Մի օր լցվելու է ժողովրդի համբերության բաժակը

19/02/2011

Եթե փորձելու լինենք գնահատել նախորդ հանրահավաքից հետո ընկած շուրջ եռամսյա ժամանակահատվածը, ապա հազիվ թե այն կարելի է բուռն իրադարձություններով հարուստ շրջան համարել: Բայց միաժամանակ սխալ կլինի նաեւ դա անդորրի կամ դադարի շրջան դիտել, եթե հաշվի առնենք Հայաստանի ներքին կյանքում ընթացող խորքային երեւույթները: Ես նկատի ունեմ սոցիալական բողոքի եւ քաղաքացիական ակտիվության այն ուշագրավ դրսեւորումները, որոնց ականատեսն ենք խնդրո առարկա ժամանակահատվածում:

Սակայն մինչեւ այդ հարցին անցնելը, կուզեի թեկուզ հպանցիկ անդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքականության երկու գլխավոր խնդիրներին` Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին, ավելի ճիշտ, այդ գործընթացների վերաբերյալ Սերժ Սարգսյանի վերջերս արած հայտարարություններին ու պարզաբանումներին, որոնք լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Այս առումով հատկապես ուշագրավ է ս.թ. հունվարի 27-ին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված նրա հարցազրույցը, որն աչքի է ընկնում մի շարք մտահոգիչ, եթե չասենք, վրդովեցուցիչ պահերով:

Այսպես, խոսելով այն մասին, թե ինչու Ղարաբաղը չի մասնակցում սեփական խնդրի կարգավորման գործընթացին, Սարգսյանն ասում է բառացիորեն հետեւյալը. «Իրականում բանակցությունները վարում է Հայաստանը, որովհետեւ այլ ելք չկա: Ադրբեջանը պարզապես չի ուզում բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հետ»: Սարգսյանը փաստորեն մի կողմից՝ խոստովանում է, որ Հայաստանն այս հարցում ենթարկվել է Ադրբեջանի շանտաժին, մյուս կողմից՝ հարկ չի համարում հիշեցնել, որ ԵԱՀԿ 1994թ. Բուդապեշտյան գագաթաժողովի որոշմամբ Լեռնային Ղարաբաղն օժտված է հակամարտության կողմի լիիրավ մանդատով, որը ոչ մի միջազգային ատյան չեղյալ չի հայտարարել եւ որի իրավազորությունը կախված չէ Ադրբեջանի քմահաճույքից: Այդուհանդերձ, պատահակա՞ն է, արդյոք, հիշողության այս արտառոց կորուստը: Ցավոք, ո՛չ, ինչն այլ բան չի կարող նշանակել, քան այն, որ Սարգսյանն, իր նախորդի օրինակով, ամենեւին մտադիր չէ վերականգնել Ղարաբաղի` որպես հակամարտության սուբյեկտի ու բանակցությունների իրավահավասար մասնակցի կարգավիճակը եւ դրանով էապես ուժեղացնել հայկական կողմի դիրքերը կարգավորման գործընթացում: Սարգսյանի վերոհիշյալ պարզաբանման առնչությամբ դժվար է շրջանցել նաեւ հետեւյալ պարադոքսը. շարունակ խոսելով Ղարաբաղի հարցը ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծելու անհրաժեշտության մասին, նա չի զգում, որ իրականում հենց ինքն է ոտնահարում այդ իրավունքը: Քանի որ, ի՞նչ ինքնորոշման մասին կարող է լինել խոսքը, երբ ինքնորոշվող սուբյեկտը դուրս է դրվում իր ճակատագիրը տնօրինելու կոչված գործընթացից:

Նույն հարցազրույցի մի այլ հատվածում Սերժ Սարգսյանը կրկնում է վերջերս հնչեցրած իր այն սպառնալիքը, որ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման պարագայում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը` այս անգամ նշված միտքն արտահայտելով հետեւյալ կերպ. «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը տեղի կունենա, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի»: Իմ կարծիքով, սակայն, սա ոչ այնքան Ադրբեջանին ուղղված զգուշացում է, որքան ներքին գործածության համար արված հայտարարություն` ի պատասխան Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության բարձրացրած պահանջի: Այն ակնհայտորեն նպատակ է հետապնդում հասարակությանը ներշնչել, որ իբր Հայաստանի վարչախումբը ոչ թե ընդհանրապես դեմ է Ղարաբաղի ճանաչմանը, այլ դրա համար սպասում է հարմարագույն առիթի, ինչպիսին կարող է լինել Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի ճանաչման սպառնալիքին, ապա կարծում եմ, բոլորի համար հասկանալի է, որ դա այն լծակը չէ, որը կարող է կանխել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը: Կան շատ ավելի ազդու եւ արդյունավետ լծակներ, որոնք սարգսյանական վարչախումբը համառորեն անտեսում է: Դրանք են` երկրի ներքաղաքական իրավիճակի առողջացումը, տնտեսության զարգացումը, կոռուպցիայի վերացումը, արտագաղթի դադարեցումը, բանակի մարտունակության բարձրացումը եւ այլն: Չըմբռնել այս իրողություններն ու զբաղվել դատարկ հռետորաբանությամբ, հավասարազոր է հանցավոր անգործության, եթե չասենք, պետական դավաճանության:

Շատ ավելի հրեշավոր է Սարգսյանի հաջորդ միտքը, որը վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը։ «Մենք դեմ ենք պատերազմին,- ասում է նա եւ անմիջապես ավելացնում,- սակայն դա չի նշանակում, թե մենք վախենում ենք պատերազմից: Մենք պետք է պաշտպանվենք, ուրիշ ելք չունենք: Քանի որ, եթե ինչ-որ հրաշքով Ղարաբաղը թեկուզ մեկ ժամով հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա այնտեղ ոչ մի հայ չի մնա: Ի՞նչ տարբերություն, թե ինչպես կկորցնենք Ղարաբաղը»: Հրեշավորը մեջբերված հատվածի վերջին նախադասությունն է` «Ի՞նչ տարբերություն, թե ինչպես կկորցնենք Ղարաբաղը» (ուզում է ասել` պատերազմո՞վ, թե՞ բանակցություններով): Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ Սարգսյանը հոգու խորքում հաշտվել է Ղարաբաղը կորցնելու մտքի հետ, եւ նրա միակ մտահոգությունն այժմ այն է, որ դա գոնե տեղի ունենա հերոսական մարտնչումից հետո` լրացնելու համար հայոց բարոյական հաղթանակների անվերջանալի շարքը եւ ծնունդ տալու հերթական քաղաքական առասպելին, թե «Ի՞նչ կարող էինք անել: Մենք մինչեւ վերջ կատարեցինք մեր սրբազան պարտքը, բայց պարտվեցինք անհավասար կռվում: Աշխարհը մեզ դավաճանեց, մեր դաշնակիցները մեզ լքեցին եւ այլն, եւ այլն»: Սակայն եթե նրան թվում է, թե այս էժան հնարքով կարող է հերթական անգամ մոլորեցնել ժողովրդին ու խուսափել պատասխանատվությունից, նա չարաչար սխալվում է: Ներկա Հայաստանի հասարակությունը 1920-ական թթ. հասարակությունը չէ, որ միամտաբար կուլ տա այդ առասպելը:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը երկար-բարակ անդրադառնում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, սկզբից եւեթ հարկ համարելով նշել հետեւյալը. «Երբ մենք սկսեցինք այդ գործընթացը, այնքան էլ վստահ չէինք, որ հարաբերություններն անպայման կկարգավորվեն, եւ սահմանները կբացվեն»:

Ակնհայտորեն սա պատասխանն է Սարգսյանին հասցեագրված այն հիմնավոր մեղադրանքի, որ ստորագրելով հայ-թուրքական արձանագրություններն ու կասեցնելով դրանց վավերացումը, թուրքերը, փաստորեն, խաբեցին հայերին եւ ստացան իրենց ուզածը: Ինքնարդարացման ողորմելի մի փորձ, որով նա ձգտում է հավատացնել, թե իբր ոչ թե խաբվել է թուրքերից, այլ նախապես իմացել, որ իր նախաձեռնությունը կարող է տապալվել: Սարգսյանը չի նկատում, սակայն, որ այդպիսով ավելի անհարմար վիճակի մեջ է դնում իրեն, այլ կերպ ասած, խույս տալով ջրափոսից, ընկնում է ճահիճը: Ստացվում է, որ «պետական այրի» հավակնություն ունեցող մի անձ կարող է, վտանգի ենթարկելով իր երկիրը, ձեռնարկել մի գործ, վստահ չլինելով, թե ինչ արդյունք է ունենալու այն: Ի՞նչ է սա՝ դիվանագիտական տհասությո՞ւն, քաղաքական արկածախնդրությո՞ւն, թե՞ խաղատնային մարտավարություն (անգլերեն` gamble): Ընտրեք` որն ուզում եք:

Ավելի զավեշտալի է, սակայն, այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալման փաստը Սարգսյանը ոչ թե իր դիվանագիտության ձախողումն է համարում, այլ` որ փորձում է դրանում նույնիսկ դրական արդյունք տեսնել: Իսկ դրականն, ըստ նրա, այն է, որ աշխարհը համոզվեց, որ մեղավորն այդ հարցում ոչ թե Հայաստանն է, այլ Թուրքիան: Կարծես, աշխարհն «Էթիկայի հանձնաժողով» է, որի վճռից կախված է ժողովուրդների ու պետությունների բախտը: Ենթադրենք, սակայն, որ աշխարհն իսկապես համոզվեց, որ մեղավորը Թուրքիան է, ենթադրենք, որ միջազգային հանրությունն ամոթանք տվեց այդ երկրին: Հետո ի՞նչ: Թուրքիան դրանից ի՞նչ վնաս կրեց, եւ եթե կրեց անգամ, մի՞թե բարոյական այդ վնասը լիուլի չի հատուցվում նրա ծանրակշիռ քաղաքական ձեռքբերումներով, այն է` հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հայկական կողմի համաձայնությունը կորզելով եւ կասեցնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ԱՄՆ Կոնգրեսում: Բարոյական վնաս ասվածն էլ, ի դեպ, խիստ կասկածելի է, որովհետեւ որեւէ պետություն կամ միջազգային կազմակերպություն ո՛չ պարսավեց, ո՛չ անարգանքի սյունին գամեց, ո՛չ էլ պատժեց Թուրքիային: Այնպես որ, ո՞վ չէր երազի, որ այդպիսի նշանակալից ձեռքբերումների դիմաց Հայաստանը նույնպես թեկուզ տասնյակ նմանատիպ բարոյական վնասներ կրեր: Քաղաքականության կամ դիվանագիտության մեջ ոչ ոք ապահովագրված չէ սխալներից ու անհաջողություններից: Բայց հայտնվել ծիծաղելի վիճակում, դա արդեն նվաստացուցիչ է թե՛ պետության ղեկավարի, եւ թե՛, մանավանդ, ազգի համար:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի տեսակետից մի անհաշվենկատ հայտարարություն էլ Սերժ Սարգսյանն արել է անցյալ ամիս Կիպրոս կատարած իր պաշտոնական այցի ընթացքում. «Հայերը երբեք չեն վարանել սատարել եղբայր կիպրոսցիներին, ինչո՞ւ չէ` նաեւ պայքարել Կիպրոսի տարածքային ամբողջականության համար: …Հայաստանը երբեք չի ընդունել եւ չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որեւէ փորձ: Մենք երբեք չենք համակերպվել եւ չենք համակերպվելու մեր այս բարեկամ երկրի հյուսիսի գրավման հետ: Մենք ձեզ հետ միասին հիշում ենք Ֆամագուստայի եւ Թուրքիայի գրաված այլ տարածքների մասին: Հիշում ենք, քանի որ չհիշել` կնշանակի հաշտվել ստեղծված իրավիճակի, այս երկրի հանդեպ գործադրված բռնության հետ: Մենք իրերն անվանում ենք իրենց իսկական անուններով, որպեսզի հանցագործությունը չկոծկվի, իսկ Կիպրոսի խնդիրն էլ գտնի իր արդարացի եւ իրավական լուծումը»: Այսպիսով, Սարգսյանը Հայաստանի արտաքին քաղաքականության զինանոց է ներմուծում մի նոր փաստարկ` կիպրական խաղաքարտը, ինչն, իմ կարծիքով, անհաշվենկատ է մի քանի նկատառումներով. ա) Դա նոր բարդություն է ստեղծում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում. բ) Այդ հարաբերությունների բարելավման ուղղությամբ դրական տեղաշարժի արձանագրման պարագայում Հայաստանը հայտնվում է անհարմար վիճակում` ստիպված լինելով հրաժարվել նշված խաղաքարտից. գ) Հայաստանի նման շռայլությունը զարմանալիորեն չի փոխհատուցվում Ղարաբաղի հարցի վերաբերյալ Կիպրոսի կամ Հունաստանի համարժեք հայտարարությամբ: Այս նկատառումները շարադրելուց հետո Սարգսյանի հայտարարությանը տրված գնահատականը գուցե նույնիսկ չափազանց մեղմ կարող է թվալ: Թեեւ մյուս կողմից` չեմ բացառում, որ ես սխալվում եմ, եւ այդ հայտարարությունը շատ էլ հաշվենկատ է, այն էլ՝ բառիս բուն իմաստով, եթե նկատի ունենանք կիպրական բանկերում Հայաստանի բարձրաստիճան պետական պաշտոնյաների ավանդների քաղաքական ապահովագրման անհրաժեշտությունը:

Իսկ այժմ անցնենք Հայաստանի ներկա իրավիճակը բնութագրող սոցիալական բողոքի եւ քաղաքացիական ակտիվության դրսեւորումներին, որոնց առիթը մանր գործարարության եւ անապահով սոցիալական խավերի դեմ իշխանությունների ձեռնարկած հերթական ոտնձգություններն են: Խոսքը վերաբերում է Երեւանի փողոցներում բացօթյա առեւտրի արգելմանը, ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների կրկնակի բարձրացմանը, սոցիալական կենսաթոշակներ բաժանող տեսուչների ինստիտուտի վերացմանը, ավտոմեքենաների պարտադիր ապահովագրմանը եւ Հայաստանի տարածքում վրացական համարանիշներով մեքենաների երթեւեկության սահմանափակմանը: Հասկանալի է, որ այդ միջոցառումների արդյունքում տասնյակ-հազարավոր ընտանիքներ զրկվելու են եկամտի աղբյուրից եւ ստիպված բռնելու արտագաղթի ճամփան, իսկ մյուս կողմից՝ կրկին շահելու են մոնոպոլիաները եւ էլ ավելի աճելու են լայն սպառման ապրանքների գները: Ուստի միանգամայն բնական է երկրով մեկ ծավալված բողոքի ու դժգոհության այն տպավորիչ ալիքը, որը վերջին շաբաթների ընթացքում զգալիորեն մեծացրել է արդեն վաղուց ի վեր Հայաստանում գոյություն ունեցող սոցիալական լարվածությունը:

Բողոքի նմանատիպ ցույցեր տեղի են ունեցել նաեւ անցյալում` կապված, մասնավորապես, Բուզանդի փողոցի բնակիչների տեղահանման, պարզեցված հարկի մասին օրենքի փոփոխության, տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրման, ոսկու շուկայում ծագած խնդիրների, տաքսու վարորդների իրավունքների ոտնահարման հետ եւ այլն: Ցավոք պետք է նշել, սակայն, որ սոցիալական դժգոհության բոլոր այդ արտահայտություններն էլ եղել են տարերային, իրարից անջատ` չհանգեցնելով աշխատավորների համերաշխության լուրջ դրսեւորումների, մասնավորապես, արհեստակցական միությունների ձեւավորման:

Դրա պատճառը, սակայն, պետք է փնտրել ոչ այնքան նրանց անփորձության ու մասնատվածության, որքան անկախ դատարանների բացակայության մեջ, որովհետեւ չի կարող լինել ուժեղ արհեստակցական շարժում, եթե չկա անկախ դատարան: Բողոքի տարերային ցույցերի կազմակերպիչներին ու մասնակիցներին խանգարել է նաեւ այն հանգամանքը, որ նրանք համառորեն խուսափել են քաղաքականացնել խնդիրը` կարծելով, թե այդ կերպ ավելի հեշտությամբ կհասնեն իրենց ոտնահարված իրավունքների վերականգնմանը: Սա ցավալի մոլորություն է, որովհետեւ գաղտնիք չէ, որ ցանկացած սոցիալական շարժում վերջիվերջո վերածվում է քաղաքական գործոնի, որը ժողովրդավարական երկրներում դրսեւորվում է ընտրությունների արդյունքների, իսկ բռնապետական երկրներում` հեղափոխությունների տեսքով:

Ինչեւէ, սոցիալական շարժման նշված թուլությունները հմտորեն օգտագործելու շնորհիվ, իշխանություններին հաջողվել է` մերթ չնչին զիջումների, մերթ բողոքավորների մի մասի պահանջները բավարարելու, մերթ էլ ակտիվիստներից ոմանց ահաբեկելու միջոցով առանձին-առանձին մարել դժգոհությունների մինչ այժմ ծագած գրեթե բոլոր ալիքները: Դրանով հանդերձ, ամենեւին չպետք է թերագնահատել, թեկուզ առայժմ անարդյունավետ թվացող, թեկուզ տարերային, թեկուզ մասնատված բողոքի այդ ալիքների արժեքը: Դա քաղաքացիական հասարակության ձեւավորման այն անհրաժեշտ դպրոցն է, որը կամա թե ակամա հարկադրված է անցնել ցանկացած ժողովուրդ: Դրանց շնորհիվ է, որ երկրի քաղաքական կյանքին աստիճանաբար մասնակից են դառնում հասարակության նորանոր շերտեր: Այնպես որ, չպետք է հուսալքվել ու կարծել, որ եթե իշխանություններին մինչ այժմ հաջողվել է այս կամ այն կերպ չեզոքացնել ժողովրդի սոցիալական դժգոհությունների արտահայտությունները, այսուհետեւ էլ դա նրանց կհաջողվի: Բողոքի մերթընդմերթ ծագող ալիքներն այն կաթիլներն են, որոնցով մի օր լցվելու է ժողովրդի համբերության բաժակը, ինչի դեմ իշխանությունն անզոր է գտնվելու: Նույնիսկ այսօր էլ իշխանություններն ամենազոր ու ամենակարող չեն, ինչի ապացույցն է այն, որ նրանք, հասարակական կարծիքի ճնշման տակ, բազմիցս ստիպված են եղել փոխել իրենց մտադրությունները եւ ընդառաջել ժողովրդի տարբեր խավերի, մամուլի, իրավապաշտպան կազմակերպությունների պահանջներին: Հիշենք, թեկուզ, պարզեցված հարկի մասին օրենքի վերացումից հրաժարվելու, Խալաֆյանի, սադիստ սպայի, մանկապիղծ ուսուցչի գործերը կոծկել չկարողանալու, «Կինո Մոսկվայի» ամառային դահլիճի քանդման որոշումը կասեցնելու փաստերը: Սրանք արտաքուստ մանր հաջողություններ կարող են թվալ, բայց ներքուստ քաղաքացիական հասարակության հասունացման հսկայական լիցք են պարունակում:

Սոցիալական բողոքի անցյալի ալիքներից ավելի հուժկու եւ վճռական են թվում դրա այսօրվա դրսեւորումները` փողոցային առեւտրի արգելման, ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների բարձրացման եւ վրացական համարանիշներով մեքենաների խնդրի հետ կապված ցույցերը: Դա բացատրվում է նախ` նրանով, որ նշված չարաբաստիկ միջոցառումներն անհամեմատ ավելի շատ մարդկանց շահեր են շոշափում, եւ երկրորդ` այն հանգամանքով, որ երկիրն այսօր գտնվում է սոցիալ-տնտեսական ավելի վատ վիճակում, քան երկու-երեք տարի առաջ: Դրանով հանդերձ, այս ցույցերի հաջողությունն, ինչպես անցյալում, կախված է նրանից, թե դրանց կազմակերպիչները որքանով են պատրաստ դուրս գալ սոցիալական պահանջների նեղ շրջանակից եւ քաղաքականացնել խնդիրը` գիտակցելով, վերջապես, որ քանի դեռ ներկա իշխանություններն ասպարեզից չեն հեռացել, Հայաստանում ոչ մի դրական փոփոխություն չի կարող տեղի ունենալ: Ընդհակառակը, վիճակը գնալով ավելի վատթարանալու է, որովհետեւ վարչախումբը ժողովրդի իսպառ թշվառացման գնով անվերջ հարստանալու իր գիշատիչ քաղաքականությունից հրաժարվելու որեւէ մտադրություն չունի: Այսպես շարունակվելու դեպքում, մանր ու միջին գործարարության դասը, որպես այդպիսին, պարզապես վերանալու է, եւ երկրի ողջ հարստությունը հայտնվելու է ավազակաբարո բարձրագույն պետական պաշտոնյաների ու մի քանի տասնյակ մոնոպոլիստների ձեռքում, ինչի անխուսափելի հետեւանքն է լինելու Հայաստանի ու Ղարաբաղի լիակատար մարդաթափումը: Հայ Ազգային կոնգրեսն ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է, որ պատրաստ է թե՛ իրավական, թե՛ խորհրդատվական, եւ թե՛ կազմակերպական աջակցություն ցուցաբերել արդարացի պահանջների վրա հիմնված քաղաքացիական բոլոր նախաձեռնություններին, եւ կախված դրանց պատասխանատուների դրական արձագանքից, անմիջապես լծվել այդ գործին:

Ես ամենեւին չեմ կասկածում, որ համաժողովրդական խաղաղ ցույցերի միջոցով ատելի բռնապետական ռեժիմներից ազատվելու` Կիրգիզստանում, Թունիսում, Եգիպտոսում, Ալժիրում, Եմենում եւ այլուր սկիզբ առած ու ներկայումս ընթացող շքահանդեսը վաղ թե ուշ հասնելու է նաեւ մեզ, որովհետեւ մեր ժողովրդի վիճակն ավելի բարվոք չէ, քան այդ երկրների ժողովուրդների վիճակը, իսկ Հայաստանի վարչախումբն էլ պակաս բռնապետական ու ատելի չէ, քան այդ երկրների վարչախմբերը: Թեեւ Հայ Ազգային կոնգրեսին միշտ էլ կաշկանդել ու լուրջ մտավախություն է պատճառել Հայաստանի ներքին ցնցումների պարագայում Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը, բայց հուսահատության եզրին հասցված ժողովուրդն, այլեւս կորցնելու բան չունենալով, մի օր կարող է, կոպիտ ասած, թքել թե՛ Կոնգրեսի կարծիքի, եւ թե՛ նույնիսկ Ղարաբաղի վրա: Իշխանությունները չեն կարող անվերջ շահարկել Ղարաբաղի հարցը, եւ Հայաստանի ներքին խնդիրների լուծումը հավերժ ստորադասել դրան: Չպետք է անտեսել նաեւ այն էական հանգամանքը, որ Կիրգիզստանի, Թունիսի եւ Եգիպտոսի իրադարձությունները ոչ թե հրահրված կամ կազմակերպված էին ընդդիմադիր ուժերի կողմից, այլ հետեւանք էին տարերային սոցիալական դժգոհությունների, որոնք կարճ ժամանակի ընթացքում վերածվեցին անկասելի քաղաքական ըմբոստության: Եթե իշխանությունները ճիշտ եզրակացություններ չանեն այդ ուսանելի իրադարձություններից, ապա վաղ թե ուշ նույնը տեղի է ունենալու նաեւ Հայաստանում, ինչի ողջ պատասխանատվությունն ընկնելու է Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած ավազակապետական վարչախմբի վրա: Անցանկալի զարգացումներից խուսափելու միակ միջոցն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են, որոնք արդեն, քաղաքական անհրաժեշտությունից առավել, վերածվել են ազգի ու պետության գոյության խնդրի: Իրավիճակն արմատապես վերափոխելուն ուղղված կոնկրետ գործեր ձեռնարկելու փոխարեն, վարչախումբն իրեն հանգստացնում է «Հայաստանում սոցիալական բունտ չի լինի» հանգերգով: Սակայն, ի դժբախտություն այդպես կարծողների, սոցիալական բունտ կոչվածն, ինչպես ասում են, գեշ խասյաթ ունի. այն տեսանելի է դառնում միայն տեղի ունենալուց հետո: Սոցիալական պայթյունի օրն, ըստ այդմ, նույնքան ծածուկ ու անակնկալ է, որքան Ահեղ դատաստանի օրը, իսկ Սերժ Սարգսյանի մուբարաքացումն ընդամենը ժամանակի հարց է: