«Տարածաշրջանը դառնում է պայթյունավտանգ»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

22/02/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ժամանակ պայքարի նոր փուլ սկսելու` եգիպտանալու, թունիսանալու մասին կոչեր հնչեցին, նորից իշխանություններին իրենց պահանջները կատարելու ժամկետներ ներկայացվեցին: Այս անգամ ՀԱԿ-ը իսկապե՞ս ակտիվանալու է, թե՞ սրանից հետո էլ մի քանի ամիս դադար կվերցնի:

– Ոչ միայն այդ կարգի տեսակետներ հնչեցին, այլ իմ շփումները մարդկանց հետ ցույց են տալիս, որ նման պահանջները հասարակությունը ձեւավորել եւ ներկայացնում է ընդդիմությանը: Մասնավորապես ինձանից պահանջում են, որ հաջորդ հանրահավաքից սկսած սկսենք պերմանենտ գործընթացներ, սկսենք թունիսանալ: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա ռեալ քաղաքականությամբ զբաղվող ուժը պիտի հաշվարկի իր քաղաքական քայլերը, դրանք ճիշտ պահին, ճիշտ տակտիկայով կիրառի, որ գործընթացը ոչ թե լինի ուղղակի լավ տրամադրությունների կամ դրսից եկող քամիների ազդեցության տակ, այլ բերի իրական հաղթանակ: Կոնգրեսն այդ պահանջարկը միանշանակ պիտի քննարկի, եւ դրա հիման վրա էլ որոշում կկայացվի, թե առաջիկայում ինչպիսին են լինելու մեր տակտիկական քայլերը:

– 2 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԼՂՀ կարգավորման գործընթացում ակտիվ զարգացումներ կանխատեսեց եւ դադարեցրեց հանրահավաքային պայքարը: Առաջիկայում կարծես թե բանակցություններում կրկին աշխուժություն է նկատվում: Սերժ Սարգսյանը նախ հանդիպելու է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, հետո հանդիպելու են ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները: Այս օրերին Հայաստան եւ Ադրբեջան են այցելելու ԱՄՆ փոխպետքարտուղարները: Միգուցե հիմա՞ էլ անհրաժեշտ է ետ քաշվել եւ չխանգարել իշխանություններին:

– Անձամբ ես գուցե ասեմ` այո: Գուցե հիմա էլ պետք չէ ճնշումներ կիրառել գործող իշխանությունների վրա ԼՂ հիմնահարցի նման լարված պարագայում որեւէ մեկի ձեռքի գործիքը չդառնալու, որեւէ գերտերության ցանկություններին, առանց հասկանալու, գործիք չդառնալու համար: Հավատացեք, որ դրա վտանգը հիմա էլ մեծ է: Տարածաշրջանով հետաքրքրված տերություններից յուրաքանչյուրն իր շահն ունի եւ հանուն իր շահի հակված է սեփական լուծման տարբերակներ տալ: Այդ տարբերակներից ամեն մեկը չէ, որ կարող է վերջնական խաղաղության, եթե չասեմ՝ խնդրի լուծման բերել: Այստեղ պետք է շատ զգույշ լինել: Վերջին շրջանում տարբեր երկրների կողմից ՀՀ, ԼՂՀ եւ Ադրբեջանի սահմանային շրջաններ չայցելելու մասին արված հայտարարությունները մտահոգությունների տեղիք են տալիս: Ու այս հանդիպումներն էլ իմ համար միանշանակ վտանգավոր նախանշաններ են հուշում: Ես շատ զգույշ կլինեի: Բացի այդ, այս աշխարհաքաղաքական իրավիճակում հետաքրքիր է ԱՄՆ 2 փոխպետքարտուղարների այցը Հայաստան: Դա նշանակում է, որ ԼՂ հարցը նրանց ուշադրության կենտրոնում է: Այս համատեքստում շատ կարեւոր է նույնիսկ այն, ինչ տեղի է ունենում աֆրիկյան երկրներում, որովհետեւ տարածաշրջանը դառնում է պայթյունավտանգ: Տարածաշրջանն իր մեջ պարունակում է էներգետիկ եւ կոմունիկացիոն ռեսուրսներ հենց նույն Մերձավոր Արեւելքի եւ աֆրիկյան երկրներին որոշակի աջակցություն ու սպասարկում անելու համար: Եվ այս առումով այս տարածաշրջանում խնդիրների խաղաղ լուծումը դարձել է անհրաժեշտություն: Մարտի

5-ին ԼՂՀ հարցով լինելու են եռակողմ բանակցություններ, իսկ դրանից առաջ տեսակետների ճշտման խնդիրներ կան, որոնք առաջիկայում ի հայտ կգան: ՀՀ-ում նաեւ տեղի ունեցան ներքաղաքական գործընթացներ, ռուսական ազդեցության որոշ ուժեր նախ վիճեցին իշխանությունների հետ, ապա համաձայնության եկան:

– ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ տեղի ունեցած վերջին իրադարձություննե՞րը նկատի ունեք:

– Այո, ու այդ համաձայնությունը, այդ հուշագրի ստորագրումն, իմ խորին համոզմամբ, չէր կարող հենց այնպես լինել: Ես բացառում եմ, որ դրա դիմաց Հայաստանից որեւէ բան պահանջած չլինեն: Այստեղ արտաքին քաղաքական գործընթաց եմ տեսնում, ու դա էլ է երեւալու առաջիկայում: Այնպես որ, առաջիկայում թե արտաքին քաղաքական, թե ներքաղաքական գործընթացները շատ ակտիվ են գնալու: Իսկ այս իրավիճակում Կոնգրեսն իր գործողությունները պիտի անի ճիշտ, եւ այն ճանապարհով, ինչպիսին եղավ Վրաստանում, Ուկրաինայում, ոչ թե այնպիսին, ինչպիսին տեղի ունեցավ Եգիպտոսում կամ Թունիսում: Բարեբախտաբար, ՀՀ-ն Աֆիրիկայում չէ, Եվրոպայում է, եւ, բարեբախտաբար, ՀՀ-ում՝ հանձին ՀԱԿ-ի, կա ձեւավորված ընդդիմություն:

– Կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից ԲՀԿ-ն կամ ՀՀԿ-ն ի՞նչ ստացան: Կամ ի՞նչ ստացավ ՌԴ-ն, եթե արտաքին քաղաքական գործընթաց ասելով՝ նկատի ունեք ռուսական քաղաքականությունը:

– Ամբողջ խնդիրն այն է, որ Աստանայի գործընթացից անմիջապես հետո իշխանական դաշտում եղած կուսակցություններն իրենց գործողություններն ակտիվացրեցին ընդդեմ Ս.Սարգսյանի: Եվ ես հետեւություն եմ անում, որ այդ ակտիվությունը հրահանգված էր: ՌԴ-ն բացի տնտեսական ռեսուրսներից՝ ՀՀ-ում ունի նաեւ քաղաքական ռեսուրսներ: Եվ իր ցանկություններին հասնելու համար մեկ անգամ չէ, որ փորձել է ներքաղաքական դաշտում ունեցած ազդեցությունները կիրառել ՀՀ-ից ինչ-որ բան պոկելու համար: Հետո եկավ ՌԴ ներկայացուցիչը` Կարասին ազգանունով, ով որոշակի բանակցային գործընթացներ սկսեց, եւ դրանից հետո ԲՀԿ-ն համաձայնեց ստորագրել այդ թուղթը: Սա նշանակում է, որ ՌԴ-ն ՀՀ իշխանություններից ինչ-որ բան է պոկելու: Իսկ հիմա արդեն կարող են մոռանալ նրան, ում միջոցով ճնշել են իշխանություններին:

– Եթե չստորագրվեր այդ հուշագիրը, արտաքին ճնշումը միայն ԲՀԿ-ով չէ՞ր սահմանափակվի: Ճնշումների շղթա՞ կսկսվեր:

– Միանշանակ, խոցելի իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու մեխանիզմներ անընդհատ կունենան: Եվ իշխանությունները մամուլով փորձում են ցույց տալ, թե իրենք այդ միացումն անում են այն պատճառով, որ ՀՀ-ին մեծ վտանգ է սպառնում, ու հանուն այդ վտանգը չեզոքացնելու՝ համաձայնեցին միասնական հանդես գալ: Սակայն նման վտանգների պարագայում ոչ թե պետք է կուսակցություններին, այլ հասարակությանը միավորել: Իսկ դրա համար պիտի հասարակությանն ընդառաջ քայլ անեն, այլ ոչ թե որեւէ կուսակցությանը խորհրդարանում տեղ տան:

– ՀԱԿ-ի համեմատաբար պասիվ դիրքորոշումն օգնե՞ց իշխանություններին արտաքին քաղաքական հարցերում: Արդարացվե՞ց Կոնգրեսի այդ քայլը:

– Մարդը երբ տեսնում է վտանգ եւ ուզում է չեզոքացնել դա, կամ պիտի կարողանա դա անել իր անմիջական գործունեությամբ, կամ փորձի օգնել, գոնե չխանգարել այդ վտանգի հետ գործ ունեցողին: Լ.Տեր-Պետրոսյանը գերադասեց չխանգարել այդ մարդուն` մտածելով, որ նա էլ իր երկրի, իր ժողովրդի նկատմամբ բարի կամք կդրսեւորի, ընդդիմությանը որպես երկրում գործող առողջ ուժ կգնահատի: Կգնահատի` նրա մեջ թշնամի չտեսնելով, բաց կթողնի քաղբանտարկյալներին, որ այս ընդդիմությունն իր տեսակետը, բացի հանրահավաքից, նաեւ էլեկտրոնային միջոցներով կարողանա արտահայտել: Իշխանությունը դա չարեց, դրսում ինչ արեց` չգիտեմ, բայց ներսում որեւէ քայլ չարեց: Ու հենց այդ պատճառով էլ դրսի արածները եղան ժամանակավոր, այն էլ՝ զուտ իր աթոռը պահելու առումով: Իրենց գործունեությունը ոչ հայ-թուրքական, ոչ էլ ԼՂ հարցում խնդիր լուծեց: Լ.Տեր-Պետրոսյանն այդ պահին ՀՀ-ի վիճակը գնահատել է վտանգավոր եւ քայլ է արել: Եվ հայտարարեց, որ եթե պատերազմ լինի, ինքը ՀԱԿ-ում ներգրավված ուժերին կոչ կանի մասնակցել պատերազմին: Ընդառաջ քայլեր շատ ենք արել, ու Լ.Տեր-Պետրոսյանի այդ քայլն ընդառաջ քայլ էր, ինչն իրենք չգնահատեցին:

– Խորհրդարանական ընտրություններին ընդամենը մի տարի է մնացել, սակայն ՀԱԿ-ը չի դադարում արտահերթ ընտրությունների մասին հայտարարություններ անել: Ի՞նչ իրական երաշխիքներ ունեք դրա համար:

– Իմ կարծիքով՝ ՀՀ-ում չկա մարդ, ով հերթական ընտրությունների հույս ունենա, ուրեմն ընտրություն ասածն արտահերթն է: Հետեւաբար մենք ամեն ինչ պիտի անենք, որ արտահերթ ընտրություններ լինեն:

– Իսկ նախագահների առաջիկա եռակողմ հանդիպումը հերթակա՞ն է, թե՞ որոշակի սպասելիքներ կան:

– Անցած տարի ՌԴ արտգործնախարարությունը իր տարեկան զեկույցում նշել է, թե Աստանայում իրենց կողմից առաջարկվել է նորացված սկզբունքները, եւ Մինսկի խմբի անդամ այլ երկրների ջանքերով մերժվել է, որն էլ իր հերթին՝ տարածաշրջանում պատերազմի վտանգը ավելացրել է: Այս կոնտեքստում այդ հանդիպումներն ինձ համար վտանգ են ներկայացնում: Իսկ ԼՂ հիմնահարցով թե Մինսկի խմբի, թե ՌԴ-ի կազմակերպած եռակողմ հանդիպումներից որեւէ մեկը չի եղել հերթական, յուրաքանչյուրի դեպքում կես բառ ավելացել է: Եղել են դեպքեր, երբ վիճակը սրվել է, եւ դրա հետեւանքները տեսել ենք ռազմաճակատի գծում։ Բայց գրեթե միշտ այդ բանակցությունները չեն եղել անիմաստ: ՀՀ իշխանությունը համարում է, որ հօգուտ իրեն է եղել, Ադրբեջանի իշխանությունն էլ ներկայացնում է, թե իր օգտին է եղել: Քանի որ պատերազմական վտանգը կտրուկ մեծացել է տարածաշրջանում, էներգակիրների պատճառով խաղաղության անհրաժեշտությունն էլ Արեւմուտքի համար է մեծացել: Եվ առաջ է եկել հանգամանք, որ վերահսկողությունից դուրս եկող պատերազմը կանխելու համար փորձ է արվում Աստանայում ստորագրված ցանկությունների փաստաթուղթը դարձնել հանձնաժողովներ ու խմբեր ձեւավորելու հիմք՝ հետագայում գործընթացը շարունակելու համար: Այս առումով այս հանդիպումը կբերի՞ դրան, իմ կարծիքով՝ այս ֆորմատով դա քիչ հավանական է: Դա շատ ավելի հնարավոր է Մինսկի խմբի համանախագահողների տանիքի տակ տեղի ունենալիք հաջորդ հանդիպմանը, ինչը, ես կարծում եմ, որ այս հանդիպումից հետո շատ երկար ժամանակ չի պահանջի: