Քաղցկեղով հիվանդ 5-ամյա Էրիկը մահացել է

24/02/2011

Դեռեւս հունիսից «Փրկենք» երիտասարդական նախաձեռնությունը քաղցկեղով հիվանդ 5-ամյա Էրիկի փրկության համար սկսել էր բարեգործական ակցիաներ կազմակերպել: Շատ-շատերը «Facebook» սոցիալական կայքի միջոցով միացան փոքրիկի փրկության ակցիային: Բարեգործական համերգներ էին կազմակերպվում, հրապարակումներ պատրաստվում: Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի քաղաքացիների, արվեստագետների եւ գործարարների անձնական ներդրումներով Էրիկի հաշվեհամարին ուղարկվեց 5 միլիոնից ավելի դրամ, որով էլ նա Մոսկվայում անցավ 2 նախապատրաստական եւ 4 հիմնական քիմիաթերապիաներ: Մեր թերթում տպագրված հրապարակմանն արձագանքել էր նաեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով Էրիկի կյանքի փրկության համար խոշոր գումար էր փոխանցել բարեգործական հաշվեհամարին` չցանկանալով հրապարակել իր անունը: Էրիկը հիվանդ էր ոչ խոչկինյան լիմֆոմայով (ավշային հանգույցների քաղցկեղ)։ Փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր, եւ նրա կյանքը փրկելու համար հաշված օրերում անհրաժեշտ էր Ռուսաստանում բարձր չափաբաժնով քիմիաթերապիաներ անցկացնել:

Առաջին 5 քիմիաթերապիաների արդյունքները դրական էին, Ռուսաստանի բժիշկները հավատացնում էին, որ այդ տվյալներով Էրիկը մի քանի ամսում վերջնական բուժում կստանար: Սակայն 6-րդ քիմիաթերապիան անցկացնելուց առաջ բժիշկները հայտնաբերեցին, որ Էրիկի քաղցկեղը կրկնվել է:

Մոսկվայի ուռուցքաբանական հիվանդանոցի բժիշկները Էրիկի ծնողներին ուղղորդել էին Իսրայելի «Բնեյ Ցիոն» հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ էր կատարել ուռուցքի վերջնական հեռացումը, ոսկրածուծի փոխպատվաստում եւ բուժում:

Ցավոք, բժիշկներին չհաջողվեց փրկել 5-ամյա Էրիկին: Փետրվարի 16-ին նա մահացավ Իսրայելի «Բնեյ Ցիոն» հիվանդանոցում:

«Փրկենք» նախաձեռնությունը եւ «168 Ժամը» ցավակցում են Էրիկի ընտանիքին: