Ցասումն անխուսափելի է

22/02/2011

«Իշխող կոալիցիան հասկանում է, որ ապակայունացում է լինելու: Սերժ Սարգսյանը հասկանում է, որ առաջիկա ընտրություններում չի ստանալու ժողովրդի վստահության քվեն, եւ այդ պատճառով փորձում է ապավինել այն քաղաքական կուսակցություններին, որոնք Սերժ Սարգսյանին դարձրին նախագահ, եւ ապավինել այն ուժային կառույցներին, որոնց վրա մինչ այժմ հենվել է Քոչարյան-Սարգսյան տանդեմը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` մեկնաբանելով կոալիցիայի նոր հայտարարության ընդունումը: Նա նշել է, թե քաղաքական էթիկայից ելնելով` չի կարող խոսել ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն համաձայնագրի մասին, բայց այն հայտարարությունը, թե կոալիցիայի չփլուզվելը հաղթանակ է, անտրամաբանական է: «Գուցե ներկլանային առումով ինչ-որ մեկը մեկի հանդեպ հաղթանակ տարավ»,- ասել է նա: Ա. Կարապետյանի գնահատմամբ, այդ հուշագրի ստորագրումով ոչինչ չփոխվեց, մնաց այն, ինչ կար: Արամ Կարապետյանը կարծում է, որ ընտրողների ձայները խորհրդարանական ընտրություններում բաշխվելու են ընդդիմադիր ուժերի միջեւ` ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ՆԺԿ: Ըստ Ա. Կարապետյանի, այս անգամ ընդդիմության գործը ավելի հեշտ է լինելու, որովհետեւ կեղծ ընդդիմադիրներ չեն լինելու: Ինչ վերաբերում է ընդդիմության միասնականությանը, ապա ՆԺԿ առաջնորդը կարծում է, որ միասնականությունը կարտահայտվի ժողովրդական ալիքի ժամանակ կատարվելիք գործողություններում: Կարապետյանը վստահ է, որ ընդդիմության համախմբման համար անհրաժեշտ է ժողովրդական ցասում: Արամ Կարապետյանը չի կիսում այն կարծիքը, որ սոցիալական հողի վրա ծավալվող հեղափոխությունների ալիքը Հայաստան չի հասնի: Նա վստահ է, որ լինելու է ալիք: «Ժամանակին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ էր ասում, որ ճգնաժամը չի գա Հայաստան, սակայն եկավ,- ասել է նա` ավելացնելով,- Հուշագիր ստորագրած բոլոր կուսակցությունները պետք է հիմա մտածեն՝ ինչպես կարող են անարյուն իշխանությունը փոխանցել այլ քաղաքական ուժերի: Ցասումը լինելու է: Միակ հարցն այն է` անարյո՞ւն կլինի, թե՞ ոչ»: