Կարծես ավարտվեց բավական ժամանակ ներքաղաքական կյանքը փոթորկած ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը, ուստի փորձենք հասկանալ` ի՞նչ ունենք հիմա, եւ ի՞նչ է մեզ սպասվում առաջիկայում:
Շատերը գնահատեցին, որ կոալիցիայի այս հայտարարությամբ նախագահ Սերժ Սարգսյանը կարողացավ կանխել Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալու հավակնությունները, եւ շտապեցին ողջունել դա ու շնորհավորել միմյանց: Թեպետ, որքան հիշում եմ, Քոչարյանը չէր հայտարարել, որ ցանկանում է նորից նախագահ դառնալ, ոչ էլ հիմա է ասել, որ հրաժարվել է նման մտադրությունից: Փոխարենը ԱԺ ընտրություններից ավելի քան մեկ տարի առաջ պարզ դարձավ, որ մեր երկրում առաջիկայում ընտրություններ չեն լինելու, քանի որ իշխանությունը պատրաստվում է այս համամասնությամբ ու ներկայացվածությամբ (հըլա մի բան էլ ավելի) վերարտադրվել: Եվ այս պարագայում միեւնույն է, թե Սերժ Սարգսյանը նման հանգուցալուծման համար համաձայնության եկե՞լ է Ռոբերտ Քոչարյանի հետ, թե՞ ուղղակի կարողացել է Գագիկ Ծառուկյանին պոկել 2-րդ նախագահի «ճիրաններից»:
Երբ ԲՀԿ առաջնորդը խոսեց առաջիկա ընտրություններն ազատ արդար ու մրցակցային պայքարում անցկացնելու անհրաժեշտության մասին, մարդկանց մեջ դա մի տեսակ հույս արթնացրեց, որ իշխանությունը, կամ գոնե նրա մի մասը, այլեւս գիտակցել է, թե ինչ վտանգի առաջ է կանգնած մեր երկիրը, եւ որ մի նոր փորձության` ի դեմս կեղծված ընտրությունների, կարող է եւ չդիմանալ: Սա այն աստիճանի գայթակղիչ էր, որ անգամ շատերիս կողմից հաշվի չառնվեց այն հանգամանքը, թե Գագիկ Ծառուկյանն արդյոք պատրա՞ստ էր այդպիսի դարակազմիկ առաքելության` նպաստեր, որ երկրում ազատ արդար ընտրությունների միջոցով փոխվեր մեր պատմության անիվը: Կյանքը ցույց տվեց, որ, ցավոք, սա ԲՀԿ առաջնորդի ուսերի համար չափազանց ծանր բեռ էր:
Իսկ հիմա, երբ հետին թվով որոշ գիտունիկներ ու իմաստունիկներ հայտարարում են, թե` ո՞վ չգիտեր, որ ամեն ինչ այսպես էր ավարտվելու, դա ինձ մոտ ընդամենը հեգնախառն մեղմ ժպիտ է առաջացնում: Առհասարակ, մի տեսակ կարեկցանքով եմ վերաբերվում ճակատագրի հետեւից վազողներին ու կյանքի հետեւից նայողներին` նրանք չեն ապրում, քանի որ կյանքի մեջ այդպես էլ չեն մտնում, նրանք զբաղված են «բարդ ու պատասխանատու» գործով` իրականացնում են ուրիշների բուռն իրադարձություններով լի կյանքի դիտորդական առաքելություն: Կար շանս՝ ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու, գուցե փոքր էր հավանականությունը, բայց կար, որի համար արժեր պայքարել: Առավելեւս, որ չգիտենք անգամ, թե նմանատիպ հնարավորություն կառաջանա՞ մինչ առաջիկա ընտրությունները, թե՞ ոչ:
Իսկ կատարվածն ընդամենը հերթական անգամ հուշեց, որ մեր հասարակությունն իշխանություններից կարող է ազատվել միմիայն հեղափոխական ճանապարհով, եթե չի պատրաստվում հաշտվել այս վիճակի հետ: Եվ դա է պատճառը, որ հեղափոխության մտքից վաղուց հրաժարված արմատական ընդդիմության առաջնորդն ու նրա թիմակիցները դարձյալ խոսեցին հեղափոխության մասին, քանի որ այլեւս հանրությանը չեն կարող համոզել, թե հնարավոր է սահմանադրական ճանապարհով ու ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնել:
Այո՛, կոալիցիան իր այս հայտարարությամբ ձեռնոց նետեց հասարակությանը, թե` եթե կան մարդիկ, ովքեր չեն պատրաստվում մինչեւ 2018 թվականը հանդուրժել այս իշխանություններին, ուրեմն պետք է իրենց եզրակացությունն անեն հիմա: Ուստի մեր «հոգնած» հեղափոխականներին ոչինչ չէր մնում, քան նորից ակտիվանալը: Թեպետ փաստեմ, որ ինչ դրդապատճառներով էլ նրանք ակտիվանան, միեւնույն է, ողջունելի է ու մեր հասարակության համար օգտակար, քանի որ անկառավարելի շարժումը կարող է հանգեցնել կործանարար հետեւանքների:
Տեւական ժամանակ Սերժ Սարգսյանը կարողանում էր բալանսը պահել իշխանության մյուս թեւի ու ՀԱԿ-ի միջեւ: Բայց այդ խաղն ընդհատվեց, երբ Ծառուկյանն ու նրա թիմը պարզորոշ հայտարարեցին, որ պատրաստվում են առաջիկա ընտրություններում 50%+1 ձայն հավաքել: Եվ որ իշխանության տեսանկյունից ամենավտանգավորն էր` այդ ձայները ԲՀԿ-ն պատրաստվում էր ստանալ մրցակցային պայքարում, որով իսկ մերժելով նախագահի կողմից իրեն «հատկացված»` երկրորդ «պատվավոր» տեղը: Ու հենց այդ ժամանակվանից սկսած իշխանությունները շրջանառության մեջ դրեցին «կանխատեսելի գործընկեր» թեզը, ինչն ավտոմատ կերպով նշանակում էր` կանխորոշված ընտրություններ: Իհարկե, սկզբում ՀՀԿ-ականները հանկարծակիի եկած ասում էին, թե ԲՀԿ-ին դա չի հաջողվի, բայց դրանով հարցը չլուծվեց, քանի որ հասարակությունը հասկացավ, որ իրենից է կախված` կհաջողվի՞ դա ԲՀԿ-ին, թե՞ ոչ, ուստի իրենց ընդամենը մնում էր «50+1»-ն ապահովելը: Նախագահը հասկանում էր, որ եթե ուշացներ` պահը բաց կթողներ, քանի որ գնալով իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից: Այո, բայց երբ ընտրություններին բավական ժամանակ կա, նման հայտարարություն ստորագրելով Սերժ Սարգսյանը գուցե ԲՀԿ-ի հավակնությունները կանխեց ժամանակին, բայց դրանով ժամանակից շուտ բացահայտեց իշխանությունն ամեն գնով պահելու մտադրությունը: Մինչդեռ երկրի նախագահը, եթե ժամանակին գնար արմատական բարեփոխումների, դրան զուգահեռ՝ մտածեր գործընկերների հետ վստահելի հարաբերություններ հաստատելու մասին, այսօր ստիպված չէր լինի նրանց հետ պարտավորագրերի լեզվով խոսել, որով իսկ կանգներ ու իր հետ էլ երկիրը կանգնեցներ փաստի առաջ: Եվ եթե մինչ այժմ անալիտիկ վերլուծական միտք ունեցող յուրաքանչյուրը կարող էր երկրում տիրող վիճակին համարժեք գնահատականներ հնչեցնել, ապա այս բարդ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ու ներպետական նոր իրողությունների պայմաններում երկիրը մտել է մի այնպիսի անկանխատեսելի հուն, որ միայն ամենազոր Աստված գիտի, թե այս ամենն ինչով կավարտվի:
Այսքանից հետո ի՞նչ է մեզ սպասվում: Հերթական անգամ ըմբոստ ժողովուրդն ու նրան առաջնորդող ուժերը դուրս կգան փողոց: Իշխանությունն էլ չի պատրաստվելու զիջել դիրքերը եւ փորձելու է ամեն գնով պահպանել մեր երկրի «կայունությունը»: Կգտնվեն ուժեր, որ կփորձեն այս երկուսի միջեւ բալանսը պահել, որպեսզի իրավիճակը դուրս չգա «վերահսկողությունից»: Եվ բնականաբար, կլինեն զգալի թվով մարդիկ, ովքեր մի կողմ կքաշվեն, որպեսզի մասնակիցը չդառնան այս «ազգակործան» միջոցառումների: Եվ ինչն է զավեշտը, գուցե նաեւ՝ դաժան իրականությունը. նրանց բոլորի թե՛ գործունեությունը, թե՛ անգործությունը լինելու է հանուն վեհ նպատակի` հանուն Հայաստանի ու Արցախի, ինչպես նաեւ՝ աշխարհասփյուռ հայության:
Երնեկ նրան, ով ոչ միայն հաստատ գիտի, թե ինքն առաջիկայում բարիկադների որ կողմում է լինելու, այլեւ համոզված է իր որոշման ճշմարտացիության մեջ` հանուն Հայաստանի ու Արցախի, ինչպես նաեւ՝ աշխարհասփյուռ հայության:
Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆ