելու համար. Խառնեք մեկական թեյի գդալ արեւածաղկի մեղր, գերչակի յուղ, փրփրեցրած ձվի դեղնուց եւ մեկ միջին մեծության, քերիչով անցկացրած սոխ։ Քսեք խոնավ մազերին, պահեք 30 րոպե, լվացեք։ Այս միջոցը նպաստում է մազերի աճին։
Կրունկների ճաքերը վերացնելու համար. Քերիչով անցկացրեք պղպեղի պտղամիսը, խառնեք արեւածաղկի մեղրի հետ (հավասար քանակությամբ)։ Այս բուժման մեթոդը կրկնեք շաբաթը 3 անգամ։
Ի դեպ՝ արեւածաղկի մեղրը պարունակում է մեծ քանակությամբ յուղ, փոթոթահամ է, ունի թույլ բուրմունք, ոսկեգույն է՝ թեթեւակի կանաչավուն նրբերանգով։ Շատ արագ բյուրեղանում է։