Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գրքի տոն դարձնելն արդեն ավանդույթ է դարձել: Այս տարի նույնպես փետրվարի 17-18-ը Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում գրքի տոնավաճառ-ցուցահանդես էր կազմակերպվել, որին մասնակցող հրատարակությունները բոլոր այցելուներին առաջարկում էին գիրք գնել 20 % պակաս գնով: Իհարկե, անխտիր բոլոր նմանատիպ պետական միջոցառումներն անցիում են երգ-պար-ասմունք ձեւաչափի ուղեկցությամբ (նաեւ գրքերի նվիրաբերմամբ), սակայն, կարեւորն այն է, որ, այսուամենայնիվ, դրանք ստեղծում են գրքի ու մարդու հանդիպման առիթ: Եվ որքան շատ են լինում այդ հանդիպումները եւ որքան շատ տարածքներ են գրավում, այնքան մեծանում է գրքի նշանակությունը: Մեր օրերում ստեղծվող հայ գրականությունը (նշանակություն չունի` այն ինչպիսի՞ն է) պետք է ճանաչելի դառնա եւ հնարավորություն ստանա ընթերցողի ուշադրության համար մրցել բոլոր հնարավոր դաշտերում: Ինտերնետային տարածքում ստեղծված «Գրանիշ» գրական միավորումն արդեն մարտ ամսից սկսած կունենա իր տպագիր ֆորմատը: «Անտարես» հրատարակչությունը հետազոտել է (գրականության դաշտ ներմուծելով նաեւ գրական գործակալների մասնագիտությունը) բլոգոսֆերան ու որոշել է «Գրանիշը» թղթի վրա վավերացնել` ամսագրի տեսքով: «Ամեն ամսագիր իր թեմատիկ շեշտադրումը կունենա: Օրինակ, ապրիլյան ամսագրի կենտրոնում Եղեռնի թեման կլինի: Մենք կփորձենք ցեղասպանությանն այլ աչքերով նայել: Մենք միշտ զոհի դերում ենք եղել ու մեղքը թուրքի մեջ ենք տեսել: Սակայն մենք շատ ստեղծագործություններ ունենք, որոնք այլ հայացքով են նայում կատարվածին: Եվ հենց հայացքի վրա է հիմա հարկավոր կենտրոնանալ»,- ասում է «Անտարեսի» նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հայտարարվել է նաեւ լավագույն պատմվածքի մրցույթ, որի 20 հաղթողները կտպագրվեն 500 տպաքանակ ունեցող գրքի ֆորմատով ու կվաճառվեն բոլոր գրախանութներում ու գրադարաններում` սիմվոլիկ` 10 դրամ գումարով: Ըստ Ա. Մարտիրոսյանի` գիրք նվիրելու փաստը վատ անդրադարձ է ունենում մարդու հոգեբանության վրա: «Գիրքը պետք է գնվի, քանի որ միայն այդպես է այն արժեւորվում»,- վստահ է նա: