71-ամյա Էմմա Սայադյանն ինձ խնդրել է, որ այցելեմ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող իրենց տուն: Անցյալ տարի ինձ հանդիպած Էմմա տատիկենց տունն այս տարի ավելի աղքատ ու քարուքանդ է: Իսկ այս տարվա «տաք» ձմեռը նրանց տուն ավելի շատ ցուրտ է բերել, քան նախորդ տարվա սաստիկ ձմեռը: Վառելիք հայթայթելն ու երեխաներին ցրտից պաշտպանելու ձեւ գտնելն այլեւս դարձել է հերոսություն: Անցյալ տարվա այցելությունից հետո շատ բան է փոխվել. ընտանիքի աղքատությունն ավելի է ընդգծվել, իսկ մեծերն ու փոքրերն ավելի հյուծված տեսք ունեն: Հարցնում եմ` «Ի՞նչ կա, Էմմա տատիկ»: «Ի՞նչ պիտի լինի, կոտորվում ենք արդեն: Հավատո՞ւմ ես, էլ ապրելու հնար չկա, էլ գոյատեւելու միջոց չենք գտնում: Քեզ կանչել եմ, որովհետեւ արդեն ոչ մեկը հաց չի տալիս, երեխեքս սովից կոտորվում են»,- պատասխանում է Էմմա տատն ու սոված թոռների մասին խոսելիս` աչքերից արցունքները հոսում են: Էմմա տատիկն այնքան վիրավորված ու նվաստացած է իրեն զգում, որ խոսելիս շունչը չի հերիքում, պարբերաբար հեծկլտում է: Ասում է, որ առավոտից երեք թոռներն ընդհանրապես հաց չեն կերել, որովհետեւ Մերձավանի բոլոր խանութներից պարտքով վերցրած հացի գումարները չեն վճարել: Խանութպաններն այլեւս հրաժարվել են «նիսյայով» հաց տալ` պահանջելով պարտքերը մարել:
Ծեր կինը նայում է մանկահասակ թոռներին ու սիրտը կտոր-կտոր է լինում: Անցյալ տարի Էմմա տատիկն ինձ կանչել էր` խնդրելով միջամտել «դոմիկի» պատերն ամրացնելու համար անհրաժեշտ շինանյութը հայթայթելու հարցում: Ասում էր` ցրտից ու խոնավությունից երեխաները հիվանդանում են: Տանիքի «կարկատած» ծածկից հոսող անձրեւաջրերն ու ձյան հալոցքը պատերի վրա «քարտեզ» էր գծել: Հիմա արդեն Էմմա տատի համար առավել հրատապ է երեխաների օրվա հացը: «Ի՞նչ անեմ, ասա, առավոտը գնացել եմ խանութներ, ոչ մեկը հաց չի տալիս, փող էլ չունենք, որ փողով առնենք: Սենց ո՞նց կլինի, գնալով կործանվում ենք: Հասկանո՞ւմ ես, երեխեքս սոված են, չգիտեմ՝ ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ»,- ասում է Էմմա տատն ու մատնանշում, թե որ խանութին պարտքերի ինչ ցուցակ ունեն: Երեք տարեկան Հայկանուշը ճարպիկ շարժումներով «թռնում» է տատի գիրկն ու փոքրիկ մատներով սկսում է շոյել Էմմա տատի թաց աչքերը: Դերասանուհու նման «հագնում» է լայն ժպիտի դիմակն ու ուղիղ նայում է տատի աչքերի մեջ: Էմմա տատիկը չի կարողանում զսպել ծիծաղն, ու երկուսով սկսում են գրկախառնվել: Հայկանուշը մի տեսակ հաղթանակածի պես իջնում է տատի գրկից ու սկսում է բոլորին զվարճացնել` տատին համոզելու համար, որ թեկուզ սոված, բայց ինքը ուրախ ու անհոգ է: Հարցնում եմ` «Դու որ մեծանաս՝ ի՞նչ ես դառնալու»: Հայկանուշի տրամադրությունը կտրուկ ընկնում է ու խռոված դեմքի արտահայտություն ընդունելով՝ պատասխանում է` «Երեք հազար դրամ»: «Ի՞նչ, 3000 դրա՞մ… բայց ո՞նց, ինչի՞ հենց 3000 դրամ»,- զարմացած հարցնում եմ` մտածելով, որ երեխայական խաղ է խաղում: «Ուզում եմ դառնամ 3000 դրամ, որ տատիկս գնա ու հաց առնի ու չլացի: Հիմա փող չկա, բայց որ ես դառնամ 3000 դրամ փող` իրանք կգնան խանութից բան-ման կառնեն ու չեն լացի»,- թախիծով ու մանկական միամտությամբ բացատրում է երեք տարեկան փոքրիկը: Էմմա տատը հուզվելով գրկում է երեխային, ու երկար գրկախառնվում են: Երեխայի հայրը` Նվերն, ով անխոս հետեւում էր մոր ու փոքրիկի խոսակցությանն՝ անկյուն է ման գալիս, որ հայացքը թաքցնի: Բոլորը լռում են, որովհետեւ այն խոսքը, որը պետք է սփոփեր այս մարդկանց, հաստատ ոչինչ է երեք տարեկան երեխայի արտահայտած մտքերի ֆոնին: Երեք մանկահասակ երեխաների հայր Նվերն անցյալ տարի շինհրապարակում բանվորություն էր անում եւ գոնե օրվա հացի գումարը վաստակում էր: Անցյալ տարի Հայկանուշը 3000 դրամ դառնալու ցանկություն չուներ, որովհետեւ մեծից փոքր հաց գնելու մասին չէին մտածում: Հիմա Նվերը գործազուրկ է, որովհետեւ նույնիսկ բանվորության աշխատանք դժվար է գտնել: «Այ բալամ, գնալով ավելի վատանում ա մեր վիճակը: Անցած տարի գոնե տղես մի երկու կոպեկ բերում էր, յոլա էինք գնում: Դեսից-դենից մի բան ճարում էինք, մտածում էինք՝ էս դոմիկի հարցերը մի քիչ կարգավորենք: Հիմա մեր վիճակն աննկարագրելի ա դարձել: Առավոտը քնից արթնանում ենք` մտածելով, թե երեխեքին ինչով կերակրենք, մինչեւ քնելը: Քուն ու դադար էլ չունենք: Այ մարդ, գոնե աշխատանք լիներ` էլի տանջվելով, տառապելով օրվա գոյությունը կպաշտպանեինք, բայց… ջահել տղես, հարսս մեռան գործ ման գալով: Սենց տանը նստած ո՞նց կլինի, մանր երեխեք են, ուտել են ուզում: Հավատա, ի՞նչ աստիճանի լինենք, որ ընկած միջոց ենք ման գալիս, որ մեկը ձեռք մեկնի: 30.000 մի խանութին ենք հացի պարտք, 40.000՝ մեկ ուրիշին, այ սենց անելանելի դրություն ա»,- ասում է Էմմա տատը: Հինգ հոգուց բաղկացած այս ընտանիքը պետությունից ստանում է 30.000 դրամ ընտանեկան նպաստ, մեկ էլ` գոյատեւում են Էմմա տատի 20.000 դրամ ծերության թոշակով, որով այս մեծահասակ կինը, բնականաբար՝ չի կարողանում իր ծերությունը մի քիչ բարեկեցիկ անցկացնել: Հարցնում եմ` «Իսկ Մերձավանի գյուղապետարանը չի՞ կարող որեւէ օգնություն ցուցաբերել»: «Չէ, այ բալամ… Տղայիս վայենկոմատից կանչել էին, տրանսպորտի փող չկա, որ գնա: Ստիպված գնացել, գյուղապետին խնդրել եմ, ասում եմ` 1000 դրամ տուր, տղաս գնա վայենկամատ, ճար չունենք ուրիշ: Ասում ա` գնա պարտք արա, որտեղի՞ց տամ… Խնդրում եմ, ղեկավարությանն ասա թող մի բանով օգնեն, էս նեղ հալից դուրս գանք»,- ասում է ծեր կինը: 8-ամյա Բագրատը երազում է ոստիկան դառնալու մասին: Ասում է` «Միլիցա դառնամ՝ բոլոր գողերին բռնել եմ տալու»:
Էմմա տատիկի երեք թոռների երազանքները մեր իրականությունից մի տեսակ վրեժ լուծելու փիլիսոփայություն ունեն: Երեխաները երազում են այնպիսի բաների մասին, որոնք գուցե իրենց ցավ են պատճառում ու սահմանափակում են մանկությունը վայելելու հնարավորությունը: Հայկանուշն այնքան է լսել փողի, օրվա հաց չլինելու մասին դժգոհությունները, որ նախընտրում է լինել ոչ թե մարդ, այլ դրամ: