Եռամսյա դադարից հետո երեկ կայացել է Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ)` այս տարվա առաջին հանրահավաքը, որին բազմահազար քաղաքացիների մասնակցությունը հիշեցնում էր ՀԱԿ-ի` ակտիվ ժամանակաշրջանի հանրահավաքները: Հենց մասնակիցների քանակն էլ կարելի է համարել երեկվա հանրահավաքի միակ «ուղերձը», որն ավելի արտահայտիչ դարձրեց այն իրողությունը, որ Հայաստանում դժգոհության ալիքը գնալով ավելանում է` ընդհուպ իրական իշխանափոխություն իրականացնելու աստիճանի: Սակայն երեկվա հանրահավաքում, բացի հեղափոխական ելույթներից, այդ դժգոհությունը սպասարկելուն ուղղված որեւէ կոնկրետ գաղափար, գործողության ծրագիր չառաջարկվեց: Ավելին` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, բացի հայտնի փաստերի արձանագրումից, պարունակում էր շատ որոշակի ուղերձ` ուղղված մի կողմից՝ իշխանություններին, մյուս կողմից` հասարակությանը: «Թեեւ ՀԱԿ-ին միշտ էլ կաշկանդել ու լուրջ մտավախություն է պատճառել Հայաստանի ներքին ցնցումների պարագայում Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը, բայց հուսահատության եզրին հասցված ժողովուրդն, այլեւս կորցնելու բան չունենալով, մի օր կարող է, կոպիտ ասած, թքել թե՛ Կոնգրեսի կարծիքի, եւ թե՛ նույնիսկ Ղարաբաղի վրա: Իշխանությունները չեն կարող անվերջ շահարկել Ղարաբաղի հարցը, եւ Հայաստանի ներքին խնդիրների լուծումը հավերժ ստորադասել դրան»,- ասել է Լ. Տեր-Պետրոսյանը, ում այս խոսքերի իմաստը հասկանալու համար բավական է հիշել ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանի` նախօրեին արած այն հայտարարությունը, որ ՀԱԿ-ն է Հայաստանի կայունության միակ երաշխավորը: Լ. Տեր-Պետրոսյանը` մի կողմից վերահաստատելով դա` իշխանություններին կամ ինչ-որ բան է հիշեցնում, կամ ակնարկում է նոր պայմանների մասին, քանի որ ֆունկցիոնալ նշանակությամբ ՀԱԿ-ը, ըստ էության, դարձել է իշխող կոալիցիայի չորրորդ անդամը (կոալիցիայի ֆորմալ նպատակներից մեկը եւս ՀՀ-ում կայունության ապահովումն է): Մյուս կողմից, Լ. Տեր-Պետրոսյանը գրեթե ուղիղ տեքստով հայտարարում է, որ եթե, այնուամենայնիվ, իշխանափոխություն տեղի ունենա էլ, ապա հաստատ ոչ իր միջոցով կամ առաջնորդությամբ: «Ժողովուրդը կարող է թքել…» իր արտահայտությունն ուղղված է նույն ժողովրդին` «Ինձ վրա հույս մի դրեք»: Իսկ այն, որ «հանուն Ղարաբաղի` կայունության երաշխավորում» մարտավարությունն ընդամենը մեղմասացություն (էվֆեմիզմ) է, լավագույնս բացահայտել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` հենց երեկվա հանրահավաքում ըստ էության հակադարձելով առաջին հերթին Լ. Տեր-Պետրոսյանին: «Այս վիճակից դուրս գալու մի ձեւ կա, շատ հաճախ են ասում, թե չի կարելի հեղափոխական պայքար, Ղարաբաղի խնդիր կա: Տո հենց հանուն Ղարաբաղի էլ պետք է լինի այդ հեղափոխական պայքարը: Թունիս, Եգիպտոս, Հորդանան, պատահաբար ստացվեց այդ երկրներ գնալը, ու իմ գլխում մտել են հետեւյալ բայերը` եգիպտանալ, թունիսանալ, ղրղըզել, հորդալ: Սա ձեր միակ փրկությունն է»,- հայտարարել է Հ. Բագրատյանը: Երեկվա դրությամբ հայտնի չէր` Տեր-Պետրոսյանը Բագրատյանին արժանացրե՞լ է «հայրենիքի դավաճան» կամ «իշխանությունների ջրաղացին ջուր լցնող» որակումներին, որպիսիք հասցեագրվում են բոլոր նրանց, ովքեր հակադրվում են ՀԱԿ-ի, կամ, որ նույնն է` իր, «պաշտոնական ուղեգծից շեղվողներին»: Չնայած դա կարող է բովանդակ նյութ դառնալ ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքի ելույթի համար: Այն տեղի է ունենալու մարտի 1-ին: