Պաշտպանության նախարարությունում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Ըստ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության, հավաքի սկզբում բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դասախոսություններով ու ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը, ինչպես նաեւ՝ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ: Օպերատիվ հավաքը, որի նպատակն է՝ բարձրացնել եւ կատարելագործել օպերատիվ շտաբների սպաների գիտելիքները ռազմավարության եւ օպերատիվ արվեստի բնագավառներում, տեւելու է մինչեւ փետրվարի 24-ը: Նման ձեւաչափի հավաքներ ղեկավար կազմի հետ նախկինում չեն եղել, եւ այդ իմաստով դա կարելի է համարել աննախադեպ: Մյուս կողմից՝ պատերազմի վերասկսման հավանականության մասին խոսակցությունների համատեքստում նման հավաքը միանգամայն այլ նշանակություն կարող է ստանալ: Այսինքն` դա կարելի է հասկանալ նաեւ, որպես հնարավոր պատերազմից առաջ ԶՈՒ ղեկավար կազմին պետության իրական վիճակին ծանոթացնելու միջոցառում: