Փետրվարի 17-ին կոալիցիոն նոր հայտարարության ստորագրումից հետո կոալիցիոն ուժերը սկսել են խոսել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորության մասին: Անցած շաբաթվա վերջին այդ թեման սկսել էին ՀՀԿ-ականները, երեկ էլ այդ մասին խոսել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը` չբացառելով, որ ԱԺ ընտրություններին կոալիցիոն երեք կուսակցությունները մասնակցեն միասնական ցուցակով: «Ե՛վ խորհրդարանական, եւ՛ նախագահական ընտրություններում իշխանությունը գնում է միասնական ճակատով: Միասնական ճակատը կարող է ենթադրել եւ միասնական ցուցակներ, կարող է ենթադրել եւ, որ յուրաքանչյուր կուսակցություն կարող է իր համար պայքարել, որից հետո այդ ձայները կհավաքվեն, եւ արդյունքում կոալիցիան ավելի պատկառելի ներկայացվածություն կունենա Ազգային ժողովում»,- երեկ կայացած ասուլիսում ասել է Խաչիկ Գալստյանը: Հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ, օրինակ, ԲՀԿ-ն չի փորձելու ավելի շատ տեղեր ստանալ, քան ունի այսօր, Գալստյանը պատասխանել է. «Բնականաբար, կոալիցիոն երեք ուժերն էլ ձգտելու են ընտրությունների ընթացքում ավելացնել իրենց ձայների քվեն»: Այս ԱԺ-ում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը միասին ունեն մոտ 100 պատգամավոր, եւ եթե, ըստ կոալիցիոն նոր հուշագրի, իշխող ուժերը ցանկանում են էլ ավելի մեծացնել իրենց ներկայացվածությունը ԱԺ-ում, ապա ստացվում է, որ հաջորդ խորհրդարանում ընդդիմություն գրեթե չի լինելու: Այս դիտարկմանն ի պատասխան, Գալստյանն ասել է, թե բացարձակ մեծամասնության մասին տեղին չէ կանխատեսումներ անել, եւ, ըստ նրա, 2012-ի խորհրդարանական ընտրությունները իրենց բովանդակությամբ էականորեն տարբերվելու են 2007-ի ընտրություններից, քանի որ «ընդդիմադիր ճամբարում այսօր լուրջ քաղաքական ուժեր կան»: «Իշխանության կոնսոլիդացիան միգուցե հուշի, որ ընդդիմությունն էլ կոնսոլիդացված ճակատով հանդես գա: Եթե ռեալ ընդդիմության մասին ենք խոսում, դաշտում երեք հիմնական գործող ընդդիմադիր ուժերը` եւ՛ ՀԱԿ-ը, եւ՛, «Ժառանգությունը», եւ՛ Դաշնակցությունը, նրանք երեքն էլ ընդդիմադիր ճակատի ուժեր են»,- ասել է ԲՀԿ խոսնակը: Երեկ նա փորձել է պարզաբանել Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, որ եթե ինքը չկարողանա արդարացնել ժողովրդի վստահությունը, կհրաժարվի կուսակցության նախագահի պաշտոնից։ «Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը հստակ էր եւ նշանակում էր, որ ինքը քաղաքականությամբ չի ապրում եւ, եթե զգա, որ այլեւս չի վայելում ժողովրդի վստահությունը, կհրաժարվի կուսակցության ղեկավարի պաշտոնից»,- ասել է խոսնակը: Ծառուկյանի մեկ այլ` «50+1 ձայն» հավաքելու հայտարարությունն էլ Գալստյանը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Գագիկ Ծառուկյանն այդ հայտարարությունն արել է` ի պատասխան բոլոր սոցիոլոգիական հարցումների եւ բախտագուշակների հայտարարությունների»: Այդքանից հետո Գալստյանը հերքել է այն խոսակցությունները, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի «պրոյեկտն է»: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ողջ կենսագործունեության ընթացքում ցույց է տվել եւ վաղուց ապացուցել է, որ ինքն ինքնուրույն քաղաքական ուժ է եւ համախմբված է իր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ: Դա արդեն կայացած փաստ է, եւ որեւիցե մեկ անձնավորության կպցնել կուսակցությանը, ես կարծում եմ, անհարիր է»,- ասել է նա` փաստորեն Քոչարյանին ԲՀԿ-ի հետ կապելը համեմատելով «կպցնելու հետ»: Գալստյանը նաեւ բացառել է հնարավորությունը, որ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու դեպքում ԲՀԿ-ն կարող է աջակցել նրա թեկնածությունը: «Բարգավաճ Հայաստանի» խոսքի եւ գործի միջեւ մեծ տարբերություն չկա»,- ասել է նա: