Թոշակները՝ քարտերով

19/02/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այս տարվա ապրիլից Հայաստանում կներդրվի կամավոր կուտակային համակարգը, իսկ 3 տարի անց՝ 2014թ. հունվարի 1-ից կսկսի գործել նաեւ պարտադիր կուտակային համակարգը։ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» փորձագետ Հայկ Ոսկանյանի համոզմամբ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շնորհիվ ոչ միայն կբարձրանան քաղաքացիների կենսաթոշակները, այլեւ կկրճատվի ստվերային տնտեսությունը: Կամավոր կենսաթոշակային համակարգի դեպքում գործելու է երեք սխեմա` կենսաթոշակային հիմնադրամներ, բանկերի կողմից առաջարկվող կուտակային կենսաթոշակային ավանդներ եւ ապահովագրական ընկերություններ: Սա նշանակում է, որ բանկերի միջեւ արդեն իսկ մրցակցություն է սկսվում թոշակառու ավանդատուներին ներգրավելու առումով։ «Հայէկոնոմբանկն», օրինակ, մտադիր է զբաղեցնել ՀՀ կենսաթոշակային հաշիվների շուկայի շուրջ 20%-ը։ Այս մասին երեկ հայտնել է բանկի՝ Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Վարդան Եղիազարյանը։ Քարտատերերի համար գրավիչ դառնալու նպատակով բանկը նորամուծություններ է անում։ Օրինակ՝ ArCa կենսաթոշակային պլաստիկ քարտեր է թողարկել «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի հետ համագործակցությամբ, որի արդյունքում քարտապանները այդ դեղատներում կստանան 5% զեղչ: Վ. Եղիազարյանը նաեւ տեղեկացրել է, որ հաշվի բացումն ու սպասարկումը, քարտի տրամադրումն ու գումարի կանխիկացումը բանկի բանկոմատներում եւ POS-տերմինալներում կատարվելու է անվճար: Բացի այդ, բանկն ամեն ամիս հաշվի դրական մնացորդի վրա ավելացնելու է 5%: Կենսաթոշակը հաշվին փոխանցելու մասին հասցեատիրոջն ուղարկվելու է SMS-հաղորդագրություն: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանն էլ երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ վերջին տվյալների համաձայն, բանկերում կենսաթոշակներ ստանալու հայտ է ներկայացրել ավելի քան 1000 հայաստանցի թոշակառու։ Վերջինիս համոզմամբ, թեեւ առեւտրային բանկերում կենսաթոշակ ստանալու ծառայությունը նորարարություն է, այնուամենայնիվ, բանկային հատվածում առողջ մրցակցային միջավայրը հանգեցրել է կենսաթոշակային տարիքի հաճախորդների թվի դինամիկ աճին: «Վստահ եմ, որ բանկերում կենսաթոշակներ ստացող թոշակառուների թիվը կշարունակի աճել արագ տեմպով»,- ասել է Սաիյանը: Իհարկե, փոստատարի միջոցով թոշակ ստանալու սովոր ծերերի համար փոքր-քիչ անսովոր է գումար ստանալ բանկային համակարգի միջոցով։ Թոռնիկները ստիպված են լինելու թեթեւ դասընթաց կազմակերպել՝ պլաստիկ քարտերի, «pin code»-ի, բանկոմատների մեխանիզմի մասին։ Սակայն չենք կարծում, թե դա մեր տատիկ-պապիկներին կվախեցնի։ Կարեւորը՝ խաչիկյանների եւ թոշակի վրայից կոպեկներ գողացող չինովնիկների ձեռքերը հեռու կլինեն։