Ներկայիս վիճակագրությունն էլ, թերեւս, հուսադրող չէ. մեծահասակների շրջանում ալերգիան գրավում է 3-րդ տեղը՝ չարորակ ուռուցքներից եւ սիրտ-անոթային հիվանդություններից հետո, իսկ մանկական պաթոլոգիայում ալերգիան իր հաճախականությամբ գրավում է առաջին տեղը: «Կարծում եմ, որ քաղաքների ուրբանիզացիան, արդյունաբերության բուռն աճը, տարբեր քիմիական նյութերի հետ շփումն ու սննդամթերքի տեսականու զանազանությունը կարող են պատճառ դառնալ, որ ալերգիան շատ շուտով առաջին տեղում հայտնվի»,- ասում է ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր ալերգաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Ակունցը: Ալերգիկ ռեակցիայի առաջացման պատճառ կարող է դառնալ ամեն ինչ՝ տնային փոշին, միջատները, կենդանու մորթը, բույսերը, դեղորայքը, սնունդը, կենցաղային քիմիան, կոսմետիկան, նույնիսկ ցուրտն ու արեւի ճառագայթները: Ժամանակակից բժշկությունը դեռեւս հստակ չգիտի, թե ինչպես են առաջանում ալերգիաները: Ոմանք կարծում են, որ ալերգիան իմունիտետի սխալ արձագանքն է արտաքին որեւէ հարուցիչի նկատմամբ, ոմանք պնդում են, որ պատճառն էկոլոգիայի աղտոտումն է, իսկ մի մասն էլ կարծում է, որ այն հոգեբանական խնդիր է: Ինչեւէ, ալերգիայի առաջացման հանելուկը դեռեւս լուծված չէ: Այն կարող է հանկարծակի առաջանալ եւ նույն ձեւով էլ անհետանալ:
Ժառանգական եւ ձեռքբերովի
Այս հիվանդությունը եւ ձեռքբերովի է, եւ ժառանգական: «Մայրական ուղին գեների հիմնական փոխանցողն է: Հայրականն էլ կա, բայց ավելի քիչ է»,- ասում է բժիշկ Ակունցը: Եթե ժամանակին մանկաբույժները պնդում էին, որ արհեստական կեր ուտող երեխաներին է միայն սպառնում ալերգիան, ապա այսօր փորձը ցույց է տալիս, որ մայրական կաթով սնվողները նույնպես ռիսկային գոտում են: Ըստ բժիշկ Ակունցի՝ «Մոր կաթը կարող է բոլորովին իներտ լինել ալերգիայի առաջացման գործում, սակայն եթե մայրն օգտագործում է դեղամիջոց, օրինակ` հակաբիոտիկներ, մեծ տոկոսով դա արտաթորվում է կաթի միջոցով: Կաթը վարակվում է հակաբիոտիկով, որի մասին ոչ մայրն է մտածում, ոչ բժիշկը: Եթե երեխայի մոտ կա ալերգիկ հիվանդության նախատրամադրվածություն, երեխայի մոտ առաջանում է գերզգայունություն ալերգիայի հանդեպ: Շատ բժիշկներ, որոնք ալերգիայի մասին շատ վատ պատկերացում ունեն, զարմանում են, որ օրգանիզմը սենսիբիլացիոն ժամանակաշրջան չապրեց, կյանքում առաջին իսկ հակաբիոտիկի օգտագործումից երեխան ընկավ ծանր վիճակի մեջ: Քիչ չեն նաեւ մահացու դեպքերը»:
Հայաստանում ամենատարածված ալերգիան դեղորայքային ալերգիան է՝ իր տարատեսակներով, բրոնխիալ ասթման, ալերգիկ հարբուխները, էկզեման:
Ալերգիկները խրոնիկ հիվանդներ են: Ժամանակ առ ժամանակ հիվանդությունը կարող է կրկնվել: «Բարեբախտաբար, ալերգիկ շատ կացություններ բուժման ենթակա են, միայն պետք է դրանով մասնագետը զբաղվի, այլ ոչ թե ինչպես զբաղվում են Հայաստանում՝ տնային պայմաններում: Հորմոնները խառնված սիստեմայի միջոցով ներարկում են հիվանդին եւ ուրախանում, որ նրան բուժեցին: Չեն բուժում, պարզապես լուսավոր շրջանի մեջ են գցում, իսկ հետագայում հակառեցիդեւային բուժումը կարող է արդյունավետ չլինել»,- ասում է Վ. Ակունցը: Ալերգիկ հարբուխն այսօր մեծ տարածում ունի մեզանում, ու շատ հաճախ, չիմանալով հարբուխի իսկական պատճառը, շատերը մտածում են, որ քթի միջնապատը վիրահատելով խնդիրը կլուծեն: «Հարբուխով հիվանդը չգիտի, որ իր ապագան բրոնխիալ ասթման է: Հարբուխը բուժում է ալերգոլոգը: Շատերը դիմում են քիթ-կոկորդի բժշկին, որը հեռացնում է հիվանդի խեցիները, լայնացնում քթանցքերը: Ժամանակի ընթացքում ալերգիկ այտուցը, որը կար հիվանդի մոտ, նորից զարգանում է: Եվ քթից անցնում է բրոնխներ: Ու այդ մարդը, լավագույն դեպքում, դառնում է 2-րդ կարգի հաշմանդամ»: Ինչ վերաբերում է տնային փոշու նկատմամբ ալերգիային, ապա Վ. Ակունցի հավաստամբ՝ ինքն այդ խնդիրը կարողանում է լուծել: Փոշու ենթամաշկային ներարկում է արվում մարդու օրգանիզմի մեջ եւ իմունիտետ է ստեղծվում փոշու նկատմամբ:
Զգուշացեք խոտաբույսերից
Ժողովրդի մոտ կարծիք կա, որ այն, ինչ որ բնական է՝ հարազատ է մարդու օրգանիզմին, ինչը, ըստ Վ. Ակունցի, շատ թյուր կարծիք է:
«Սա ես առանձնապես չեմ ողջունում, որովհետեւ զարգացած երկրներում բուսաբուժությամբ չեն զբաղվում: Միայն մեր իմաստուններն են խոտերով բուժում` երբեմն դա զուգորդելով հորմոնալ բուժման հետ, իհարկե, հիվանդից գաղտնի»: Խոտաբույսերի հարցում կա «գաղտնի էֆեկտ» հասկացությունը: Դա այն է, որ յուրաքանչյուր խոտի թուրմի մեջ կա մոտ 15 նյութ, որոնք կարող են սենսիբիլիզացիայի ենթարկել հիվանդին եւ շատ ծանր կացության մեջ դնել նրան: «Կար հայտնի բժիշկ, անունը չեմ ասի, որ խոտաբույսերով վաննաներ էր նշանակում, այն դեպքում, երբ կան հիվանդներ, որոնք այդ խոտաբույսի հանդեպ գերզգայուն են, բավական է` այդ հիվանդը ամռանը մտնի այդ վաննայի մեջ, որ մեռնի»,- ասում Վ. Ակունցը:
Իսկ ինչպե՞ս է Հայաստանը պայքարում ալերգիաների դեմ: «Հայաստանն այդ առումով գտնվում է լատենտ քնի մեջ: Մեր Առողջապահության նախարարությունը ոչ մի ծրագիր չունի: Խնդիրն աստիճանաբար լրջանում է, իսկ Հայաստանում ոչ մեկի պետքը չի: Բոլորը տառապում են փող հայթայթելու մոլուցքով: Կշեռքի վրա դրված են փողասիրության եւ ազգասիրության նժարները. եթե ազգասիրության կողմը մի քիչ ծանրանա` լավ կլինի,- ասում է Վ. Ակունցը: -Նաեւ մեր ժողովրդի մեղավորությունն էլ կա այստեղ: Անկիրթ ենք: Հույս ունեմ, որ մի քիչ կկարդան ու ավելի գրագետ ձեւով կմոտենան այս խնդրին»: