Կոալիցիոն եւ աշխարհաքաղաքական խաղերի արանքում

22/02/2011

Հայաստանում «սոցիալական բունտի» հնարավորության մասին քննարկումները սահմանափակվում են քաղաքական գործիչների ասուլիսներով, դրանք հերքող կամ հաստատող դատողություններով: Սակայն «բունտի» նախադրյալները ամեն օր ավելի արտահայտիչ են դառնում շարքային քաղաքացիների առօրյա կյանքում, կենցաղում, եւ դա նկատելու համար «մեծ քաղաքականության» մասնակից լինել պետք չէ: Միայն սննդամթերքի անընդհատ թանկացումները մարդկանց օր օրի ավելի են մոտեցնում այն սահմանագծին, որից այն կողմ հենց այդ «սոցիալական բունտ» կոչվածն է: Ընդ որում, կարծիքները, որ դրա հավանականության մեծացմանը նպաստում են արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխական շարժումները, դրանից բխող ոգեւորությունը, մեղմ ասած, չափազանցված են, քանի որ ՀՀ-ում իսկապես սոցիալական վիճակը դառնում է անտանելի: Իշխանությունները որեւէ կոնկրետ քայլ չեն անում այդ իրավիճակը մեղմելու ուղղությամբ եւ խորապես ներքաշված են մի կողմից` ներքաղաղաքական «ռազբորկաների», մյուս կողմից` արտաքին քաղաքական խաղերի մեջ: Իշխանությունն իրականում որեւէ քայլ չի անում գոնե սեփական դիրքերը պահպանելու նպատակով հասարակական դժգոհությունը մեղմելու ուղղությամբ: Իշխանական համակարգի ողջ ռեսուրսը ծախսվում է կամ ներքաղաքական հարաբերությունների, կամ արտաքին քաղաքական խնդիրներից «այս անգամ էլ լավ պրծնելու» վրա: Թվում է, թե այս իրավիճակում գոնե գործադիր իշխանությունը, գոնե ձեւականորեն պետք է ինչ-որ քայլեր կատարեր հասարակությանը հույս ներշնչելու համար: Սակայն բավական է հետեւել վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային առօրյայի մասին պատմող պաշտոնական հաղորդագրություններին, համոզվելու համար, որ կառավարությունը` նրա գլխավորությամբ, ավելի է մեծացնում սոցիալական բունտի հնարավորությունը: Օրինակ, երեկ Տ. Սարգսյանը դասախոսություն է կարդացել բանակի ավագ սպայակազմի համար: Սա կլիներ ծիծաղելի, եթե այդքան տխուր չլիներ: Իսկ անցած շաբաթ նա իր անձնական բլոգում ինչ-որ հաղորդագրություն է թողել. պատմում է նրա մամուլի ծառայությունը: Կարեւոր չէ` ինչի՞ մասին, քանի որ քննարկել այդ գործելակերպը, կնշանակի՝ լուրջ վերաբերվել ՀՀ-ում վարվող «տնտեսական քաղաքականությանը»: Շատ խորհրդանշական է, որ Տ. Սարգսյանը սկսել է ավելի ակտիվ ներկայանալ վիրտուալ տարածության մեջ: «Վիրտուալ Հայաստանի» ավելի լավ վարչապետ դժվար է պատկերացնել: Անցած շաբաթ Բորիս Նեմցովը շատ դիպուկ բնորոշել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` հայտարարելով, որ նա ոչ թե նախագահ է, այլ բլոգեր: Այս գնահատականը միանգամայն համապատասխանում է նաեւ մեր վարչապետին: Նաեւ դրա արդյունքում ՀՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործնականում իշխանությունը չի տիրապետում հասարակության տրամադրություններին, առավել եւս` որեւէ կերպ չի կարող ազդել դրանց վրա: Եվ այն, որ հասարակական դժգոհությունը դեռեւս կոնկրետ արտահայտություն չի ստացել, ընդամենն այդ տրամադրությունների չհամակարգվածության, չկենտրոնացման մասին է խոսում, որն, ինչպես ցույց է տալիս փորձը, ընդամենը տեխնիկայի խնդիր է: Եվ այսքանից հետո իշխանական կուսակցությունների արխաիզմը, որով նրանք քննարկում են 1.5 տարի հետո կայանալիք խորհրդարանական ընտրություններին իրենց ստանալիք քվեների չափը, ուղղակի զարմացնում է: Ավելի լավ ցուցանիշ՝ բնորոշելու համար, թե որքանով է ՀՀ-ում իշխանությունը կտրված իրական կյանքից եւ հասարակությունից` դժվար է գտնել: