Արհամարհած ունեն

19/02/2011

«Իշխող կոալիցիայի նոր հայտարարությունն ընդգծում է իշխանության արհամարհանքը ժողովրդավարության, ընտրությունների ինստիտուտի եւ հասարակության կամքի հանդեպ»,- երեկ նման բովանդակությամբ հայտարարություն է արել «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Կոալիցիոն ուժերը բաց տեքստով հայտարարում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում չեն պատրաստվում իրականացնել քաղաքական ուժերի հիմնական առաքելությունը` քաղաքական ազատ մրցակցության մեջ մտնել միմյանց հետ: Ավելին` բացարձակ մեծամասնություն ունեցող կոալիցիան նաեւ հայտարարում է, որ նպատակ ունի առանց այդ էլ խորհրդարանում չնչին ներկայություն ունեցող ընդդիմությանը լիովին դուրս մղել խորհրդարանից»,- նշված է Վարդան Օսկանյանի տարածած հայտարարությունում: Ըստ նրա` կոալիցիոն նոր հուշագիրը ոչ միայն չի նպաստի երկրում ստեղծված բարդ սոցիալական, տնտեսական եւ քաղաքական իրավիճակի բարելավմանը, այլեւ ավելի կբարդացնի այն: «Իրավիճակից դուրս գալու ճանապարհը ոչ թե այդ իրավիճակի բարելավման հիմնական խոչընդոտը հանդիսացող իշխանությունների վերարտադրության երաշխավորումը պետք է լիներ, այլ իշխանության ներսում հակակշռի ապահովումը` միահեծան իշխանությանը այլընտրանքի հնարավորության հեռանկարը»,- հայտարարել է Օսկանյանը: