Վրաստանի արտգործնախարարությունը վտանգավոր է համարում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Վրաստանը հատուկ վերահսկողության տակ վերցնելու մասին հայտարարությունը. Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն կոչ է արել միջազգային հանրությանը՝ հատուկ ուշադրություն դարձնել նման հայտարարություններին: Հիշեցնենք, որ Մեդվեդեւի հայտարարությունը հնչել էր Սոչիի 2014-ի ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստման եւ անցկացման համար անվտանգության ապահովման մասին խորհրդակցության ժամանակ: Նա չի բացառել, որ խաղերի ժամանակ հնարավոր են տարատեսակ սադրանքներ վրացական կողմից: «Նախագահ Մեդվեդեւի հայտարարությունն ունի նախկինում արված անհիմն մեղադրանքների բովանդակությունը: Այն ֆոնին, որ բոլորին հայտնի է, որ Սոչիի օլիմպիական խաղերի կազմակերպումն իրականացվում է միջազգային նորմերի խախտմամբ, դա կրում է առավել ցինիկ բնույթ: Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ նման սադրիչ հայտարարություններ արվում են ամենաբարձր ամբիոնից: Դա շատ վտանգավոր է եւ պետք է վերաբերվել առանձնահատուկ ուշադրությամբ»,- ասել է Կալանդաձեն: