Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Փետրվարի 18-ին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտն ու Միջազգային զարգացման գործակալությունը Վաշինգտոնում հայտարարեցին, որ Վիրջինիա նահանգի Դալլաս քաղաքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Գլխավոր վերստուգիչ գրասենյակի դաշնային գործակալների կողմից ձերբակալվել է 62-ամյա Մայքլ Հեյզը: Հեյզը մեղադրվում է ԱՄՆ կառավարությանը պատկանող ավելի քան 19.000 ԱՄՆ դոլար գումար յուրացնելու մեջ` հրահանգելով ԱՄՆ ՄԶԳ-ի շահառու հանդիսացող հայկական առեւտրային բանկին՝ ԱՄՆ կառավարությանը պարտք միջոցներն ուղարկել իր անձնական բանկային հաշվին: 2009թ. հունվարին` հանցանքի կատարման ժամանակ Հեյզը անձնական ծառայությունների պայմանագրով աշխատել է ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակում` որպես ֆինանսական կառավարման հարցերով պատասխանատու: ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ գրասենյակը եւ ողջ ԱՄՆ դեսպանությունը լրջորեն են վերաբերվում ԱՄՆ հարկատուների միջոցների տնօրինման մեր պարտավորությանը, եւ մենք պարտավոր ենք աջակցությանն ուղղվող բոլոր միջոցները կիրառել արդյունավետ կերպով` ի շահ Հայաստանի: Մենք չենք հանդուրժում անձնական շահ ստանալու նպատակով պաշտոնական դիրքի չարաշահումը եւ ուսուցանում ենք մեր աշխատակիցներին՝ բացահայտել կասկածելի գործողությունները եւ զեկուցել դրանց մասին: Մենք կշարունակենք խստորեն հետեւել մեր աշխատանքի անաչառությանը, որն իրականացվում է ԱՄՆ եւ Հայաստանի ժողովուրդների անունից»: