«Որոշ ուժեր փորձում են խախտել երկրի կայունությունը: Ես ուզում եմ, որ այդ ընդդիմությունը հաղթի քաղաքակիրթ ձեւով եւ ոչ թե այլ ճանապարհներով»,- երեկ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը` պարզաբանելով, թե իրենք դրանում համոզվել են Գյումրիում անցած օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ: «Գյումրիում մեզ համար պարզ դարձավ, որ կան ուժեր, որոնք անկայունություն են հրահրում: Մարտի 1-ն է մոտենում, եւ ամեն ինչ պետք է անենք, որ բախումների սցենարը բացառենք»,- ասել է նա: Երեկ հրավիրված ասուլիսում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Լարիսա Ալավերդյանը եւ փաստաբան Հայկ Ալումյանն անդրադարձել են Զ. Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Ս. Սաֆարյանն ասել է, որ ընտրությունների նախաշեմին իշխանությունները փորձում են քաղաքական հաշվեհարդար տեսնել ակտիվ հասարակական գործունեություն ծավալող այն անձանց հետ, «ովքեր կարող են սպառնալ իշխանությանը եւ աթոռները մեջ-մեջ անելուն»: Նա Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցված քրեական գործը որակել է «թխված»: Փաստաբան Հայկ Ալումյանը, ներկայացնելով գործի մանրամասները, նշել է, որ Գլխավոր դատախազությունն առանց Տիգրան Փոստանջյանին հարցաքննելու է նրա նկատմամբ քրեական գործ հարուցել: «Պատահաբար մարդը Դատախազության կայքից տեղեկանում է, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Դատախազության կայքում տեղադրված է տեղեկատվություն, որ նա հանցագործություն է կատարել, հանդիսանալով հանրային ծառայող` պահանջել եւ ապօրինի վարձատրություն է ստացել: Քրեական գործ են հարուցում՝ անգամ այդ մարդուց բացատրություն չվերցնելով: Մեզանից յուրաքանչյուրի հետ նման դեպք կարող է տեղի ունենալ: Այսինքն` ստացվում է, որ ցանկացած հաղորդման հիման վրա քրեական գործ կարող է հարուցվել` առանց հարցաքննելու մյուս կողմին»,- ասել է փաստաբանը: Զ. Փոստանջյանն էլ հայտարարել է, որ «չի պատրաստվում նահանջել եւ պատերազմելու է ու հաղթող է դուրս գալու»: «Ովքեր պատերազմ են հայտարարել, թող իմանան, որ գնալու ենք մինչեւ վերջ»,- ասել է նա: -Տարբեր տեղերից կարող է այս պատվերը լինել, չեմ բացառում, որ այդ պատվերը գալիս է ամենաբարձր ատյաններից»: «Էս գործը հասնելու է Եվրոպական դատարան, եթե պետական ատյանները փորձեն շարունակել այ էս գիծը»,- հայտարարել է փաստաբան Հ. Ալումյանը: