«Իշխող կոալիցիայի կողմից համագործակցության փաստաթուղթն առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները կեղծելու մասին է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: «Անկեղծ ասած, զարմացա, որ կարելի է նման մի տեքստ ստորագրել, որը, բացի այն, որ ամոթալի է երկրի համար, ամոթալի պետք է լինի նաեւ այն ստորագրողների համար»,- ասել է նա` տարակուսանք հայտնելով, թե նման մտածողությամբ այսօր իշխանությունը պայքարում է կոռուպցիայի եւ մի շարք այլ երեւույթների դեմ: «Սա կոռուպցիայի ամենամեծ փաստն է, բաժան-բաժան անել աթոռները` առանց հաշվի առնելու, թե երկու տարի հետո ինչ է ասելու ժողովուրդը: Ավելի պարկեշտ կլիներ, որ կոալիցիոն կուսակցությունները համագումար հրավիրեին եւ հայտարարեին մեկ կուսակցություն դառնալու մասին: Այն, որ քաղաքական կուսակցությունը հայտարարում է, թե ինքը չի ձգտում իշխանության կամ չունի թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում, ոչ միայն բանականությունից է դուրս, այլ քաղաքական կյանքի կազմակերպման եւ քաղաքագիտության դասական ճշմարտություններին ուղղակի դեմ ինչ-որ բան է»,- ասել է Քոչարյանը: Իսկ կոալիցիայի թարմացված հուշագիրը Սաֆարյանը գնահատել է հետեւյալ կերպ. «Մեծից փոքր հարաբերակցությունը պահելու ենք, ինչքան չափով` սա արդեն բազարի խնդիր է, մի աթոռ ավել, պակաս եւ այլն: Եթե ժամանակը ցույց տա, որ կարելի է, օրինակ, «Ժառանգությունից», ՀԱԿ-ից եւ մյուսներից տեղեր գողանալ, ապա ուրիշների հաշվին կարելի է կշիռ ավելացնել, բայց միմյանց հաշվին կշիռ չենք փոխելու»: