Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը երեկ կայացած ասուլիսի սկզբում մի հայտարարություն անելուց առաջ լրագրողներին խորհուրդ է տվել. «Բռնվեք, որ չընկնեք»: Իսկ պատճառը, ինչպես տեղեկացրել է Պողոսյանը, այն է, որ Կարապի լճի գեղեցիկ ուռենին կտրել են ու, նրա խոսքերով, անհեթեթ բացատրություն են տալիս: «Ինչո՞ւ են կտրել, որովհետեւ սխալ են ծնվել: Ուրիշ բան չի անցնում մտքներով՝ կտրելուց բացի: Դե արի ու դենդրոլոգին համոզիր, որ ծառը կտրելու համար չէ: Դենդրոլոգն ասում է` ծառը հիվանդ էր: Կտրելու հիմնավորում գտնում են, իսկ ապրելու հիմնավորում չեն գտնում»,- ասել է նա` քաղաքային իշխանություններին հիշեցնելով, որ Խոսրով թագավորի օրոք ծառը կտրողի թեւը կտրում էին: