Սուխումին համաձայնել է

29/10/2005 Էկա Գուլուա, «Ռեզոնանսի» (Վրաստան)

Մոսկվան տեղափոխել է տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի գլխավորած ռուսաստանյան պատվիրակության այցը, որը պետք է Երեւանից ժամաներ Թբիլիսի անցյալ շաբաթ, որտեղ եւս գտնվում էր պաշտոնական այցով: Այցի` հոկտեմբերի վերջ տեղափոխման պատճառը միջպետական հարաբերություններում նոր բարդացումներն են, որոնք կապված են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների գոտում ռուսաստանյան խաղաղարարների գործունեության վերաբերյալ` վրացական խորհրդարանի կտրուկ բանաձեւի հետ:

Խոսելով Վրաստան կատարելիք այցի մասին, Իգոր Լեւիտինը հույս հայտնեց, որ Թբիլիսիում իրեն վերջնագիր չեն ներկայացնի, եւ ողջ տարածաշրջանի համար այնքան կարեւոր երկաթուղու վերականգնումը չեն կապի փախստականների՝ Աբխազիա անհապաղ վերադարձի հետ: «Այդ դեպքում երկաթուղին կարող է երբեք էլ չվերականգնվել»,- կարծում է ռուսաստանյան նախարարը:

«Թբիլիսյան հանդիպման ընթացքում ես այդ մասին հատկապես կխնդրեմ վրացի գործընկերներին: Հակառակ դեպքում` բանակցությունները կձգվեն եւ, հայտնի չէ, երբ կսկսվեն վերականգնման աշխատանքները: Ներկա փուլում մենք ուզում ենք ուսումնասիրել ճանապարհի տեխնիկական վիճակը, որոշել՝ ինչ աշխատանքներ է անհրաժեշտ կատարել: Իսկ փախստականների վերադարձի հետ կապված հարցերը կարելի է լուծել զուգահեռաբար, բայց չկապելով երկաթուղու հետ: Ինձ թվում է, որ Թբիլիսիում դա հասկանում են»,- հայտարարեց Իգոր Լեւիտինը:

Ինչ վերաբերում է երկաթուղու վիճակն ուսումնասիրող հանձնաժողովին, ապա ժամանակին սուխումյան իշխանությունները թույլ չեն տվել վրացական պատվիրակությանը՝ գնալ Աբխազիա, քանի որ այնտեղ երկու փախստականներ կային: Հակամարտությունների կարգավորման գծով պետական փոխնախարար Գիորգի Վոլսկին «Ռեզոնանսիին» հայտնեց, որ հիմա այդ հարցը դրականորեն է լուծված, եւ Սուխումին դեմ չէ, որպեսզի վրացական պատվիրակությունում լինեն նաեւ Աբխազիայից փախստականներ:

«Գլխավորը, որ հանձնաժողովի կազմում ներգրավված փորձագետները լինեն բարձր մակարդակի: Վրացական խումբը երկաթուղային պատկերի վիճակի ուսումնասիրումը կսկսի Զուգդիդի քաղաքում: Աշխատանքի առաջին փուլի համար որոշված է մեկ շաբաթ, բայց անհրաժեշտության դեպքում կերկարացվի: Ինչ վերաբերում է Լեւիտինի այցին Վրաստան, ապա նրա հետ մենք կքննարկենք միայն տնտեսական հարցեր: Մենք համաձայն ենք նրա հետ, որ երկաթուղու վերականգնումը չարժե կապել փախստականների վերադարձի հետ: Մենք այդ հարցերն իրար չենք կապում: Փախստականներն ամեն դեպքում պետք է վերադառնան Աբխազիա: Եվ այդ գործընթացի հետ կապված հարցերը մենք կքննարկենք առավել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քան Ռուսաստանի տրանսպորտի նախարարն է: Իսկ Լեւիտինի հետ կորոշենք վերականգնողական աշխատանքների ծավալն ու ծախսերը»,- հայտնեց Վոլսկին «Ռեզոնանսիին»:

Սրա վերաբերյալ այլ կարծիք ունի անկախ փորձագետ Պաատա Դավիտաիան, որը կտրականապես դեմ է, որպեսզի վերականգնման աշխատանքները սկսվեն առանց զուգահեռաբար փախստականների վերադարձման: Նրա կարծիքով, այդ դեպքում կարելի է հրաժարվել այն երազանքից, թե Աբխազիան կվերադառնա Վրաստանի իրավասության տակ:

«Երկաթուղին չպետք է բացվի, իսկ եթե բացվի, ապա միայն հետեւյալ պայմանների կատարման դեպքում.

1. Երկաթուղին պետք է նպաստի վրաց եւ աբխազ ժողովուրդների մերձեցմանը։

2. Մուտքի անցագրային կետը պետք է գտնվի Փսոու գետի վրա։

3. Երկաթուղին պետք է հսկեն կամ միացյալ զինված ուժերը, կամ վրացական զինված ուժերը, քանի որ անթույլատրելի է, որ այն հսկեն ինչ-որ երրորդ կողմի զինված ուժերը։

4. Երկաթուղու աբխազական հատվածը պետք է ենթարկվի Վրաստանի Երկաթուղային դեպարտամենտին, ոչ թե՝ Ռուսաստանի։

5. Այդ հատվածում տարանցումից գոյացած բոլոր միջոցները պետք է մուտք արվեն Վրաստանի կենտրոնական բյուջե:

Եթե այս պահանջները բավարարվեն, այդ դեպքում կարելի է խոսել երկաթուղու վերականգնման մասին: Հակառակ դեպքում` նրա վերականգնումը կգնահատվի որպես դավաճանություն»,- հայտարարեց Պաատա Դավիտաիան «Ռեզոնանսիին»:

«Մեդիադիալոգ»
www.mediadialogue.org