Կոալիցիոն հուշագրերը, համաձայն միջազգային իրավունքի, իրավական ուժ չունեն, քանի որ կողմերը ոչ թե իրավական, այլ քաղաքական սուբյեկտներ են: Հետեւաբար, դրանց այսչափ կարեւորություն տալը` բեւեռելով ողջ հասարակության ուշադրությունը, փողկապով, տոնական տրամադրությամբ ստորագրել մի փաստաթուղթ, որն անգամ բարոյական պարտավորություն չի դնում կողմերի ուսերին, կարելի է ընկալել որպես ուշ ռոմանտիզմի դրսեւորում: Հուշագրի ինտրիգը ԲՀԿ առաջնորդն էր. նրանից հրապարակավ խոստում կորզվեց, որ 2013-ին պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Իսկ ԲՀԿ առաջնորդի «խոսքը գործ է»: Նա արարողությանը ներկայացավ ոչ թե վառ դեղին կամ կարմիր շապիկով եւ սպիտակ վերնազգեստով, այլ կոստյումով: Նրա եւ երկրի նախագահի ուրախ տրամադրության ֆոնին այնքա՜ն նկատելի էր Արթուր Բաղդասարյանի թախիծը: Սակայն սրանք դետալներ են: Շամպայնով լցված բաժակների զնգոցը հաստատեց` հուշագիրն արդեն իրականություն է: Բայց կա նաեւ բաժակների զնգոցից լուրջ իրականություն: Այն, որ կոալիցիայի կազմում մեխանիկորեն միմյանց կողքի հայտնված կուսակցություններն իրար չեն վստահում, ակնհայտ երեւում է Parliamentmonitoring.am կայքում ԱԺ խմբակցությունների պատմությունների ընթերցումից: Յուրաքանչյուր խմբակցություն իր պրիզմայով է ներկայացնում իր պատմությունը, կոալիցիաներին մաս դառնալու կամ դրանք լքելու հիմնավորումները:
Ամենահետաքրքիրը ԲՀԿ-ի ինտերպրետացիան է: «Անմիջապես ընտրություններից հետո (2007թ. խորհրդարանական.- Լ.Ա.) կուսակցությունը մասնակցեց խորհրդարանական կոալիցիայի ձեւավորմանը եւ առայժմ անխախտ ու կայուն պահպանում է իր տեղը երեք անգամ «լրացումների ու փոփոխությունների» ենթարկված կոալիցիայում. 1) ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ, 2) ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ, 3) ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ»: Այսինքն` արդեն իսկ կա անվստահություն, անգամ հեգնական վերաբերմունք կոալիցիոն գործընկերներից առնվազն երկուսի` ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի հանդեպ:
ՀՀԿ-ն ներկայացված է խոշոր հումանիստի կերպարով. «Ասել, որ 63 պատգամավոր ընդգրկող խմբակցությունն ամենամեծն է ՀՀ 4-րդ գումարման ԱԺ-ում, նշանակում է առնվազն ոչինչ չասել այն մասին, որ մյուս բոլոր չորս խմբակցություններն իրենց կազմերում ընդգրկված պատգամավորների ընդհանուր թվով զիջում են Հանրապետականի ցուցանիշին»: Սակայն «ՀՀԿ-ն որոշեց շարունակել նախորդ գումարմանը սկիզբ դրված քաղաքական ավանդույթը եւ կոալիցիայի առաջարկ արեց երկրորդ ու երրորդ համարներով խորհրդարան մուտք գործած կուսակցություններին. ձեւավորվեց ՀՀԿ-ԲՀԿ- ՀՅԴ եռակողմ կոալիցիան, որին ՀՅԴ-ն մասնակցում էր ինչ-ինչ վերապահումներով: Կոալիցիան ընդլայնվեց, թարմացվեց ու ամրապնդվեց 2008-ի նախագահական ընտրություններից հետո. Հանրապետականը ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի հետ կոալիցիոն համաձայնագիր ստորագրեց»:
ՕԵԿ-ի տեքստից զգացվում է` կուսակցությունում տակավին թարմ են այն երանելի ժամանակների մասին հիշողությունները, երբ ՕԵԿ-ն ընդդիմություն էր, իսկ կուսակցության առաջնորդը հազարներով ձայներ էր ստանում. «2003-ի մայիսի 25-ի ՀՀ ԱԺ ընտրություններում կուսակցությունը ստացավ ավելի քան 200.000 ձայն: Կուսակցությունը Հայաստանի Հանրապետական եւ Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների հետ ձեւավորեց խորհրդարանական կոալիցիա` առաջին անգամ մասնակցելով կառավարության ձեւավորմանը: Կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն ընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում: 2006-ին, սակայն, ՕԵԿ-ն արտահայտելով իր անհամաձայնությունը վարվող քաղաքականության մի շարք ուղղությունների նկատմամբ, դուրս եկավ կոալիցիայից: ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանը հրաժարական ներկայացրեց: 2007-ի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ-ը ստացավ ժողովրդի վստահության քվեն` ձեւավորելով առավել ակտիվ ու սկզբունքային խմբակցություններից մեկը: Իսկ 2008-ի նախագահական ընտրություններում ՕԵԿ նախագահը ստացավ ավելի քան 275.000 քվե»: Այստեղ, ահա, գիտակցելով «պետական եւ հասարակական կայունության եւ զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կարեւորելով նախագահական ընտրություններում Ա. Բաղդասարյանի 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական ծրագրի կետերի իրականացումը, Ա. Բաղդասարյանն ու Ս. Սարգսյանը ստորագրեցին հուշագիր: ՕԵԿ-ը` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ ձեւավորեց կոալիցիա»:
Սակայն 2008-ին, ինչպես հայտնի է, նախորդում է 2007 թվականը: Այդ թվականի հունիսի 6-ին արդեն անհրաժեշտություն էր առաջացել թարմացնել 2003-ին ստորագրված կոալիցիոն հուշագիրը: Այդ ժամանակ կոալիցիան համեստ կազմ ուներ` ՀՀԿ եւ ԲՀԿ: ՀՅԴ-ն եւս միացել էր կոալիցիային, սակայն «ընդամենը» համագործակցելու նպատակով: ՀՅԴ-ն կոալիցիային լիարժեք չէր անդամակցում, քանի որ 2008 թ.-ին, նախագահական ընտրություններին ներկայանալու էր սեփական թեկնածուով: Այսինքն` եթե ՀՅԴ-ի` նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելն իշխանությունների համար առանձնակի վտանգ չէր (չի) ներկայացնում, նույնը չես ասի ԲՀԿ-ի մասին, որին թույլ չի տրվում կոալիցիայից անգամ մեկ քայլ հեռանալ: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա, հիշենք, որ նա դեռեւս 2006-ին լքել էր կոալիցիան: 2008-ի նախագահական ընտրություններից հետո ՀՅԴ-ն «առանց ձեւականությունների (սա իրենց խմբակցության պաշտոնական կայքում արված կոալիցիային միանալու իրենց իսկ գնահատականն է.- Լ.Ա.) մաս կազմեց նոր իրավիճակում ձեւավորվող քառակողմ կոալիցիային»: Սակայն հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ՀՅԴ-ն, հայտարարելով, որ այդ քաղաքականությունը չի համապատասխանում կուսակցության արտաքին քաղաքական կուրսին, դուրս եկավ կոալիցիայից:
Քանի որ օրերս Մայրենի լեզվի օրն էր, մայրենիով գրված մի քանի տեքստերի լրացուցիչ ընթերցումն ավելի ամրացրեց տոնականության զգացողությունը: Խոսքը մասնավորապես հուշագրերի տեքստերին է վերաբերում: Ահա մի հատված 2003-ի հուշագրից, ուր սեւով սպիտակին նշված են կոալիցիայի առաջնահերթությունները. «Ընդգծված սոցիալական ուղղվածության տնտեսական քաղաքականության իրականացում, հակամենաշնորհային քաղաքականություն եւ ազատ մրցակցային տնտեսության երաշխավորում, կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքար»:
2007թ. Հուշագրի տեքստից` «Քաղաքական կոալիցիան եւ Համագործակցությունն իրենց ծրագրային առաջնահերթություններ են հռչակել տնտեսության կայուն եւ անվտանգ զարգացումը` ստվերային տնտեսության էական կրճատմամբ, եկամուտների բաշխման առավել արդարացի մեխանիզմների կիրառմամբ, արտահանման կողմնորոշում ունեցող արտադրության խրախուսումը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մեծացումը, իշխանության թեւերի միջեւ հակակշիռների եւ զսպումների լիարժեք համակարգի ձեւավորման սահմանադրական երաշխիքների արմատավորումը երկրի օրենսդրության մեջ եւ քաղաքական համակարգում…»: Եվ այլն, եւ այլն:
Օրերս ստորագրված Հուշագրի տեքստում եւս հանդիպում են այնքան հին ու ծանոթ մտքերի` կոռուպցիայի դեմ համընդգրկուն, պայքար, ստվերային տնտեսության էական կրճատման գերակայություն: Հուշագրերի տեքստեր կազմող մարդիկ կա՛մ ծույլ են, կա՛մ սրամիտ: Թեեւ չի բացառվում` երկուսը միասին: