Բուժիչ նամակներ

22/02/2011

Կրկին չիչխանի մասին

Վստահ ենք` շատ-շատերդ շուկաներում վաճառվող չիչխանի կողքով անտարբեր եք անցնում: Այդ ոչ թանկ վաճառվող պտուղն այնպիսի հզոր դեղամիջոց է, որ տարբեր երկրների ժողովուրդներ այն անվանել են «ոսկյա վիտամինների գանձարան»:

Չիչխանը (ԿոսպտՌւՈ) անկրկնելի բուժիչ միջոց է օրգանիզմի տարբեր հիվանդությունների, դեմքի եւ մարմնի, ձեռքերի մաշկի խնամքի համար: Այն մշտապես օգտագործելով` ձեր օրգանիզմը կպաշտպանեք բազմաթիվ հիվանդություններից: Չիչխանն օգտակար է եւ թարմ, եւ չորացրած, եւ սառեցված, եւ կոնսերվացված վիճակում: Ըստ ճապոնացի գիտնականների` չիչխանը երկրագնդի վրա ամենաօգտակար բույսն է: Չիչխանի մեջ վիտամին C-ի պարունակությունը հավասար է սեւ հաղարջի մեջ պարունակվող քանակությանը, սակայն ավելի լավ է յուրացվում օրգանիզմի կողմից: Չիչխանի մեջ 9 անգամ ավելի շատ վիտամին C կա, քան կիտրոնի մեջ: Այս պտղի մեջ ավելի շատ վիտամին A (կարոտին) կա, քան գազարի մեջ, ինչի շնորհիվ օրգանիզմը պաշտպանվում է մրսածությամբ առաջ եկած հիվանդություններից: Վիտամին A-ի յուրացման համար որոշակի ճարպեր են անհրաժեշտ. չիչխանի մեջ A-ն հանդես է գալիս հենց այդ յուղերով, ինչի շնորհիվ լավագույնս մարսվում է: Չիչխանը նաեւ հարուստ է վիտամիններ F, B1, B2, B6, E, K, P-ով: Բացի այդ, չիչխանն անչափ հարուստ է ավելի քան 100 օգտակար նյութերով, թթուներով, միկրոէլեմենտներով, որոնք խիստ անհրաժեշտ են օրգանիզմին: Դրանք նաեւ նպաստում են երկարակեցությանը եւ երիտասարդության պահպանմանը: Նրանում պարունակվող սերոտոնինը կարգավորում է ճնշումը, նվազեցնում է արյունահոսությունը: Սերոտոնինը նաեւ նպաստում է նյարդային, աղեստամոքսային համակարգերի կարգավորմանը: Դեպրեսիաների եւ սթրեսների ժամանակ խորհուրդ է տրվում չիչխանի թուրմ խմել: Ժամանակակից բժշկության մեջ, ի դեպ, սերոտոնինը օգտագործում են որպես հակաուռուցքային միջոց: Չիչխանի տերեւները եւս հարուստ են վիտամիններով: Տերեւների մեջ ավելի շատ վիտամին C կա, քան պտղի մեջ: Այնպես որ, տերեւները կարող եք չորացնել եւ օգտագործել թեյի տեսքով:

Չիչխանն ամրացնում է լնդերը, պայքարում է բերանի տհաճ հոտի դեմ: Մաշկի վրայի վերքերը, սպիները, քերծվածքները կարող եք արագ բուժել` չիչխանի յուղով կամ հենց պտղահյութով թրջոցներ օգտագործելով: Չիչխանն օգտակար է սակավարյունության, ստամոքսի խնդիրների դեպքում: 3 կգ չիչխանի պտղի վրա 0,5 լիտր եռացրած ջուր լցրեք, փոքր-ինչ տաքացրեք կրակի վրա, որպեսզի պտուղները փափկեն, սակայն մի եռացրեք: Ապա քամեք հյութը, լցրեք ապակյա տարաների մեջ եւ խմեք: Օրգանիզմը վիտամիններով հարստացնելու համար պատրաստեք հետեւյալ միջոցը. 100 գրամ չիչխանի հյութը, 100 գրամ յուղոտ կաթը եւ 1ճ/գ բնական մեղրը լավ խառնեք եւ խմեք ուտելուց 30 րոպե առաջ` օրը 3 անգամ: Շատ օգտակար է հատկապես կանացի օրգանիզմի համար, եւ հատկապես հասուն տարիքում: Օրգանիզմի ֆունկցիաների աշխատանքը եւ հորմոնների վերակազմակերպումը կկանոնակարգվի:

Չիչխանի յուղն օգտակար է շրթունքի վրա գոյացած հերպեսի դեպքում: Իսկ սերմերով պատրաստված թուրմն օգտագործվում է որպես թուլացնող միջոց:

Կոսմետիկայի մեջ չիչխանի յուղը հաճախ է օգտագործվում: Այն ունի հակաբացիլային, վերքերը բուժող, հակաբորբոքային, ցավազրկող, հակամիկրոբային, հակականցերոգեն, դիմադրողականությունը բարձրացնող հատկություն: Չիչխանի յուղը վերականգնում է մաշկի վնասված հյուսվածքները, լյարդի մեջ ավելացնում է սպիտակուցների քանակությունը, օրգանիզմում կարգավորում է ճարպափոխանակությունը: Կանացի որոշ հիվանդությունների` արգանդի վզիկի էրոզիայի, եւ այլ հիվանդությունների դեպքում չիչխանի յուղն է օգտագործվում: Հեշտոցի պատերը մաքրում-մշակում են չիչխանի յուղով, եւ թանզիֆով ու այդ յուղով պատրաստված տամպոններ են տեղադրում: Ամեն օր պետք է փոխել այդ տամպոնները` 2 շաբաթ շարունակ: Անհրաժեշտության դեպքում բուժման այդ կուրսը կարող եք կրկնել մեկ ամիս հետո: Կանանց եւ տղամարդկանց համար շատ օգտակար է նաեւ առավոտյան քաղցած ստամոքսին 1թ/գ չիչխանի յուղ օգտագործելը:

Ինչպես արդեն նշեցինք, չիչխանի յուղն օգտակար է բոլոր տեսակի վերքերի արագ ապաքինման համար, այդ թվում` թարախակալված, խոցային վերքերի, եւ այլն: Խոր վերքերի դեպքում յոդինոլով մշակեք վերքը եւ մի քանի կաթիլ չիչխանի յուղ կաթեցրեք, այնուհետեւ բինտով կապեք վերքը: 2 օրը մեկ վիրակապը փոխեք: Շատ հաճախ նաեւ վերքերից մնացած սպիներն են անհետանում: Ստամոքսի, տասներկումատնյա աղիի խոցը եւս բուժում են չիչխանի յուղով: Դրա համար օրը 3 անգամ ճաշելուց կես ժամ առաջ 1 թեյի գդալ չիչխանի յուղ խմեք: Բուժման կուրսը` 3-5 շաբաթ: Աթերոսկլերոզի դեպքում չիչխանի յուղն արյան մեջ նվազեցնում է խոլեստերինի քանակությունը, կանխում է աթերոսկլերոզի զարգացումը: Չիչխանի յուղով լոգանքները եւ բուժիչ, եւ թարմացնող, եւ մաշկը սնող հատկություն ունեն: Չոր մաշկը էլաստիկ է դառնում: Դեմքի եւ մարմնի մաշկը սնուցող քսուքների մեջ կարող եք չիչխանի յուղ ավելացնել: Դեմքի պզուկները, թարախապատ բշտիկները կանհետանան, եթե պարբերաբար դեմքին չիչխանի յուղը կամ թարմ հյութը քսեք: Դեմքի մաշկը հարթվում է, թարմանում, փայլ ստանում: Չոր մաշկի դեպքում թանզիֆե կտորը տաք ջրի մեջ թրջեք, վրան մի քանի կաթիլ չիչխանի յուղ ավելացրեք եւ քնելուց առաջ մաքուր մաշկին քսեք սնուցող քսուքի փոխարեն: Ի դեպ, ձեռքերի եւ եղունգների խնամքի համար շատ օգտակար է այս յուղը: Կարող եք ձեռքերի հեղուկ օճառի մեջ ավելացնել գլիցերին եւ չիչխանի յուղ: Եվ կլվացվեք, եւ ձեռքերը կխնամեք:

Առողջ եղեք: