– Վերջին տարիների համաշխարհային զարգացումները դիտարկում եք այն տեսանկյունից, որ դրանք ուղղորդվում են մեկ կենտրոնից, որ Թունիսի, Եգիպտոսի իրադարձությունները նույն կենտրոնից են ղեկավարվում, եւ որ պատահական չէր, որ հեղափոխությունների ալիքը հաջորդեց «Վիկիլիքսի» բացահայտումներին: Դավադրության տեսությունը հավե՞րժ է:
– «Հեղափոխական» ալիքն, այո՛, զուգադիպեց «Վիկիլիքսի» հրապարակումներին, եւ կարծում եմ` այդ համընկնումը պատահական չէ: Ի՞նչ է անում «Վիկիլիքսը». խոստանում է ծածուկ փաստաթղթեր հրապարակել ինտերնետում, իսկ իրականում որեւէ գաղտնիք չի բացահայտում: Այսինքն` չկա եւ ոչ մի հույժ կարեւոր տեղեկություն: Օրինակ` միջուկային գերտերություններից մեկը հայտարարում է, որ ունի 1000 մարտագլխիկ, իրականում ունի, դիցուք, 1700-ը: Դրա փոխարեն` «Վիկիլիքսն» արժեզրկում է միջազգային քաղաքականությունը, տպագրում է ասեկոսեներ` միջազգային քաղաքականությունը վերածելով շոուի: Իսկ ի՞նչ է նշանակում, շոու: Դա պարփակվող, մահացող, արտաքին աշխարհից ինքնամեկուսացվող քաղաքակրթության երեւույթ է: Դա հռոմեական Կոլիզեյն է, որտեղ ամբողջ Հռոմը հավաքվում էր, փակվում արտաքին աշխարհից ու հետեւում, թե ինչպես են մարդիկ անմիտ կերպով միմյանց ոչնչացնում:
– Ուզում եք ասել, որ հիմա մարդկությունը հետեւում է, թե ինչպես է պայմանական Կոլիզեյում, այսինքն` դիվանագիտական, միջպետական հարաբերություններում մեռնում կյա՞նքը:
– Այո, եւ ոչ միայն այդտեղ: Երբ աշխարհը վերածվում է համատարած շոուի, այդ կայսրությունը ներփակվում է, այլեւս միջազգային հարաբերության հարցերն անլրջանում են, մնում են առարկայական, մարմնական հարցերը:
– Քաղաքականությունը, դիվանագիտությունը շոուի տարրեր ունեն, սակայն յուրաքանչյուր պետություն ունի թե՛ ներքին խնդիրներ, թե՛ տարածքային խնդիրներ հարեւանների հետ, որոնք, անկախ դիվանագիտության շոու ծրագրերից` լուծման անհրաժեշտություն ունեն: Եվ լուծման ճանապարհին էլ մարդիկ միմյանց ոչնչացնում են: Գրեթե այնպես, ինչպես Կոլիզեյում:
– Շոուն հենց դա է բացառում: Ամերիկյան դիվանագիտական նամակներից քաղված լուրեր հրապարակելով, թե որ երկրի նախագահը ում մեջքի հետեւում ի՞նչ է խոսել, «Վիկիլիքսը» խզում է ուղիղ միջազգային առնչությունները, գործողությունները տեղափոխում արտաքին հայացքի ներքո, ուր այլեւս հնարավորություն չկա անտեսել որեւէ պահային վիրավորանք ու շարունակել կառուցել միջպետական հարաբերությունները։ Եվ այդ հայացքը՝ Ամերիկայի հայացքն է։ Այսպիսով` պարզ է, թե լրագրողը որտեղից կարող է ստանալ Ամերիկայի դիվանագիտական գրագրության հարյուր-հազարավոր փաստաթղթեր: Դա հենց աշխարհաքաղաքական նախաձեռնություն էր, այլ ոչ թե անհատի ընդվզում: Նշանակում է` համաշխարհային քաղաքականությունը սկսում է ինքն իրեն սպառել, դասվել կենցաղային շշուկների շարքին: Ի դեպ, այդ ամենն արդեն եղել է գրականության մեջ:
– Ֆանտա՞ստ գրողներին նկատի ունեք:
– Բնավ: Դրամատուրգիան: Կան եւ պատմական նախադեպեր, երբ շոուն ու իրականությունը նույնանում են: Հայտնի է, որ Հին Հունաստանում բեմադրվում էր «Պարսիկներ» ներկայացումը` ամֆիթատրոնում, եւ դիմացի բլրից իջնում էին պարսիկ զինվորները: Այսինքն` ներկայացման ժամանակ տեղի ունեցավ պարսիկների իրական հարձակում: Մի մարդ դա հասկացավ եւ սկսեց բղավել. «Պարսիկնե՜րը, պարսիկնե՜րը», իսկ բոլորին թվում էր, թե նա ներկայացման անվանումն է տալիս: Այժմ էլ իրողությունը պարփակվել, մեկուսացել է, եւ երբ դա գլոբալ մասշտաբներ է ընդունում, փոխակերպվում է XX դարի պատմությունից քաջ ծանոթ երեւույթի` համակենտրոնացման ճամբարի:
– Գիտակցությունը, թե դու համակենտրոնացման ճամբարում ես, լարվածություն է առաջացնում:
– Կյանքն այդպիսին է. փորձություններ միշտ են եղել, եւ պետք է պատրաստ լինել: Եվ հետո` անվճար պանիրն, ինչպես ասում են, լինում է թակարդում: Եթե քեզ սոցիալական պետություն են առաջարկում, օգնում են պարենով, էժան վարկերով, նպաստներ են տալիս, խոստումներ, պետք է առավել զգույշ լինես: Այդպիսին է իրադարձությունների տրամաբանությունը:
– Համակենտրոնացման ճամբարները նախադեպ են, այո՜, սակայն դրանք եղել են եւ հիմա չկան: Այսինքն` այդ մոդելն իրեն չի արդարացրել: Ինչո՞ւ վերադառնալ դրան:
– Սակայն արեւմտյան քաղաքակրթությունը հետզհետե հանգել է այդ մոդելին: Որը գերմանական ֆաշիստները չեն մոգոնել, այլ դեմոկրատական Անգլիան` Հարավային Աֆրիկայում: Նման քաղաքականություն վարել են ամերիկացիները ճապոնացիների նկատմամբ: Երբ համակենտրոնացման ճամբարը դառնում է աշխարհակարգ, այն պետք է դրսեւորի իր տնտեսական եւ սոցիալական երեւույթները: Ինչ վերաբերում է նշված հեղափոխություններին, դրանք, իմ պատկերացմամբ, այդպիսի երեւույթներից մեկի՝ Համաշխարհային Խուժանի, գործողություններն են: Այսինքն` համակենտրոնացման ճամբարում ձեւավորվում է խավ, որը գաղափարներից հեռացված, օտարված է: Փիլիսոփայության մեջ դա սովորաբար անվանում են «զանգված», «ամբոխ», ես գերադասում եմ «համաշխարհային խուժան» արտահայտությունը, որովհետեւ այդ խավը սպառողական հասարակության գագաթնակետն է. նա ամեն ինչ դիտում է՝ որպես սպառման առարկա, եւ փորձում բզկտել:
– Արաբ երիտասարդը, ով կրթություն է ստացել, փորձում է իր գիտելիքին համապատասխան` առաջ շարժվել սոցիալական սանդուղքով եւ տեսնում է, որ ինքը հեռանկար չունի, որ իշխանության ղեկին նստած մարդն` իր գերդաստանով, մերձավորներով, զավթել է ամեն ինչ, եւ հուսահատությունից դուրս է գալիս բողոքի, «համաշխարհային խուժա՞ն» է:
– Թունիսում, Եգիպտոսում, որքան ես եմ պատկերացնում, այո: Ինչո՞ւ, որովհետեւ ամեն ինչ պետք է դիտել համեմատության մեջ: Ի՞նչ է եղել Թունիսը 87 թվականին, երբ հաստատվել է բեն Ալիի իշխանությունը։ Ի դեպ, նա իշխանության է եկել, ինչպես ասում են, ազգային համերաշխության ծրագրով: Բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են նրա շուրջ եւ որոշել են` պետք է դադարեցնել ներքին կռիվներն ու զբաղվել երկրի զարգացմամբ: Եվ նախագահն այդ որոշումը կատարել է: Եթե նկատել եք, անձամբ նրա դեմ բողոքներ չկային: Մեղադրանքներն ուղղված են նրա կնոջն ու վերջինիս մերձավորներին: Սա մեծ տարբերություն է: Արեւելագետ Սերգեյ Ֆիլատովը, ով շատ լավ գիտի Թունիսը, բերում է տվյալներ, որ 84 թ.-ին Թունիսում աղքատության տոկոսը եղել է 14, 2010-ին` 3,8%: Կյանքի միջին տեւողությունը 75 տարի է: Ավտոմեքենա ունի բնակչության 21%-ը: Անվճար է կրթությունը, ներառյալ` բարձրագույնը: Ընտանիքների 80%-ն ունեն իրենց կացարանը, իբրեւ սեփականություն: Տնտեսական աճը 20 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի եղել է 5%:
– Թունիսում հեղափոխության համար անհրաժեշտ հող չկա՞ր:
– Այո, չկային գաղափարներ, դա պարզապես հեղափոխություն չէր: Ֆիլատովը սարսափով նշում է, որ մարդիկ ավերում են իրենց երկիրը: Շարունակեմ բերել թվեր. ըստ շնչի` եկամուտը 2004 թվին եղել է $2700, 2009-ին` $3900: Թունիսը մրցակցության առումով միջազգային ռեյտինգով զբաղեցնում է 30-րդ տեղը` առաջ անցնելով Իտալիայից, Չինաստանից: Նման առաջադիմություն` երկիրը թշվառ վիճակից երկու տասնամյակում հասել է այս վիճակին, եւ ինչպե՞ս կարող է բնակչությունը չհասկանալ, որ իր աչքի առաջ կտրուկ առաջընթաց է գրանցվել, ընդ որում` սեփական ջանքերով, ոչ թե օտարերկրյա ներդրումների անակնկալ ալիքի հաշվին: Համաշխարհային խուժանը սոցիալական երեւույթ է, նա չի պատասխանում այս հարցերին, բայց կործանում է սեփական երկիրը: Ֆիլատովն ավելի կտրուկ փաստարկ է բերում. Թունիսում 2000 տարի ոչ մի խժդժություն չի եղել: Այսինքն` Թունիսին դա բնութագրական չէ, եւ դա պահանջում է բացատրություն` ինչո՞ւ են մարդիկ վայրենացել եւ ինչո՞ւ են միմյանց հոշոտում փողոցներում:
– Դուք ունե՞ք այդ հարցերի պատասխանները:
– Որովհետեւ արեւմտյան քաղաքակրթությունը դարձել է աշխարհակալ եւ ինքնապարփակվում է, ինչպես Հռոմն իր կայսերական տարիներին, կործանումից առաջ: Եվ առաջանում է սոցիալական խավ, որը սպառողական հասարակության արտահայտությունն է, որովհետեւ այդ հասարակությունը գալիս է իր բնազդները բավարարելու: Ընդ որում, այդ խավի մեջ կարող է լինել բարձրագույն կրթությամբ մարդկանց ստվար հատված: Եթե ամեն ինչ ընկալվում է ՝որպես սպառման ենթակա առարկա, այդ խավին պատկանողը, ի վերջո, սկսում է որպես սպառման առարկա դիտել իր սեփական մարմինը: Սպառումը դառնում է մարմինների սպառում: Վերջերս ինտերնետում ռուսաստանցի հայտնի միլիոնատեր Չիչվարկինը գրում էր բառացիորեն հետեւյալը. «Ամեն ոք ի ծնե ունի բացարձակ իրավունք իր մարմնի նկատմամբ։ Նա կարող է վաճառել կամ վարձով տալ մարմնի առանձին մասերը կամ այն ամբողջությամբ։ Կարող է եւ մտնել ցանկացած չափահաս մարդու հետ ցանկացած կապերի մեջ»։ Սա նոր աշխարակարգի հռչակագիր է, դրդված բողոքական գաղափարախոսությամբ։ Դրանից ելնելով`ամեն ինչ պետք է գա մարմնի շահագործման կամ շահարկման: Եվ Համաշխարհային Խուժանը հենց այն խավն է, որը զրկված է աշխարհի վրա ազդելու հնարավորությունից, բայց նրան ասում են` շուկայական հարաբերությունների շրջանակներում դու քո մարմնի սեփականատերն ես, ինչ ուզում ես արա` տուր վարձով, փոխանակիր, զբաղվիր մարմնիդ շահագործմամբ եւ այլն:
– Ասացիք` համաշխարհային խուժանը չունի լծակներ, բայց Եգիպտոսում հարյուր-հազարավոր մարդիկ, տեսնում ենք` ինչ երգուպարով են հրապարակում` վստահ, որ իրենց պայքարի շնորհիվ երկրում նախագահը հրաժարական տվեց:
– Տարբեր կոնսպիրոլոգիական պատկերացումների համաձայն` մարդիկ պետք է կարծեն, թե դա իրենց գործունեության արդյունքն է: Ես չեմ ուզում իրադարձություններն ամբողջովին զրկել սեփական իմաստից: Հակառակը: Տեղի է ունենում պայքար, եւ մարդիկ փորձում են սեփական իմաստը վերագրել իրադարձություններին: Բայց իրականությունն այն է, որ Եգիպտոսում մոտավորապես նույն պատկերն էր, ինչ Թունիսում: Մի երկու թիվ Եգիպտոսից. բնակչությունը 40 միլիոնից դարձել է 80 միլիոն, այսինքն` պետք է օբյեկտիվ նայել` Մուբարաքի կառավարման ընթացքում ի՞նչ խնդիրներ են առաջացել: 2004 թվից եղել է արտասահմանյան ներդրումների զգալի ներհոսք: Գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում երկիրն արձանագրել է 7% տնտեսական աճ: 40 միլիոն մարդ ստանում են պարենային օգնություն։ Մյուս կողմից, Մուբարաքի դիզած հարստությունը, ինչ զարհուրելի գնահատականներ էլ տան` քանի միլիարդ էր, բայց ըստ շնչի` 30 տարում Մուբարաքը ամեն եգիպտացուն կողոպտած լիներ առավելագույնը մոտ 1000 դոլար կարգի գումար, չնչին բան է:
– Ո՞ւմ կողոպտածի համեմատ է չնչին բան:
– Համեմատած երկրի ընդհանուր վիճակի հետ, որը, համենայնդեպս, աղետալի չէ։
– Հեղափոխությունների տրամաբանությունը նո՞ւյնն է, թե՞ յուրաքանչյուր երկիր ունի հեղափոխություն անելու ի՛ր մոտիվը: Կարո՞ղ է հեղափոխությունը մեխանիկորեն անցնել մի երկրից մյուսը:
– Չեմ կարծում, որ իրադարձությունները վճռական կերպով կապված են միայն ներքին մոտիվների հետ: Գործում է համաշխարհային խուժանը, որը բավականաչափ լավ ուղղորդվում է դրսից: Օրինակ` Եգիպտոսի դեպքում ԱՄՆ նախագահն ասաց, որ 1,5 միլիարդ տարեկան օգնությունը կվերանայի, եթե Մուբարաքը չթողնի իր պաշտոնը: Սա բացահայտ արտաքին վերջնագիր էր: Իսկ երկրի ներսում, ինչպես եւ Թունիսի դեպքում, խռովությունը գաղափարախոսություն չուներ։ Այսինքն` շղթայականության վտանգ, այո՛, կա, որովհետեւ իրականում գործում է ուղղորդումը: Տարբերությունն այն է, որ եթե նախկինում քաղաքագետներն ասում էին, որ այս ամենը մեծ խաղ է, նկատի ունեին, որ դա խաղ է` խոշոր առումով: Այլ ոչ թե` խնդիրն էր` ուղղորդել աշխարհի իրադարձությունների ամենայն մանրուքները: Նախկինում խոշոր խաղերը ինքնաբերաբար էին, բայց, ի վերջո, շահում էր մեկը, ով ի սկզբանե լավ էր հաշվարկել: Այժմ միտում կա, որ կեղծվի, բեմականացվի գրեթե ամբողջ իրողությունը` իբրեւ գործիք օգտագործելով հեռահար կառավարվող ոչ գաղափարական ուժերի։ Հավանաբար, Ուեբստեր Թարփլին Թունիսի օրինակով հենց այդ կապակցությամբ խոսում է ապագա «ետմոդեռնիստական հեղափոխությունների» մասին, նշելով, որ ամերիկյան հատուկ ծառայություններում տոն է. իրենց դավադրությունը Թունիսում ստացվել է:
– Ի՞նչ է նշանակում՝ ետմոդեռնիստական հեղափոխություն:
– Երբ չկա հստակ գաղափար: Այսինքն` գաղափարն էլ դառնում է սպառման առարկա: Այսինքն` չկա իրական շարժում: Շոուն կլանում է ամեն ինչ, ամենքը դառնում են գլոբալ էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի կալանավորներ: Արտահայտությունները բազում են: Օրինակ` սոցիալական քարտերը. Հայաստանում ներքին ոչ մի հարց դրանով չի լուծվել: Խոստանում էին, որ մարդն այսուհետ կարող է հեշտացնել իր շփումը պետական ապարատի հետ, բոլոր տեղեկանքները հավաքվելու են ավտոմատ, նա չի վազվզելու: Այսօր արդեն երեւում է, որ նպատակը դա չի եղել:
– Ասացիք` անցում է կատարվել գլոբալ էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի: Ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ: Իսկ դրա՞ն ինչ է հաջորդելու:
– Կործանում: Ինչպես եղավ բոլոր նախորդ համակենտրոնացման ճամբարների դեպքում: Ֆաշիստները մարդկանց վրա փորձեր են արել` ի՞նչ չափով կարելի է մարդուն զրկել ազատությունից: Պարզել են, որ մարդուն կարելի՛ է լիովին զրկել ազատությունից, բայց նա այդ դեպքում մահանում է: Այսինքն` դա կործանման երեւույթ է: Եվ համաշխարհային խուժանի համար այսուհետ աշխատատեղ է նաեւ սեփական մարմինը, մարմնական շահագործումն` առհասարակ` համասեռամոլությունը, սատանիզմը, մանկապղծությունը, սադիզմը եւ բռնությունները, ինցեստը, պոռնոգրաֆիան, մարմնավաճառությունը եւ դրանց սպասարկող գործունեությունը` թիկնապահները, պիցցա տանողները եւ այլն: Համաշխարհային Խուժանն ապրում է դրա մեջ, եւ նա կառավարվում է անմիջականորեն էլեկտրոնային ցանցերի խողովակներով: Այդ պատճառով է, որ Թունիսի եւ Եգիպտոսի ապստամբությունները սկսվեցին «Վիկիլիքսի» հրապարակումներից այդ երկրներում կոռուպցիայի մասին, իսկ դրանց կազմակերպումը կատարվում էր ինտերնետային սոցիալական ցանցերի միջոցով` «Ֆեյսբուքի» եւ «Թվիթերի»։ Եթե խռովարարներն անտանելի տնտեսական եւ սոցիալական վիճակում էին, այդ ինչպե՞ս ստացվեց, որ նրանց հասանելի էր ինտերնետը։ Ինչո՞ւ է համաշխարհային քաղաքականությունը բեմականացվում: Եկեք դիտարկենք հայտնի միջադեպը` Սահակաշվիլին եւ իր փողկապը. դա կարծես լրիվ խելքից դուրս բան է, որ երկրի նախագահը, ում պատվում է Արեւմուտքը, ում վճարում է Սորոսը, արեւմտյան հեռուստաընկերությանը հարցազրույց տալիս ծամում է իր փողկապը: Նա կա՛մ պետք է չծամեր իր փողկապը, կա՛մ Արեւմուտքը չպետք է ցուցադրեր այդ տեսարանը: Սակայն ցույց են տալիս այդ բեմականացումը: Իրականում` Սահակաշվիլին ոչ մի հակում չունի փողկապ ծամելու: Սրանով ուղղակի ակնարկում են, որ ավելի լուրջ քաղաքականություն աշխարհում այլեւս չկա: