Մեր օրերում հերոս դառնալը շատ հեշտ գործ է: Բավական է ինքնարտահայտվելու մղումդ պատնեշի հանդիպի, որպեսզի հայտնվես ուշադրության կենտրոնում եւ հետեւաբար` հերոս կարգվես: Երեկ նման հերոսներ դարձան «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավարները, ովքեր առավոտյան ծրագրի հյուր էին կանչել էստրադային կոմպոզիտոր Վահրամ Պետրոսյանին: Երիտասարդ կոմպոզիտորը փորձեց 10 րոպեների ընթացքում պարզաբանել նախօրեին իր ասածը (ադրբեջանական երաժշտության հանդեպ եղած հակումների մասին), շեշտելով, որ իր խոսքերի աղավաղում է տեղի ունեցել: Վ.Պետրոսյանը վստահ է, որ եթեր հեռարձակած բառերը միտումնավոր մոնտաժվել են այնպես, որ հանդիսատեսը թյուրիմացաբար կարծի, թե նա ադրբեջանական երաժշտության սիրահար է: Այս հաղորդման ընթացքում նա պարզապես փորձեց բացատրել իր ասածը («Ասել եմ` «եթե սիրում ենք», այլ ոչ թե՝ «մենք սիրում ենք»), սակայն, քանի որ արդեն «վերեւներից» հրահանգված է եղել իր անձի ու իր երգերի առջեւ պատնեշ կառուցել, ապա «Կենտրոնի» առավոտվա եթերը կտրուկ ընդմիջվեց: Իսկ հաղորդավարներն էլ այլայլված ստիպված եղան արդարանալ «տեխնիկական» անսարքությամբ: Հո չէի՞ն կարող ասել` մեզ ստիպեցին ստոպ տալ Վ.Պետրոսյանի ներկայությունը եթերում: