«Եգիպտանալ, թունիսանալ, ղրղըզել, հորդալ…»

19/02/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքը երեկ բավականին մարդաշատ էր: Ոստիկանությունը երեկ հայտարարել է, թե հանրահավաքին մասնակցում էր 5-6 հազար մարդ, սակայն ակնհայտ էր, որ նրանց թիվը շատ ավելին է: Հավանաբար մարդկանց թիվը շատ ավելին կլիներ, եթե Ոստիկանությունը չփակեր մարզերից Երեւան եկող ցուցարարների մուտքը:

Հանրահավաքն արդեն ավարտվում էր, երբ Վանաձորից ժամանած մարդիկ միացան ցուցարարներին: Մատենադարանի հարակից տարածքում ու դեպի Կորյունի փողոց ձգվող ճանապարհին` մայթերին մարդկանց խիտ բազմություն էր հավաքված: Մաշտոցի պողոտայում, «Պոնչիկանոցի» դիմացի մայթին հավաքվել էին հարյուրավոր մարդիկ, բայց ոստիկանները նրանց թույլ չէին տալիս անցնել փողոցն ու միանալ հանրահավաքին: Բավական սուր էին ՀԱԿ-ի որոշ գործիչների ելույթները, ընդգծված դժգոհություն կար նաեւ հանրահավաքին մասնակցողների շարքերում: Հանրահավաքի մարդաշատությանն այս անգամ նպաստել էր նաեւ ընդամենը վերջին մի քանի ամիսներին իշխանությունների գործունեությունը: Ընդդիմության բողոքին էին միացել նաեւ իշխանության վերջին որոշումներից դժգոհ` վրացական պետհամարանիշեր ունեցող մեքենաների սեփականատերերը, նաեւ բացօթյա առեւտրով զբաղվող այն հազարավոր մարդիկ, որոնց գործունեությունը դադարեցվել է: Երեկվա հանրահավաքի մասնակիցների տրամադրությունից նկատելի էր, որ երկրում դժգոհության ալիքն ավելացել է: Հավանաբար, դրան որոշակիորեն նպաստել են նաեւ արաբական երկրներում ծավալվող հեղափոխական շարժումները:

Իսկ այսօր` փետրվարի 19-ը խորհրդանշական օր է: Նախորդ 3 նախագահական ընտրություններն այդ օրն են տեղի ունեցել: «Թող մերժվի այդ օրը, որ կեղծված ընտրություններ չլինի ընդհանրապես: Կեղծված ընտրությունների պատճառով է, որ այսօր թանկացումներ են, որ կա արտագաղթ` տարեկան 100 հազարի չափով, որ ամեն ինչ Հայաստանից դուրս է հոսում: Հայ տղամարդիկ հոսում են դեպի Ռուսաստան, կանանց մի մասը հոսում է դեպի Թուրքիա, բիզնեսը հոսում է դեպի Վրաստան, երիտասարդ ուղեղները` դեպի Եվրոպա: Հայաստանը դատարկվող երկիր է»,- հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանն իր ելույթում անդրադարձավ անցած մի քանի տարիներին 50, 70 տոկոսով, որոշ ապրանքների դեպքում նաեւ` կրկնակի ու եռակի թանկացումներին: Ըստ նրա, գնաճը գնալով ահագնանում է, իսկ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության արդյունքում տնտեսությունը քայքայվել է վերջնականապես: «Տնտեսության գահավիժումը սկսվեց 2004 թվականից ԿԲ-ի կողմից վարվող դրամի արժեւորման տխրահռչակ քաղաքականությամբ, որը սեփական օգտագործման օլիգարխների միջոցով հարստանալու, համայն հայությանը թալանելու մի հմուտ հնարք էր: 2005-2010թթ. միայն մասնավոր տրանսֆերտներից գրպանած գումարները կազմում են 3 մլրդ 200 դոլար: Եթե դրան գումարենք նաեւ գների բարձրացումից ստացվող գերշահույթները, ապա հրոսակախմբի գործունեությունը կարող ենք որակել որպես հայ ժողովրդի հետեւողական կեղեքման քաղաքականություն: Կեղեքիչները պետք է հեռանան»,- հայտարարեց Զ.Թադեւոսյանը:

ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանն իր ելույթում հավաքվածներին փոխանցեց առեւտրով զբաղվող մարդկանցից ստացված մի տեղեկություն, ըստ որի՝ քաղաքային իշխանությունները որոշել են երեկոյան ժամը 20-ից հետո արգելել փոքր խանութների եւ կրպակների աշխատանքը` «սուպերմարկետների» առեւտրի ծավալների ավելացմանը նպաստելու նպատակով: «Ո՞րն է իրական նպատակը: Միջին խավը ցանկացած հասարակության մեջ երկրի առանցքն է, որովհետեւ այն անկախ է իր մտածողությամբ, ազատ է, կիրթ, ստեղծագործող, աշխատունակ, եւ, որ շատ ավելի կարեւոր է, անկախ է ֆինանսապես: Այս խավի գոյությունն այս ռեժիմի համար անընդունելի է: Մի ռեժիմ, որն առաջնորդվում է՝ «թույլ ես` սողա, ուժեղ ես` նվաստացրու» սկզբունքով: Ազատ մտածողությունը, ինքնուրույնությունը մարդու տեսակին բնորոշ հատկություններ են, եւ եթե հետապնդվում են այսօրվա վարչախմբի կողմից, հստակ ցուցադրում են նրանց անմարդկային էությունը»,- ասաց Ա.Մուսինյանը:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ելույթում համեմատական կարգով ներկայացրեց տնտեսական մի քանի ցուցանիշներ: Եթե 2008թ. 1 շնչին հասնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշով ՀՀ-ն 193 երկրների շարքում 114-րդն էր, ապա 2009-ին՝ 124-րդն էր, իսկ 2010-ին՝ 139-րդը: Ու եթե նույնիսկ այս տարվա բյուջեն կատարվի, եւ 4 տոկոս աճ արձանագրվի, ապա ՀՀ-ն կդառնա 141-րդը: Բագրատյանն անդրադարձավ նաեւ վերջերս ԱԺ-ի ընդունած այն օրենքին, որով ոչ միայն կրճատվել է հղի կանանց տրամադրվող նպաստը, այլ դա պետք է նաեւ հարկվի: Նախկին վարչապետը նամակ է գրել «Գինեսի գրքի» հանձնաժողովին եւ հարց է ուղղել. «Երեխան դեռ չծնված՝ կարելի՞ է հարկել, կա՞ նման երկրորդ դեպք: Ես չեմ ասել՝ գրանցեք Գինեսի գրքում, ասել եմ՝ բացատրեք: Իհարկե, ինձ պատասխանել են, որ դժվար է հավատալ: Պահանջում ենք, որ 2011թ. մարտի 1-ից նվազագույն աշխատավարձը դառնա 75 հազար դրամ: Հիմա կասեք, թե էս ինչ պոպուլիստական բան է: Եթե իրենց ասած թվերը միջին աշխատավարձի մասին ճիշտ են, ապա իրենք հանգիստ կարող են դարձնել 75 հազար դրամգ Այս վիճակից դուրս գալու մի ձեւ կա, շատ հաճախ են ասում, թե չի կարելի հեղափոխական պայքար, Ղարաբաղի խնդիր կա: Տո հենց հանուն Ղարաբաղի էլ պետք է լինի այդ հեղափոխական պայքարը: Թունիս, Եգիպտոս, Հորդանան, պատահաբար ստացվեց այդ երկրներ գնալը, ու իմ գլխում մտել են հետեւյալ բայերը` եգիպտանալ, թունիսանալ, ղրղըզել, հորդալ: Սա ձեր միակ փրկությունն է»,- հայտարարեց Հ.Բագրատյանը:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հերթական անգամ կոնկրետ ժամկետ ներկայացրեց իշխանություններին` եթե առաջիկա 1-2 ամիսների ընթացքում իշխանությունները չգնան Կոնգրեսի հայտնի պահանջների բավարարման ուղղությամբ, ապա նրանք իրենց ձեռքով բացելու են ժողովրդի ցասման ճանապարհը, ինչպես դա եղավ Եգիպտոսում ու Թունիսում: «Այս ռեժիմը մոտենում է իր վախճանին: Չեն կարողանում վճարել ուսուցիչներին ու անգամ ոստիկաններին, վերջին ճիգերով, արհեստականորեն զսպվում է դրամային զանգվածի աճը: Իսկ դա նշանակում է, որ շատ շուտով մենք կարող ենք բախվել դրամի թռիչքային արժեզրկման եւ սարսափելի գնաճին: Վտանգված է բանակը, ուստիեւ` մեր անվտանգությունը: Ձախողվում են բոլոր բանակցությունները: Այլ բան չէր էլ կարող սպասվել քրեաօլիգարխական պետական համակարգից, որի միակ նպատակն է Սերժ Սարգսյանի եւ նրա մի քանի մերձավոր օլիգարխների հարստացումը»,- ասաց Լ.Զուրաբյանը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ շեշտեց, թե ՀՀ-ի հետ կապված վերջին ամենակարեւոր իրադարձությունը եղել է ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովը, որի ընթացքից դժգոհ` ժամանակից շուտ հեռացան ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները: Ու հենց դրան էլ անմիջապես հետեւեցին իշխանական ու իշխանամերձ ճամբարի խժդժություններն ու դժգոհությունները: «Մասնավորապես արտգործնախարարի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ն սեփական համաժողովում պահանջեց Ս.Սարգսյանի հրաժարականը հենց իր ներկայությամբ:

ԲՀԿ-ն հայտարարեց, որ իր նպատակն է՝ խորհրդարանական ընտրություններում հավաքել 50+1 տոկոս: Ռոբերտ Քոչարյանին ընդունեց ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Իսկ երբ Ս.Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ Աստանայում դրսեւորած անկողմնակալ եւ հստակ դիրքորոշման համար, Ռ.Քոչարյանը հիշողության փայլատակում ունեցավ: Եվ մեզ բոլորիս հիշեցրեց, որ ինքն է միակ տղամարդը, որ ինքն է ձեւավորել ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Որ ինքը վեր է կուսակցականությունից, որ հիմա էլ դեմք, արբիտր ու պապա է: Ի դժբախտություն մեզ՝ չհասկանալով, որ թե իր նախագահության շրջանում, թե հիմա ինքը, մեղմ ասած, շարքային զինվոր է, որ իրական արբիտրը այդ պարագայում «Գույք՝ պարտքի դիմացի» տերն է, որն առ այսօր ջանադրաբար օգտագործում է իրեն: Իսկ Ս.Սարգսյանը փոխանակ երիտհանրապետականներով հիշեցնի «Հոկտեմբերի 27»-ը եւ ով ում պարտք լինելը, Քոչարյանից տարանջատվելու ընդամենը մի տարբերակ ունի: Ինչ ուզում եք՝ ասեք, այս ժողովուրդը մարտի 1-ին տեղի ունեցած դժբախտ դեպքերը դիտում է որպես ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահների համատեղ գործունեության հետեւանք: Ուստի Ս.Սարգսյանը առաջին հերթին պետք է ձերբակալի նրանց, ովքեր կրակել են անզեն ժողովրդի վրա ու 10 մարդ սպանել»,- եզրափակեց Ա.Սարգսյանը:

«Երկրում պետք է անցկացվեն արդար, ազատ հանրապետական ընտրություններ: Պետք է կյանքի կոչվի Սահմանադրության երկրորդ անփոփոխ հոդվածը` ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով: Քանի դեռ մեր երկրում չեն անցկացնում ազնիվ ընտրություններ, ավելորդ է խոսել առաջընթացի, որակական փոփոխությունների մասին: Եվ այսօր երկրում առկա ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը հետեւանք է շարունակաբար կեղծվող ընտրությունների: Փետրվարի 19-ը կարծես դարձել է ընտրակեղծիքի օր: Թե 2003, թե 2008թթ. հենց այս օրը կեղծվեցին ընտրությունները: Սրա վերջը մենք միասին պետք է տանք»,- այս հայտարարությունն էլ արեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

Վերջում, ինչպես միշտ, ելույթ ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որից հետո հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու Հյուսիսային պողոտա: ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու մարտի 1-ին: