Ստեփանակերտի զորամասերից մեկում փետրվարի 12-ին 21-ամյա զինվոր Թորգոմ Սարուխանյանի մահվան գործով ՀՀ պաշտպանության նախարարության Քննչական վարչությունը ձերբակալել է 3 զինծառայողների: Թ. Սարուխանյանին (զորակոչվել էր Գյումրիի զինկոմիսարիատից) մահացած էին գտել հրազենային վնասվածքով: Մահվան փաստի առթիվ քր.գործ էր հարուցվել «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» հոդվածով: Մեղադրանք է առաջադրվել ենթասպա Վիլհելմ Ենգիբարյանին, կրտսեր սերժանտ Հրանտ Կարապետյանին ու շարքային Ռոբերտ Բադալյանին: Ենթասպային եւ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել իշխանության չարաշահման համար, իսկ շարքային Ռ. Բադալյանը կասկածվում է նրանց այդ արարքներին դրդելու, նաեւ՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ: Թ. Սարուխանյանի հարազատները, սակայն, չեն հավատում ինքնասպանության վարկածին եւ պնդում են, որ իրենց հարազատին ուղղակի սպանել են: