ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանություն է տարածել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունների կապակցությամբ, համաձայն որոնց՝ հայկական զինված ուժերը փետրվարի 20-ին խախտել են հրադադարի ռեժիմը` ադրբեջանական կողմին պատճառելով կորուստներ։ «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը փետրվարի 20-ին բազմաթիվ անգամներ խախտել են հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական լրատվամիջոցներում ադրբեջանական բանակի բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները կարող են հետեւանք լինել ինչպես իրենց բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների ու ինքնախեղումների, այնպես էլ այդ կորուստների մի մասը կարող է հետեւանք լինել ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն գործողությունների: Հաշվի առնելով այն, որ ադրբեջանական կողմը սադրանքը դարձրել է առօրյա գործելակերպ` հնարավոր է նաեւ, որ կորուստների մասին բազմաթիվ հրապարակումներով Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել հետագա սադրանքների համար: Հայկական զինված ուժերը շարունակում են հարգել հրադադարի ռեժիմը»: