Կոշտ եւ հստակ

22/02/2011

«Մայրաքաղաքում կառուցապատողները պետք է պահպանեն շինհրապարակների համար սահմանված անհրաժեշտ նորմերը»,- նման հանձնարարական է տվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: «Պահանջը խիստ է եւ հստակ. կառուցապատողը պարտավոր է շինարարությանը հարող տարածքում քաղաքացիների համար հարմար ու անվտանգ անցուդարձ ապահովել: Անհրաժեշտ է գույքագրում կատարել՝ հասկանալու համար, թե քանի կառուցապատող է խախտել սահմանված ժամկետները: Այս կերպ հնարավոր կլինի արդյունավետ կառավարել այս դաշտը: Կառուցապատման պայմանագրերը պետք է լինեն շատ կոշտ եւ հստակ: Կառուցապատողներից պետք է պահանջել շինարարական նորմերի պահպանում, որպեսզի Երեւանի ու երեւանցիների համար անհարմարություններ չստեղծեն»,- ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, ասել է քաղաքապետը: Ըստ նրա՝ պահանջը հստակ է նաեւ սպասարկման օբյեկտների եւ ստորգետնյա անցումներում առեւտրային գործունեություն իրականացնողների համար: Տնտեսվարողները պարտավոր են պահպանել պայմանագրային պարտավորությունները, բարեկարգել, մաքրել ու կանաչապատել վարձակալած տարածքների հարակից հատվածները: Մայրաքաղաքի սանմաքրման արդյունավետ կազմակերպման համար հանձնարարվել է իրատեսական վերլուծություն ներկայացնել գանձվող վարձավճարների պատկերը հստակեցնելու համար: